shantnews.am:  Շիրակի մարզպետարանը դիմել է կառավարություն սերմացուի աջակցության խնդրով։ Այս մասին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Հացահատիկի սերմացուի խնդիրն առաջացել է Շիրակի մարզում 2019-ի կարկտահարությունների հետևանքով։


9555 հեկտար ցանքեր են կարկտահարվել, մեծ մասը հացահատիկի դաշտերն են։ Ֆերմերային տնտեսությունները, որոնք սերմարտադրությամբ էին զբաղվում, պահանջարկը չեն կարողանա ապահովել։ Իսկ սա վտանգում է Շիրակի մարզում գարնանացանի աշխատանքները։

«Մեր պրոբլեմը գարնանացանն է։ Եթե չկարողանանք 7-8 հազար հեկտարը, որ պակաս աշնանացան ենք կատարել, փոխարինել գարնանացանով, վատ վիճակ կլինի մեր մարզում։ Շիրակի մարզպետի հանձնարարականով նամակ ենք ուղարկել կառավարություն, որպեսզի դիտարկեն, սերմացուի տրամադրման հետ կապված հարցի լուծում առաջարկեն։ Այս խնդիրը շատ արագ պետք է դրվի կառավարության առաջ, որ հնարավորության սահմաններում լուծում տան։ Խնդրի լուծումը վստահորեն կարող եմ ասել, որ օդի ու ջրի պես պետք է Շիրակի մարզին։ Եթե աջակցություն չեղավ, գարնանացանի ծավալների կտրուկ նվազում կունենանք»,- ասել է Մովսես Մանուկյանը։

 

Շիրակի մարզում 2019-ի կարկտահարությունների վնասը գնահատվել է 4.5 մլրդ դրամ։ Կառավարությունը փոխհատուցում է 50 % և ավելի վնասված ցանքերի համար։ 1 հեկտար ցորենի համար փոխհատուցման չափը կազմում է 30 հազար դրամ, բանջարեղենի դեպքում՝ կրած վնասի 4 %-ը , իսկ այգիների դեպքում՝ վնասի 5%-ը։