ՔՊ կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կենտրոնացումը Հայաստանի տարածքում |lragir.am|
12:57 - 19 հունիսի, 2019

ՔՊ կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կենտրոնացումը Հայաստանի տարածքում |lragir.am|

lragir.am։ Տիկին Նազարյան, օրերս տեղի ունեցավ ՔՊ համագումարը։ Ելույթներում հիմնականում նախկին իշխանության քննադատություններ հնչեցին։ Շատերը մեղադրեցին, որ փոխանակ հստակ անելիքներ, հայեցակարգ ներկայացնեք՝ նախորդներին եք հիշատակում։ Կա՞ արդյոք նրանցից եկող իրական վտանգ, թե ոչ։

ՔՊ 5-րդ համաժողովն առանցքային նշանակություն ուներ կուսակցության ապագայի համար, քանի որ այդ համաժողովում 336 պատվիրակ ընտրեց կուսակցության նոր ղեկավար կազմ (21 անդամ) և վերահսկող հանձնաժողով (7 անդամ): Նորընտիր անդամները ստանձնում են հեղափոխության բերած փոփոխություններն ամրապնդելու և շարունակելու բարձր առաքելությունը, ինչպես նաև պետք է հիմնովին զբաղվեն կուսակցության ինստիտուցիոնալ կայացման գործով, ինչը նախկինում ոչ մի կերպ լիարժեք չէր հաջողվում:

Տարակուսած եմ այդ կարծիքներից: Համաժողովում ընդունվեց ՔՊ ծրագիրը, որը հե՛նց այդ հայեցակարգն էր, որի կարևորագույն հատվածները ներկայացվեցին: Մասնավորապես՝ մեր ծրագրում ասվում է. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում և այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:

Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը ոչ թե մարդկանց կուտակման մեխանիկական գործողություն է, այլ երկրի բովանդակային վերակառուցման արդյունք: Մարդու ազատության և արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների և կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը պիտի դառնան այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, Հին և Նոր Սփյուռքի հայերի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության:

Եթե խոսքը կուսակցության զարգացման հայեցակարգի մասին է, ապա իմ ելույթը հենց դրան էր նվիրված։ Ես համարում եմ, որ ՔՊ-ին առանձնահատուկ դեր է վերապահված այս նոր ժամանակում՝ քաղաքական մշակույթի ձևավորման առումով։ Որպես նոր սերնդի քաղաքական գործիչներ, որպես մեր երկրի կառավարող ուժ՝ մենք պարտավոր ենք առաջնորդել ողջ քաղաքական դաշտի փոփոխությունները։

Մենք ենք այսօր կանխորոշելու վաղվա քաղաքական մշակույթը Հայաստանում: Եվ այս նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է այսօրվա քաղաքական գործչի կերպարը և դերը: Քաղաքական գործիչը, առավել ևս պետական գործիչը, պետք է լինի հնչեցված արժեքների, գաղափարների, օրենքի և օրինականության հանդեպ վստահություն ներշնչողը՝ իր խոսքով, վարքով ու օրինակով: Սա ամենօրյա աչալուրջ աշխատանք ու ջանք է:

Ինչ վերաբերում է նախկիններից եկող վտանգներին, ապա եթե բացառվեն արտաքին միջամտության փորձերը, որևէ վտանգ Հայաստանին չի սպառնում: Հայաստանին, ամեն դեպքում, ոչինչ չի սպառնում. Հայաստանը եղել է, կա ու կլինի, բայց մենք խնդիր ունենք հիմնավոր արմատավորելու ժողովրդավարությունն ու օրինականությունը Հայաստանում:

Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության անդամ, ինչո՞վ եք սա բացատրում։ Ավագ սերնդից հրաժարվելու, երիտասարդներով համալրելու խնդիր կա՞ր։

Մեր կուսակցությունում չկա տարիքով, սեռով, սոցիալական դրությամբ կամ այլ կարգավիճակով պայմանավորված խտրականություն: Բայցև կա հավասարություն ու կամարտահայտության ազատություն, որից և օգտվեցին կուսակցության պատվիրակները: Ես չեմ կարող ասել, թե ինչու Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության անդամ, որովհետև ես այդ հարցը ոչ մեկի հետ չեմ քննարկել ո՛չ նախապես, ո՛չ քվեարկությունից հետո: Դա գիտի միայն պատվիրակներից յուրաքանչյուրը, որը դեմ որոշում կայացրեց: Նման դեպքերում քաղաքական գործիչը ինքնահայեցման միջոցով պիտի իր համար գտնի այդ հարցի պատասխանը:

Շարունակությունը՝ lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել