Հայաստանի ՀՕՊ-ը քաղաքացիական ինքնաթիռ չի նշանառել․ գերմանացի լրագրողը մանիպուլացնում է |fip.am|
19:12 - 16 հուլիսի, 2020

Հայաստանի ՀՕՊ-ը քաղաքացիական ինքնաթիռ չի նշանառել․ գերմանացի լրագրողը մանիպուլացնում է |fip.am|

fip.am: Երկու օր առաջ՝ հուլիսի 14-ին, գերմանական «Բիլդ» (Bild) պարբերականի լրագրող, վերլուծաբան Ջուլիան Ռեպկեն (Julian Röpcke) Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ մեղադրելով Հայաստանի հակաօդային զորքերին քաղաքացիական ինքնաթիռ նշանառելու մեջ: Գերմանացի լրագրողի պնդումը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հրապարակվեց «Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցումը» վերնագրով տեսանյութ, որի սկզբնամասում երևում է, թե ինչպես է հակաօդային համակարգը թիրախավորում թռչող սարք, իսկ ապա երևում է հրթիռի կողմից թռչող սարքի խոցումը: 

Գերմանացի լրագրողը, Twitter-ի իր էջում հրապարակելով կադրերը, գրել էր. «Եթե պնդում եք, որ անօդաչու սարք եք խոցել, մի ցուցադրեք ձեր ՀՕՊ կողմից նշանառված երկշարժիչ նեղ ֆյուզելաժով քաղաքացիական ինքնաթիռ» («two-engine narrow-body civilian airliner»):

Գերմանացի լրագրողի գրառումը տարածվել է ադրբեջանական և ռուսական լրատվականներում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք տեսանյութի սկզբնամասում երևացող (ՀՕՊ կողմից նշանառված) թռչող սարքը կարող էր քաղաքացիական ինքնաթիռ լինել:

Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է թռչող սարքի ուռուցիկ (ավելի բարձր) գլխամասը։

Այսպես, աշխարհում կա միայն մեկ քաղաքացիական ինքնաթիռ, որն ունի ուռուցիկ գլխամաս՝ Boeing 747-ը, որը, սակայն, ի տարբերություն գերմանացի լրագրողի նկարագրած  «նեղ ֆյուզելաժով երկշարժիչ ինքնաթիռի», լայն ֆյուզելաժով է («wide-body») և ունի ոչ թե երկու, այլ չորս շարժիչ։ 

Այլ կերպ ասած՝ չկա քաղաքացիական ինքնաթիռ, որը կունենար տեսանյութում երևացող թռչող սարքի «կազմվածքը»: Ավելին, դժվար չէ համոզվել, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա միակ թռչող սարքը, որն ունի գլխամասի նմանատիպ ուռուցիկություն, հենց Elbit Hermes 900-ն է։

Բացի սա, Գերմանացի լրագրողը թռչող սարքի ստորին մասում երևացող ուռուցիկ գոգավորությունը ներկայացնում է որպես քաղաքացիական ինքնաթիռի տուրբինային շարժիչներ, որոնք բացակայում են Elbit Hermes 900-ի վրա:

Հարկ է նշել, սակայն, որ Elbit Hermes 900 անօդաչու սարքը կարող է տանել մինչև 350 կիլոգրամ օգտակար զանգված (payload), մասնավորապես՝ տակից ամրացվող հետախուզական սարքավորումները (ռադար, սպեկտրոմետր, տեսախցիկ և այլն): Առանց հետախուզական կամ մարտական օգտակար զանգվածի, անօդաչու սարքի մարտական թռիչքը դառնում է անիմաստ: Տեսանյութում երևացողը, ըստ ամենայնի, հենց այդպիսի «օգտակար զանգված» է:

Այպիսով, գերմանացի լրագրող Ջուլիան Ռեպկեի այն պնդումը, թե Հայաստանի հակաօդային պաշտպանությունը նշանառության տակ է վերցրել քաղաքացիական ինքնաթիռ, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, տեսանյութի վերլուծությունը վկայում է, որ դրանում երևացող ինքնաթիռի «կազմվածքը» հենց Elbit Hermes 900-ինն է:

Հովհաննես Նազարեթյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել