hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման հաշվետվության քննարկումը: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, հետաքրքրվեց, թե Հայաստանը որպես համասեփականատեր պատկերացում ունի՞, թե ինչ է ուզում Չինաստանում գործող «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից:

Այս ձեռնարկությունը Չինաստանի Շանսի նահանգի Դաթուն քաղաքում է գործում, հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը 40 % է:

«Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանը որպես համասեփականատեր, որպես բաժնետեր ունենա օգուտներ, մեր բաժնետեր լինելը չկրի սիմվոլիկ բնույթ»,-արձագանքեց նախարար Պապիկյանը:

Նախարարի խոսքով` Հայաստանն ավելի առարկայական բանակցություններ է սկսել չինական կողմի հետ` արտադրանքն ինքնարժեքով ձեռք բերելու և այլ շուկաներ արտահանելու համար:

«Մինչև համավարակը նման պրոցես էինք սկսել, այն հիմա կանգ է առել, համավարակից հետո կվերսկսենք պրոցեսը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց Մեծամորի ատոմակայանի աշխատանքներով` հիշեցնելով, որ այն վերազինման նպատակով 130 օրով դադարեցնելու է աշխատանքը։ «Որքա՞ն ներդրում է անհրաժեշտ վերազինման համար»,- հարցրեց Բաբաջանյանը:

«Ատոմակայանի կանգը պլանավորած խնդիր է, որտեղ արտառոց բան չկա, վերազինման համար է, և դեռ նախորդ տարվանից պարզ է եղել, որ ատոմակայանը կանգ է առնելու է: Էնեգետիկ բալանսում հաշվարկները կատարված են, և որևէ խնդիր չենք ունենա կանգի պարագայում»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Խոսելով ատոմակայանի ֆինանսավորման մասին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը և բանակցում է գործընկերների հետ` նախկինում ունեցած համաձայնագիրը, որն ավարտվել էր, չերկարացնելու շուրջ: