Որպես քաղաքական համակարգի փոփոխության գործիքներից մեկը տեսնում եմ «Կուսակցությունների մասին» նոր օրենքը․ Սուրեն Սահակյան
13:16 - 24 մայիսի, 2019

Որպես քաղաքական համակարգի փոփոխության գործիքներից մեկը տեսնում եմ «Կուսակցությունների մասին» նոր օրենքը․ Սուրեն Սահակյան

Շուրջ 25 տարի է, ինչ մեր հանրությունը փորձում է իր հարաբերությունները կարգավորել երկրի հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ։ Հետ նայենք և ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք հռչակված նպատակները իրականությու՞ն են դարձել։ Արդյոք մենք կարողացա՞նք իրար հետ գալ թեկուզ նվազագույն պայմանավորվածությունների։ Իհարկե, ո՛չ։ Այս մասին ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ԱԺ-ում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նա ավելացրեց․ «Այլապես մեզ մոտ ընտրությունները չէին կեղծվի, Սերժն ի սկզբանե կմերժվեր, և գուցե միայն փորձագիտական շրջանակներն իմանային, թե ինչ է նշանակում անցումային արդարադատությունը»։

Սահակյանը նշեց, որ անցումային արդարադատությունը մարդկանց անցումներում դատելը չէ, ինչպես փորձում են ներկայացնել նախկին քաղաքական համակարգի որոշ ներկայացուցիչներ։ Այն համերաշխության, համակարգային փոփոխությունների մասին է։

«Որպես համակարգային այդպիսի մեծ փոփոխությունների մաս եմ տեսնում քաղաքական համակարգի փոփոխությունը։ Եվ որպես դրա գործիքներից մեկը՝ «կուսակցությունների մասին» նոր օրենքը։ Շատ քիչ բացառություններով՝ կուսակցությունները հանդիսացել են առաջնորդի շահերը սպասարկող կառույցներ, իսկ կուսակցականները՝ առաջնորդի հաջողության դեպքում՝ իրենց նեղ անձնական, տնտեսական հարցերը կարգավորելու խնդրի շուրջ միավորված քաղաքացիների խմբեր։ Այսպիսի խմբերում գաղափարախոսություններն անցել են երկրորդ պլան։ Կուսակցության ընտրության չափորոշիչ է դարձել դրանում ներկայացված անհատների քանակը, տնտեսության վրա ունեցած լծակներն ու դրանց ազդեցության աստիճանը»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ այդպիսի կուսակցությունները համալրվում էին որևէ գաղափարաբանության ու կուսակցական ծրագրերի հետ ոչ մի առնչություն չունեցող, անսկզբունք անհատներով։

«Արդյո՞ք այսպիսի արժեքներով առաջնորդվող կուսակցությունները կարող էին առողջ քաղաքական համակարգ ստեղծել։ Ընտրությունների վստահելի մեխանիզմների բացակայությամբ պայմանավորված, քաղաքականությունը դադարել էր լինել քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու, տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված գործունեության, այլ վերածվել էր տնտեսական կլանների համար քաղաքական տանիքների ստեղծման և դրանց միջև լոկալ պատերազմների այնպիսի միջավայրի, որտեղ կարելի էր մտնել միայն հատուկ համազգեստով զինված, որպեսզի մինչև հոգու խորքը չաղտոտվես»,- նշեց Սուրեն Սահակյանը։

Նրա խոսքերով՝ ժողովրդավարության բացակայությունը, ֆինանսավորման աղբյուրների գաղտնիության պահպանման հնարավորությունները, որոշումների կայացման գաղտնի բնույթը ստեղծել են պայմաններ, երբ կուսակցությունները կորցրել են իրենց սոցիալական գործառույթը։ «Քաղաքականություն ու քաղաքական գործիչ տերմինները դարձել են ինքնին դատապարտելի երևույթներ։ Գործող բարքերը, քաղաքական մտածողության այս աստիճանը կարող է ցանկացած հանրության բարոյապես քայքայել, նրան գցել հուսահատության գիրկը»,- նշեց ՔՈ ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղարը։

Նա շեշտեց, որ պետք է փոխել իրերի այս դրությունը՝ ավելացնելով, որ դա ոչ միայն քաղաքական և օրենսդրական փոփոխություններ է ենթադրում, այլև հանրային նոր հարաբերություններ, ժողովրդավարական արժեքների ու ավանդույթների սերմանում, քաղաքական մտքի վերափոխում։

«Պետք է ընդունել, որ այո՛, կան այսպիսի երևույթներ, բայց մենք հաստատակամ ենք այլ կերպ ապրել և մենք այս հարցում ևս պետք է համերաշխության հասնենք։ Կուսակցությունները պետք է դառնան ավելի ժողովրդավար, որոշումների կայացման առումով ավելի թափանցիկ, ավելի կանխատեսելի, ավելի գաղափարական, իսկ քաղաքականություն պետք է հնարավոր լինի մտնել սպիտակ ձեռնոցներով՝ առանց դրանք կեղտոտելու համար վախի»,- ասաց Սուրեն Սահակյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել