armenpress.am: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված նիստից հետո անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների՝ հոկտեմբերի  8-ին հայտարարած հանրահավաքին։

Սիմոնյանն առաջին հերթին մտահոգություն հայտնեց կորոնավիրուսի պայմաններում նման հանրահավաքի անցկացման հետ կապված, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը։

Ինչ վերաբերում է հանրահավքի ընթացքում որևէ պահանջի ներկայացմանը՝  Սիմոնյանը նշեց, որ նրանք ազատ են իրենց գործունեություն մեջ: «ՀՀ քաղաքացիները շատ լավ ճանաչում են  թե Դաշնակցության անցած ճանապարհը վերջին տասնամյակում՝ մասնավորապես, շատ լավ գիտեն ԲՀԿ-ի անցած ճանապարհը և շատ լավ գիտեն այն գնահատականները և տեղեկությունները, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված:

Առկա հանրահավաքը եռյակի պարագայում, բոլոր 3-ի դեպքում ունի իր անձնական շահագրգռվածությունը: Օրինակ ԲՀԿ-ի պարագայում դա Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով քաղաքական ապաստարան ձևավորելու միտումն է, Դաշնակցության պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, որը  կարծես, չի ստացվում, որովհետև փոխվել է առաջին դեմքը զուտ վիզուալ առումով, բայց տեղի չի ունեցել վերագնահատում այն  գործունեության, որի հետևանքով Դաշնակցությունը չկարողացավ նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել: Իսկ Արթուր Վանեցյանի պարագայում ես զերծ կմնամ մեկնաբանություններից, չեմ ուզում այդ մասին խոսել»,- ասաց Սիմոնյանը՝ ավելացնելով, որ հին ֆորմատի տրամաբանությամբ գործելը միշտ վնասելու է այդ 3 ուժերին:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղի կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: «Մենք բոլոր դժգոհությունների, մտահոգությունների մասով մեր քաղաքացիների հետ զրուցում ենք, լսում ենք այդ ամենը, հարկ  եղած դեպքում փորձում ենք բացատրել, եթե ստացվում է, ստացվում է, եթե չի ստացվում, մենք հետևություններ ենք անում, և փորձում ենք շտկել այդ իրավիճակը:

Ուստի, մեզ ժողովրդով վախեցնելը և ժողովրդի հետ կապված ինչ-որ խոսակցություններ առաջ բերելը ինչ-որ քաղաքական օրակարգում մի քիչ ճիշտ չէ, որովհետև օրինակ, դա կարելի էր անել Սերժ Սարգսյանի պարագայում, ինչն, օրինակ, այդ նույն ուժերից 2-ը չարեցին, կարելի էր անել Ռոբերտ Քոչարյանի պարագայում, ինչը չարեցին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։