Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․04․20 (թարմացվող)
23:40 - 01 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․04․20 (թարմացվող)

21:00- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում: Կառավարությունը կկարողանա կոորդինացնել արտակարգ դրության ժամանակ կանխարգելման և արձագանքման միասնական համակարգի աշխատանքը:
Նաև, նախարարների կաբինետն իրավունք կստանա սահմանափակել բժշկական սարքավորումների առևտուրը, ներմուծել հատուկ ընթացակարգ`պատերազմական պայմաններում օգտագործման համար նախատեսված բժշկական սարքավորումների հաշվառման և շրջանառության համար: |ria.ru||armenpress.am|


20:41- Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում  ավելացել է 727-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 13 հազար 155-ի: Այդ մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին: «Արդեն այսօրվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 80 հազար 572-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 2 հազար 937-ով»,- ասել է Բորելլին: |armenpress.am|


20:38- Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչ Լաուն-թենիսի եւ կրոկետի համաանգլիական ակումբը հայտարարել է այս տարի մրցաշարը չեղարկելու մասին։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ 1945 թվականից հետո սա Ուիմբլդոնի մրցաշարի առաջին չեղարկումն է։ Ակումբը նշում է, որ Ուիմբլդոնի 134-րդ մրցաշարը կանցկացվի 2021թ․ հունիսի 28-ից հուլիսի 11-ը։ Այս տարի մրցաշարի մեկնարկը նախատեսված էր հունիսի 29-ին։ |news.am|


20:30- Սերբիայում կորոնավիրուսից կառավարության անդամ է մահացել։ Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության պետական քարտուղար, 63-ամյա Բրանիսլավ Բլաժիչը մի քանի օր առաջ հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտանշաններով, հայտնել է Հանրային առողջապահության ինստիուտի փոխտնօրեն Դարյա Կիշիչ Տեպավչևիչը։ |usenews.com|


19:57- «Slayer»-ի կիթառահար Գերի Հոլթի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: «Slayer»-ի և «Exodus»-ի կիթարահարն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել, իսկ ավելի ուշ նշել, որ պատասխանը դրական է: Նրա կնոջ՝ Լիզայի թեստը բացասական էր: Երաժիշտը բժշկական թեստի մասին գրառումը հեռացրել է սոցցանցից: Նա նաև գրել է, որ իրեն հիանալի է զգում և պատրաստվում է տանը շարունակել փորձերը: Վարակվելուց առաջ Գերի Հոլթը հյուրախաղերի էր մեկնել Եվրոպա: |nme.com||aysor.am|


18:33- Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102 136-ի: Մեկ օրում արձանագրվել է հիվանդությունից մահացության ամենամեծ ցուցանիշը:
Ըստ չորեքշաբթի հրապարակված տվյալների՝ վերջին 24 ժամում 864 մարդ է մահացել Իսպանիայում՝ մահվան ընդհանուր դեպքերը հասցնելով 9053-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 70 436 մարդ: |CNN|


15։30- Երգիչուհի Ռիհաննայի Clara Lionel  ու ռեփ-կատարող  Jay-Z-ի Shawn Carter հիմնադրամները 2 միլիոն դոլարի նվիրատվություն են կատարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ |claralionelfoundation.org|

 

15։27- Վրաստանում կորոնավիրուսով վարակված 23 մարդ բուժվել է: Տեղեկությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge: Կարանտինում կա 5783 անձ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 301 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի 115 հաստատված դեպք կա: |aliq.ge|

 

15։22- Կորոնավիրուսի վարակի բռնկումը աշխարհի համար ամենամեծ մարտահրավերն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը։ Նրա խոսքերով՝ վիրուսի դեմ իրականացվող միջոցառումների պատճառով ի հայտ եկած տնտեսական հետևանքները կարող են հանգեցնել աննախադեպ հետընթացի։ |bbc.com|

 

14։51- ԵՏՀ կոլեգիայի նիստի ժամանակ, որոշում է ընդնունվել ներդրնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիիրառվող միջոցառումների «երկրորդ փաթեթը», որը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկներից արտահանվող սննդամթերքի առանձին տեսակների վրա արգելք կիրառել։ Այդ ցանկում են սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ձավարը, կոպիտ աղացած ալյուրը, հացահատիկային հատիկները, կեղևավորված հնդկացորենի հատիկները, հնդկաձավարից ստացած այլ պատրաստի սննդամթերք, մանրացված և չմանրացված սոյայի և արևածաղկի սերմերը։ Այս սննդամթերքի արտահանումն արգելվում է մինչև հունիսի 30-ը։ |hetq.am|

 

14։40- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ է մահացել։ Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 440 նոր դեպք: Այսպիսով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 2777-ի, (1880-ը` Մոսկվայում), 24 մարդ մահացել է, 190-ը` բուժվել: |tert.am|

 

11։43- Մարտի վերջին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում չեղարկվել է երկու ամիս առաջ հայտարարված կարանտինային ռեժիմը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ այստեղ վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Քաղաքում արդեն աշխատանքն են վերսկսել ձեռնարկությունների մեծ մասն ու քաղաքային տրանսպորտը: Ապրիլի 8-ից ամբողջովին կչեղարկվեն այլ բնակավայրերի հետ հաղորդակցության արգելքները: |tert.am|

 

11:26- Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն երեկ հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով ազատ է արձակվել 900 բանտարկյալ։ |thehill.com|

 

11:19- Ես ուզում եմ, որ ամերիկացիները պատրաստ լինեն առաջիկայում սպասվող ծանր օրերին։ Մենք առջևում ունենք շատ ծանր 2 շաբաթ, և ես հույս ունեմ, որ, ինչպես փորձագետներն ու մեզնից շատերն են կանխատեսում, երկար ուսումնասիրություններից հետո վերջապես թունելի վերջում լույս է լինելու։ Սակայն այս 2 շաբաթը կլինի շատ ցավալի։ [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ] |bloomberg.com|

 

11:12- ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացել է Պետդեպարտամենտի պաշտոնյա։ Խոսքը Նյու Ջերսիի Ազգային գվարդիայի ներկայացուցչի մասին է, որը հոսպիտալացվել էր մարտի 21-ին։ Նա մահացել է շաբաթ օրը՝ մարտի 28-ին։ |cnbc.com|

 

11:04-  Մեծ Բրիտանիայի կառավարության քարտուղարության նախարար Մայքլ Գովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ երկրում կորոնավիրուսից մահացությունների թվի աճը, որը կազմում է 27%, խիստ շոկային է և անհանգստացնող՝ ավելացնեոլվ, որ անհնար է կանխատեսել, թե մահացությունների թիվը երբ կհասնի գագաթնակետին։ Ըստ կառավարության տվյալների՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 1 789 մարդ։ |uk.reuters.com|

 

10:58- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178 հազար 335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի: |armenpress.am|

 

10։19- Թուրքիայում մարտի 31-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է ևս 46 մարդ։ Այս տեղեկությունը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում իրականացված 15․422 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․704 նոր դեպք։ 847 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Համավարակից ապաքինվել է 243 հիվանդ։ Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 13․ 531 հաստատված դեպք և մահվան 214 դեպք: |ermenihaber.am|

 

09:55- ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի։ Այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։ Վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 188 578, ապաքինվածներինը՝ 7 251։ ԱՄՆ-ն այս ցուցանիշով առաջինն է աշխարհում, մինչդեռ մահերի թվով նրանց գերազանցում են Իտալիան և Իսպանիան: |tert.am|

 

09:18- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում փախստականների, գաղթականների ու տարհանված անձնաց անվտանգության ու առողջության համար անհամաատասխան պայմանների մասին, քանի որ վերջիններս, ապրելով սանիտարական նորմերի ու բժշկական օգնության բացակայության պայմաններում, առավել խոցելի են հիվանդության համար։ |who.int|

 

09:02- Մարդիկ, որոնք չունեն մշտական եկամուտ կամ որևէ ֆինանսկան բարձիկ, կարիք ունեն այնպիսի սոցիալական քաղաքականության, որը կապահովի նրանց արժանապատվությունն ու հնարավորություն կտա պայքարելու կորոնավիրուսի դեմ։ Ես մեծացել եմ աղքատության մեջ և հասկանում եմ այս իրականությունը։ Կոչ եմ անում երկրներին մշակել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի տնտեսական պաշտպանություն այն անձանց համար, որոնք չեն կարող գումար վաստակել կամ աշխատել կորոնավիրուսի պայմաններում։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել