Պուտինը Մակրոնի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին |azatutyun.am|
08:24 - 20 օգոստոսի, 2019

Պուտինը Մակրոնի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետևել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Ելիսեյան պալատի ղեկավարը այդկերպ արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե «Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բռնություններով»:

«Իսկապես, բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ են ստացել, և ես շատ մտահոգ եմ այդ իրավիճակով: Բայց, այդուհանդերձ, Ֆրանսիան միշտ հետևել է ոչ միայն իր Սահմանադրությանը, այլ նաև մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիաներին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Պուտինը, պատասխանելով Մակրոնի խոսքերին, առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին: «Քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ, գործող օրենսդրության շրջանակներում բողոքի ակցիաների, իսկ իշխանությունները պետք է ապահովեն այդ իրավունքների իրականացումը:

Սակայն ոչ ոք՝ ոչ իշխանությունները, ոչ էլ ինչ-որ քաղաքացիների խմբեր, իրավունք չունի խախտել գործող օրենքը և իրավիճակը հասցնել անհեթեթության կամ բախումների իշխանությունների հետ: Դա օրենքի խախտում է, և նրանք, ովքեր մեղավոր են այդ խախտումներում, պետք է պատասխանատվության ենթարկվեն ռուսաստանյան նույն օրենքներին համապատասխան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Խոսելով ընտրություններին 57 ընդդիմադիր թեկնածուների չգրանցման մասին՝ Պուտինը պնդել է, որ նրանք հեռացվել են «ընտրական օրենսդրության ակնհայտ խախտումների պատճառով»:

Կրեմլի ղեկավարը Ֆրանսիայում է նախագահ Մակրոնի հրավերով: Ելիսեյան պալատի ղեկավարը երեկ Պուտինին ընդունել է իր ամառային նստավայրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել