Տիգրան Ավինյանը ներկայացրել է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը |armtimes.com|
11:02 - 20 նոյեմբերի, 2019

Տիգրան Ավինյանը ներկայացրել է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց հայկական «Տարոն-Ավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում Ավինյանը նշեց, որ ընկերությունը խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ:

«Հայաստանը չի կարող նպաստավոր լինել այն ընկերությունների համար, որոնք որոշակի միջազգային ստանդարտներով և կանոններով չեն ուզում առաջնորդվել: «Տարոն Ավիա»-ն խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ: Եվրոպական մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ ընկերությունը որոշակի ստանդարտներին չի համապատասխանում, և խնդրահարույց են թռիչքները: Մենք որակական առումով բոլոր ուղղություններով խստացնում ենք մեր պահանջները: Իհարկե, ցավալի է, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց, եթե մենք խոսում ենք թռիչքային անվտանգության մասին, դա պետք է լինի մեր գերակայությունն ու առաջնահերթությունը, և այստեղ զիջելու տեղ չունենք»,- ասաց Ավինյանը:

 

Նոյեմբերի 6-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում՝ գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել