Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը
13:21 - 17 հուլիսի, 2020

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի սահմանին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման և լարվածության հրահրման առիթով հուլիսի 16-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդես է եկել հայտարարությամբ։

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը, որը կիրակի՝ հուլիսի 12-ից խլեց առնվազն 16 մարդու կյանք և հանգեցրեց ապակայունացման՝ սպառնալով վերաճելու լայնամասշտաբ հակամարտության։

ԵՀԽ-ն խորապես անհանգստացած է առկա զեկույցներով, որոնց համաձայն փոխադարձ հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական անձեր են տուժել և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներ, ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ անձնական պաշտպանիչ միջոցներ արտադրող Հայաստանի Տավուշի մարզի գործարանը։

Մասնավորապես նոր կորոնավիրուսի համավարակի այս իրավիճակում, որը ներազդել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ԵՀԽ-ն հորդորում է երկու կողմերին՝ հետևելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  համընդհանուր հրադադարի կոչին՝ հնարավորություն տալով անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրելու համավարակի դեմ պայքարին։ Մինչ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հետևելու համընդհանուր հրադադարին, ԵՀԽ-ն ցավով արձանագրում է, որ Ադրբեջանը չի հետևում դրան»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՀԽ գործող գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է ԵԱՀԿ միջնորդական առաքելությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կոչ ուղղելով կողմերին՝  վերսկսելու դիվանագիտական ջանքեր գործադրել՝ երկու ժողովուրդների միջև հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 1962 թվականից անդամակցում է աշխարհի ամենամեծ համաքրիստոնեական այս կազմակերպությանը՝ 350 անդամ Եկեղեցիներով և ավելի քան 500 միլիոն քրիստոնյաներով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր մշտական ներկայացուցիչներն ունի կազմակերպության ղեկավար մարմիններում՝ Կենտրոնական և Գործադիր հանձնախմբերում, Աստվածաբանական կարևորագույն՝ «Հավատ և Կարգ» հանձնախմբում, Կրթության և էկումենիկ դաստիարակության, Ավետարանության և քարոզչության, Միջկրոնական երկխոսության և այլ հանձնախմբերում»,- ասված է հայտարարության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել