Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը |armtimes.com|

16:20 - 11 հուլիսի, 2020

armtimes.com: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսահոլովակ է ներկայացրել, որը պատմում է կորոնավիրուսային հիվանդության պատճառով ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների համար գործող StayHome հավելվածի մասին:

Հավելվածն ունի 2 օգտատեր՝ ինքնամեկուսացված քաղաքացի և վերահսկող մարմին: Ովքեր ցանկություն ունեն օգտվել հավելվածից, պետք է այն ներբեռնեն և անձնական համարին ստացած քառանիշ թիվն ուղարկեն պարետատուն: Այնուհետ ինքնալուսանկարվեն:

Այդ պահին ֆիքսվում է օգտատիրոջ կոորդինատները և ինքնամեկուսացման հստակ վայրը: Տեղեկատվությունն այնուհետ կցվում է հավելվածից օգտվող քաղաքացու բժշկական գործին:

Ըստ տեսանյութի, գրանցվելուց հետո օրը մի քանի անգամ, առանց ֆիքսված ժամի, օգտատերն ինքնալուսանկարվելու պահանջով հաղորդագրություններ է ստանում: Հաղորդագրությունն ուղարկելիս կրկին ֆիքսվում են կոորդինատները:

Եթե դրանք տարբերվում են սկզբնական կոորդինատներից, ապա դա դիտվում է որպես փախուստ և տեղեկատվությունն ուղարկվում է ոստիկանություն: Եթե կոորդինատները նույնն են, կրկին ինքնալուսանկարվելու հրանագ է տրվում: Լուսանկարը համեմատվում է նախկինում արվածի հետ՝ անձի ինքնությունը հստակեցնելու համար:

Բացի հսկելուց, հավելվածը նաև ապահովում է քաղաքացի-հսկող բժիշկ կապը:

Ըստ աղբյուրի, քաղաքացու վերաբերյալ տվյալները մշակվում են ինքնաշխատ, առանց մարդու միջամտության: Այլ նպատակներով չեն օգտագործվում և հետագայում օրենքով սահմանված կարգով ենթակա են վերացման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել