Կարեն Գաբրիելյանի՝ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ցուցաբերած գործունեության արդյունավետությունը. Գոռ Աբրահամյան
12:26 - 22 օգոստոսի, 2020

Կարեն Գաբրիելյանի՝ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ցուցաբերած գործունեության արդյունավետությունը. Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Ժողովուրդ» թերթը, հավատարիմ մնալով կեղծիքն ու բանբասանքային ինտրիգը լրատվության հումք դարձնելու իր լավագույն ավանդույթներին, այսօր մի նոր անհեթեթություն է գրել այն մասին, թե իբր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին տեղափոխվել է այն պատճառով, որ վերջին շրջանում նրա գործողությունների շուրջ կասկածելի գործարքների մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվել, և գլխավոր դատախազը նրան «բերել է Երևան վատ հետևանքներից խուսափելու և իր անմիջական ենթակայության տակ աշխատելու համար»։

Ավելորդ է ասել, որ այդ այսպես կոչված լուրը իրականության հետ որևէ աղերս չունի և հեղինակի վառ երևակայության, դատախազության թիրախավորման ընդգծված ուղեգծի և գլխավոր դատախազի դեմ անձնավորված մաղձի հերթական արգասիքն է։

Հատկանշական է նախ այն հանգամանքը, որ հրապարակման մեջ անգամ ձևի համար որևէ «կասկածելի գործարքի» օրինակ, գոնե մեկ քիչ թե շատ խելքին մոտ փաստ չի վկայակոչվում, երկրորդ՝ թերթի ամենաարժանահավատ աղբյուրները, փաստորեն, շարունակում են մնալ տարածվող իբրև թե խոսակցությունները, Գյուլնազ տատի հեքիաթները։

Իրականում Կարեն Գաբրիելյանի՝ ՀՀ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ղեկավարությամբ Շիրակի մարզի դատախազության ցուցաբերած գործունեության բարձր արդյունավետությունը, ինչը բազմիցս ներկայացվել է դատախազության պաշտոնական հաղորդագրություններով, այդ արդյունավետությունը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն ունեցող՝ Գլխավոր դատախազության նշված վարչության համար ծառայեցնելը, ինչպես նաև շատ դեպքերում հենց պաշտոնեական առաջխաղացմամբ ուղեկցվող ռոտացիայի՝ ՀՀ դատախազությունում վաղուց կիրառվող կառուցակարգը։

Թերթի պրոֆեսիոնալիզմի այսպիսի շրիշակային նշաձողը և նման գործելաոճը, սակայն, նորություն չեն և զարմանալի չեն։ Զարմանալին այն է, թե ինչպիսի թեթևությամբ են լուրի անվան տակ հրամցվող նման անհեթեթ բանբասանքները մամուլի տեսության ժանրում արագ տիրաժավորվում այլ լրատվամիջոցների կողմից՝ անգամ փորձ չանելով ստուգելու դրանում նշվող հանգամանքները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել