Սևանի սիգը՝ դեպի Ռուսաստան ու ԱՄՆ. ովքե՞ր են զբաղվում արգելված բիզնեսով |fip.am|
13:17 - 15 հուլիսի, 2019

Սևանի սիգը՝ դեպի Ռուսաստան ու ԱՄՆ. ովքե՞ր են զբաղվում արգելված բիզնեսով |fip.am|

fip.am։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով Սևանի խնդիրների, լճում սիգի ապօրինի որսի ու տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ ստվերային բիզնեսի մասին։

«Այս տարվա հունվարի վերջին «Սևան» ազգային պարկում պատրաստվում էինք իրականացնել տեսչական ստուգում՝ տասնյակ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել սիգի ապօրինի որսի կապակցությամբ, քանի որ այդ օրերին շուկաները վխտում էին այդ ձկնատեսակով, մինչդեռ սիգի արդյունագործական որսն առհասարակ արգելված է»,- գրել էր Գրիգորյանը՝ նաև լուսանկարներ կցելով սուպերմարկետներում և խանութներում ներկայում վաճառվող սիգի պահածոներից ու դրա մակնշումներից։

Բնապահպանության նախարարի հրամանով 2006 թվականից Սևանա լճում սիգի որսն արգելված է: Մինչդեռ Հայաստանում պահածոյացված սիգի արտադրությունը չի սահմանափակվում միայն հայկական շուկայում սպառմամբ։ Սիգի պահածոները լայնորեն արտահանվում են Ռուսաստանից մինչև ԱՄՆ։ Տեղի ընկերությունները մի քանի խողովակով այն հասցնում են արտերկրի շուկաներ։

Վլադիմիր Գասպարյանի զոքանչի սիգի բիզնեսը. սիգով դեպի ԱՄՆ

Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից է «Գալիլիա» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիրն ու միանձնյա բաժնետերը 2014-ից եղել է Հեղուշ Գալստյանը։ Վերջինս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է։ 2018-ի հունիսին Հեղուշ Գալստյանն իր ունեցած բաժնեմասերի 40 տոկոսն օտարել է Անահիտ Մնացականյան անունով անձին։

Վերջերս՝ հուլիսի 4-ին, ընկերության տնօրեն է դարձել Գարուշ Առաքելյանը։ Ուշագրավ է, որ 2014-2017 թթ. «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահե Գուլանյանը։ Նա ներկայում «Սևան ազգային պարկի» տնօրենն է։ 2017-ի փետրվարի 11-ին Գուլանյանը Para TV-ի եթերում հայտարարում էր․ «Բարդ է պայքարել ձկնագողության դեմ, երբ դրանով մարդիկ հացի խնդիր են լուծում»։

 

 

Զարմանալի զուգադիպությամբ «Գալիլիա» ընկերության ֆեյսբուքյան էջի թարմացումներին ուշադիր հետևում են Վլադիմիր Գասպարյանի որդին ու դուստրերը։

Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարների համաձայն՝ «Գալիլիայի» արտադրած պահածոյացված սիգն արտահանվում է նաև ԱՄՆ՝ AGA SEVEN SEAS inc ընկերության միջոցով։ Ըստ բաց աղբյուրների, այս ընկերությունը հիմնվել է 2014-ին Լոս Անջելեսի 7325 Greenbush ave. North Hollywood հասցեում։ Որպես գրանցող գործակալ հանդես է եկել Grayr Agadzhanian (Հրայր Աղաջանյան) անունով անձը։

Աղաջանյանը ժամանակին ունեցել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություն նաև Հայաստանում։ «Ռոյալ Սոյ Կավիար» անունը կրող ընկերությունը, որը հիմնվել է 2004-ին, ներկայում գործունեությունը դադարեցրել է։ AGA SEVEN SEAS-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերության արտադրանքը մեծամասամբ ներառում է ռուսական խավիար, ապխտած ու կիսաապխտած ձկան տարբեր տեսակներ։

Սիգի պահածոներ՝ Նորամարգից դեպի Ռուսաստան

Սևանի սիգի պահածոներ արտադրող մյուս ընկերությունը «էկո ֆուդն» է, որը ստեղծվել է 2012 թվականին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն, ընկերության միանձնյա բաժնետերը Արսեն Մովսիսյանն է։ «Էկո ֆուդի» կայքից տեղեկանում ենք, որ պահածոների արտադրության իրենց պատմությունը սկսվել է 1997 թվականից, ապա ընդլայնվել են, ու 2012-ին ստեղծվել է «Էկո ֆուդը», որն ունի ձկնաբուծարաններ։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է Արարատի մարզի Նորամարգ համայնքում։

Համայնքապետ Արման Թադևոսյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ ձկնաբուծարանից, դրա հիմնադիրներից ու ղեկավարներից տեղեկություններ չունի։ Միևնույն ժամանակ, Թադևոսյանի խոսքով, համայնքին ունեցած հարկերն ու տուրքերը «Էկո ֆուդի» կողմից պատշաճ վճարվում են։ Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ «Էկո ֆուդը» սիգի պահածոն արտադրում է «Սիս նատուրալ» ընկերության պատվերով, իսկ պահածոյացված սիգի ռուսաստանյան ներկայացուցիչն ու ներմուծողը ռուսական խոշոր «Լենտա» ընկերությունն է։

Մեկ այլ դեպքում «Էկո ֆուդի» ռուսաստանյան գործընկերը Джиклаб անունով ընկերությունն է, որի բաժնետերն ու տնօրենն Արթուր Ավետիսովն է։ Այս ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեն տանում է դեպի մեկ այլ ռուսական ծագմամբ ընկերություն՝ ПродСнэк անունով։ Ընկերության կապիտալը ավելի քան 1 միլիոն ռուբլի է, բաժնետերն ու տնօրենն էլ Սաբինա Աթայանցն է, զբաղվում են հայաստանյան պահածոյացված ձկան ու բանջարեղենի առևտրով։

Ընկերության կայքում ներկայացված է, թե «Էկո ֆուդ» ընկերությունից ինչ ապրանքներ են ստանում։ Ռուսական կայքերում «Էկո ֆուդ» ընկերության մասին նշվում է, որ Հայաստանում «երկար ժամանակ համագործակցել են պաշտպանության, ներքին գործերի, այլ կարևոր նախարարությունների հետ՝ հավատարմորեն կատարելով իրենց աշխատանքը»։ Ըստ էության, խոսքը պետական գնումների գործընթացում այս նախարարությունների հետ կնքված պայմանագրերի մասին է։

«Համլետ Հովսեփյան» ԱՁ. ուժայինների մատակարարը

Սևանի սիգի պահածոյացնելով է զբաղվում նաև Համլետ Հովսեփյան անհատ ձեռներեցը։ ԱՁ-ն գրանցված է Կոտայքի մարզում՝ Ջրվեժ գյուղում։ Այս ընկերությունը հիմնել է Համլետ Հովսեփյանը, սակայն ներկայում այն տնօրինում է նրա որդին՝ Հայկ Հովսեփյանը։ Ինչպես «Էկո ֆուդը», այս ընկերությունը նույնպես Պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից է։ «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն իր արտադրանքը արտահանում է նաև Ռուսաստան, և, բնականաբար, արտադրանքի մեջ է նաև Սևանի պահածոյացված սիգը։ Հովսեփյանների այս բիզնեսի մասին մամուլում մի քանի անգամ գրվել է՝ ուժայինների գնման մրցույթների համատեքստում։

2015-ին, օրինակ, Պաշտպանության նախարարությունը մի քանի փուլերով գնում է կատարել այս ԱՁ-ից՝ նախ գնելով 171 միլիոն դրամի մսի պահածո, ապա ևս 52 միլիոն դրամի։ 2016-ին այս ԱՁ-ի հետ կնքվել է մոտավորապես 300 միլիոն դրամի գնման պայմանագիր։ Ի դեպ, կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերված մսի պահածոների մի մասը հենց «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից էր։

Մամուլը ժամանակին, հղում անելով Վերահսկիչ պալատի 2013-ի տարեկան հաշվետվությանը, ուշադրության էր արժանացրել նաև «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից կատարած գնումներին։ Ըստ այս հաշվետվության, «Դանինի» ՍՊԸ-ն ու «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն մասնակցել են քրեակատարողական հիմնարկներ մսի պահածո մատակարարելու մրցույթի։ Ավելի էժան գին ներկայացնելով՝ «Դանինի»-ն հաղթել է մրցույթում, սակայն մսի պահածոները ՔԿՀ-ներ մատակարարելու համար ապրանքը նա գնել է «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից։

Այլ արտադրողներ

Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ սիգի պահածո արտադրող ընկերություններից է «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ն։ Այն հիմնվել է 2000 թվականին, հիմնադիրն ու բաժնետերը Ավագ Հովհաննիսյանն է։ Ընկերությունն ունի ընդամենը 5 աշխատակից։ Ավագ Հովհաննիսյանն ու ընկերությունը գրանցված են միևնույն հասցեում, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում։

«Հարությունյաններ հայր և որդի» ընկերությունը գրանցված է Սևան քաղաքում։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 50 տոկոսի բաժնետերը Գրիշա Հարությունյանն է, իսկ մյուս կեսինը՝ նրա հետ բնակության միևնույն հասցեում հաշվառված Գալյա Բալայանը։

Սիգի վաճառքն ու արտահանումը՝ կազմակերպված կոռուպցիա

Հուլիսի 11-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սիգի պահածոների վաճառքի խնդրի մասին, նշել է, որ Պետեկամուտների կոմիտեից տվյալներ են ստացել պահածոների վաճառքի հետ կապված։ «Տեսչական մարմնի կողմից առաջարկ ենք ստացել, որպեսզի օրենսդրական փոփոխություններ կատարվի՝ որսի հետ մեկտեղ վաճառքը նույնպես արգելելու ուղղությամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ կան սողանցքեր ու դրանք պիտի փակվեն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ սիգի պահածոների արտադրությամբ զբաղվողները չեն կարող հիմնավորել, որ իրենք ձուկը գնել են այլ վաճառողներից, նման դեպքում հարց է առաջանում՝ իսկ վերջիններս ումի՞ց են գնել: «Ցանց է աշխատում։ Եթե կա ընկերություն, որ 100 000 տուփ սիգի պահածո է ուղարկում Ռուսաստան, ի՞նչ եք կարծում՝ գալիս տատիկ-պապիկների՞ց է հավաքում այդ սիգը։ Գործող մեխանիզմ է, ձուկը հանում են, հավաքում են 10-15 հոգի, ու այդ հավաքողները իրենց խողովակներով ուղարկում են վաճառքի»,- պնդում է Գրիգորյանը։

Նա ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա․ տնտեսվարողները պետք է ունենան հումքի ձեռքբերման փաստաթուղթ, որպեսզի կարողանան անասնաբուժասանիտարական փորձաքննությունն անցնել սննդի անվտանգության պետական տեսչությունում։ Ուրեմն ինչպե՞ս են արտահանողները ստացել այդ թույլտվությունը. ըստ Գրիգորյանի՝ սա հարց է, որ տանում է դեպի համակարգային կոռուպցիայի առկայության մասին կասկածների։

Արթուր Գրիգորյանը պատմում է, որ սիգի ապօրինի վաճառքի ու արտահանման մասին բազմաթիվ տեղեկություններ՝ որպես տեսչության պետ, հանձնել են ոստիկանապետին։ Տեղաշարժ չի եղել։ «Սա ուչաստկովիի գործ է, կան անուններ, կան ֆիրմաներ, փաստեր, օրենք, որ արգելված է։ Իհարկե, կամքի խնդիր է։ Մարդիկ, որ ներգրաված են այդ բիզնեսի մեջ, չունեն ազդեցություն այս իշխանությունների վրա կամ մաս չեն կազմում այս իշխանությունների, սա բացահայտելը շատ հեշտ է»,- ասում է նա։

Գրիգորյանի խոսքով, կան նախնական ու չճշգրտված տվյալներ, թե որքան է կազմում սիգի ապօրինի որսը։ «Խոսքը 3000 տոննայի մասին է, որը էականորեն տարբերվում է պաշտոնական տվյալներից։ Գիտությունների ազգային ակադեմիայի ձկնաբուծության ինստիտուտը տալիս է տվյալներ, որ Սևանում սիգի քանակը շատ մոտավոր 500 տոննա է։ Բայց սրանք շատ մոտավոր թվեր են»,- նշում է նա։ Գրիգորյանը ֆիքսել է այն մեքենաները, որոնք զբաղված են եղել սիգի ապօրինի որսով։ Մեքենարի տվյալները հանձնել է ոստիկանապետին։ Դրանից մեկ շաբաթ անց նա ազատվել է տեսչության պետի պաշտոնից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել