Նուբարաշենի աղբավայրում այսօր ևս իրականացվել են  հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հրդեհի մի օջախը մարված է, մյուսում՝ մոտ 3000 քմ տարածքում, այրվում է կուտակված աղբ․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի տարբեր օջախներով, մոտ 4․5 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար և մեկ տրակտոր։

Հրշեջ-փրկարարներն ընդհանուր մոտ 4․5 հա տարածքում իրականացրել են քանդման-հանգեցման աշխատանքներ՝ օգտագործելով 237 տոննա ջուր։