Սեւանի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար |armtimes.com|
16:59 - 26 հունվարի, 2021

Սեւանի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Սեւանի ափամերձ տարածքները 1901․5 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ է թույլ տվել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում մենք կապալառու ընկերության վճարումները դադարեցրել էինք ու փաստաթղթերն ուղարկել դատախազություն»,- հայտնեց նախարարը։

Նա հայտնեց նաեւ, որ այդ փաստերով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։

Թե ինչ խախտումներ է կատարել այդ կապալառու ընկերությունը, Պետրոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք կա։

Նախարարը նաեւ հայտնեց, որ մինչպատերազմական փուլում շուրջ 3-4 տասնյակ շենք-շինություններ, տաղավարներ ապամոնտաժվել են, եւ նոր տեխնիկայի ձեռքբերմանը զուգընթաց արդեն գարնանը կվերսկսվի ավելի լայն ծավալով ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը, ինչպես նաեւ՝ շինաղբի ու այդ տաղավարների դուրսբերումը առափնյա տարածքներից:

Խոսելով 2021 թվականի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին՝ նա հայտնեց, որ 2021-ի բյուջեով արդեն նախատեսված գումարները նախարարությունը մտադիր է վերաբաշխել։

Այդ առաջարկով նախարարությունն արդեն իսկ պատրաստվում է դիմել Կառավարությանը. «Մենք արդեն աշխատում ենք Կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որպեսզի այդ գումարներն ուղղվեն «Սեւան» ազգային պարկի սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվի այդ աշխատանքը, այլ «Սեւան» ազգային պարկը նախարարության վերահսկողության ներքո ձեռքբերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի եւ Սեւանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով»։

Նախարարը հույս հայտնեց, որ գարնանը մեծ թափով կվերսկսվեն մաքրման դադարեցված աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել