azatutyun.am: Այսօր բացվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը: Նստաշրջանի նախագահը` թուրք քաղաքական գործիչ, դիվանագետ Վոլքան Բոզքիրը բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել պահպանել բազմակողմանիություն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ելույթում նշել է, որ այս տարին բեկումնային է ՄԱԿ-ի համար, որը պետք է շարունակի արձագանքել COVID 19 -ի համավարակի հետևանքներին, ուժեղացնի առողջապահական համակարգերի կարողություններն ու աջակցի պատվաստանյութի ստեղծմանն ու արդարացի բաշխմանը։

«Աշխարհը մեծ հույսեր է կապում մեզ հետ` որպես բազմակողմանիության և համագործակցության միջազգային համակարգի հիմնական պլատֆորմ»,- ասել է Գուտերեշը։

Վոլքան Բոզքիրը գլխավոր ասամբլեայի նախագահ էր ընտրվել անցած հունիսին։ Չնայած նա միակ թեկնածուն էր, Հայաստանը, Հունաստանը ու Կիպրոսը քվեարկություն էին պահանջել։ Հայաստանն ու Կիպրոսը համատեղ հայտարարությամբ դեմ էին արտահայտվել նրա թեկնածությանը։