|armtimes.com|:  Ապրիլի 1-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը: Արդեն մի քանի օր է անցել ազատումից, սակայն Այվազյանը տեղյակ չէ իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին:

Հայկ Այվազյանը հայտնել է, որ իր ազատման հետ կապված միայն կարող է ենթադրություններ անել, քանի որ իրեն որևէ պատճառ չեն ներկայացրել: Մինչ այդ Այվազյանի ազատվելու մասին ոչ մի խոսակցություն կամ ակնարկ չի եղել:

«Պաշտոնապես ոչ ոք իմ ղեկավարությունից կամ գոնե ղեկավարության անունից չեն հայտնել, թե ինչի հիման վրա են ինձ ազատել աշխատանքից»- ասել է Այվազյանը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Այվազյանի ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած տարաձայնություններն են:

Այվազյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ինքը կոնֆլիկտ է ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ. «Եթե կոնֆլիկտ եղել է, ապա այն գործնականի հետ կապ չի ունեցել: Ցավոք, կառավարության համար շատ լուրջ խնդիր է, որ մարդիկ գործնականը իրենց անձնականի հետ են կապում»:

Հարցին, թե ինչ կոնֆլիկտի մասին է խոսքը, Այվազյանը մանրամասնել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից եղել է հանձնարարական, որն իր լիազորությունների շրջանակներում չի եղել: «Մենք ըստ պատշաճի, գրավոր պատասխանել ենք, որ դիմեն համապատասխան ստորաբաժանում, քանի որ հնարավորություն չունենք հանձնարարականը կատարելու: Բայց որ դրանից հետո մի քանի անգամ գրագրություն է եղել, դա այդպես չի, հանձնարարականը եղել է, մենք պատասխանել ենք ու դրանից հետո մեզ ոչ ոք չի ասել` ինչու՞ չեք պատասխանել: Ես ընդամենը կարող եմ ենթադրություններ անել և ասել, որ դա կարող է լինել հնարավոր պատճառներից մեկը»,-ասել է Հայկ Այվազյանը՝ նշելով, որ դա միայն վարկածն է, որ կարող է ենթադրել, եւ իրեն ոչ ոք ոչինչ չի ասել:

Այվազյանը նաև հաստատել է այն տարածված տեղեկությունները, որ իր ազատումից մի քանի օր առաջ Աղաջանյանն իր տեղակալի միջոցով հայտնել է, որ չի ցանկանում իր հետ աշխատել: «Աղաջանյանն իր տեղակալի միջոցով հայտնել է, որ չի ցանկանում այլևս ինձ հետ աշխատել: Ես էլ ասել եմ, որ դա ինձ համար անհասկանալի մեթոդ է ու ընդհանրապես չեմ հասկանում իմ հետ աշխատել-չաշխատելու ձևը: Եթե պարոն Աղաջանյանը չէր ցանկանում ինձ հետ աշխատել, կարող էր գեթ 1 անգամ ինձ հետ քննարկել կամ գոնե մեկ փաստաթուղթ ցույց տալ, որ ես լավ չեմ կատարել իմ պարտականությունները»,-ասել է Այվազյանը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման ընթացքում բողոքներ ու դժգոհություններ չեն եղել:

Այվազյանը չի բացառել, որ իր ազատումը հնարավոր է նախապես պլանավորված է եղել, քանի որ վերջինիս ազատման հենց նույն օրը նոր ղեկավար է նշանակվել: «Հույս ունեմ, որ իմ ազատումը նախապես պլանավորած է եղել, այլապես ինձ թույլ կտամ ասել, որ մեր երկրում անկառավարելի բաներ են տեղի ունենում: Պայքարելու եմ ճշմարտությունը հասցնել տեղ, որ վարչապետը իմանա, թե ինչ է կատարվում ներսում, և վերջիվերջո հասկանամ իմ ազատման պատճառները»,-  ասել է Տեսչական մարմնի գրասենյակի նախկին ղեկավարը: