Ռուստամ Բաքոյան. «Մենք վերին արտի ծաղի՞կ ենք, պետք է նստենք, որ հայերը գնան, կռվե՞ն» |hetq.am|
18:04 - 11 հոկտեմբերի, 2020

Ռուստամ Բաքոյան. «Մենք վերին արտի ծաղի՞կ ենք, պետք է նստենք, որ հայերը գնան, կռվե՞ն» |hetq.am|

hetq.am: Հայաստանի եզդիական համայնքը կամավորական երկրորդ ջոկատն է կազմավորում, որ մեկնի Արցախ՝ հերթափոխելու առաջին ջոկատի տղաներին: Աշխատանքները հիմնականում համակարգում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Մենք Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ ենք, առաջին հերթին մենք՝ որպես ՀՀ քաղաքացի, կատարում ենք մեր պարտականությունը: Երկրորդ՝ սա մեր երկիրն էլ է, մեր պապերն այստեղ արյուն են թափել՝ սկսած Սարդարապատից, 1990-ականների՝ Ղարաբաղի պատերազմից մինչև 2016թ․ ապրիլյան պատերազմ: Ի՞նչ եք կարծում՝ մենք վերին արտի ծաղի՞կ ենք, պետք է նստենք, որ հայերը գնան կռվե՞ն: Այս հողը մերն էլ է, ամեն մի թիզ հողի համար արյան գնով, կյանքի գնով պետք է պայքարենք»,- «Հետքի» հետ զրույցում ասում է պատգամավորը:

Ռուստամ Բաքոյանն է համակարգում նաև Հայաստանում և արտերկրում ապրող եզդիական համայնքից ստացվող օգնությունները:

ԱԺ պատգամավորն ասաց, որ արդեն 4 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության ավտոմեքենա փոխանցել են Պաշտպանության նախարարությանը, հավաքել են նաև ֆինանսական միջոցներ, դեղորայք, առաջնագծի համար խիստ անհրաժեշտ պարագաներ: Առաջիկայում եզդիական համայնքն առաջնագիծ է ուղարկելու նաև տաք հագուստ, համապատասխան հանդերձանք և այլ պարագաներ ևս, որոնց անունները, հասկանալի պատճառներով, չենք նշում:

«Ինչ կա, այդ պահին կազմակերպում արագ ուղարկում ենք, մինչև հաջորդ խմբաքանակը»,-ասում է Ռուստամ Բաքոյանը:

Նա նշեց, որ արտերկրից օգնություն ուղարկող հիմնական կորիզը նախկինում հայաստանաբնակ եզդիներն են կամ այն մարդիկ, որոնց ծնողներն են ապրել Հայաստանում: Լայն աջակցություն կա նաև Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի եզդիների կողմից: Ըստ Բաքոյանի՝ նրանք էլ են Հայաստանի եզդիների կողքին, որոնք ոչ միայն նյութական աջակցություն են ցուցաբերում, այլև մասնակցում արտերկրում կազմակերպվող բողոքի տարբեր ակցիաներին:

Պատգաավորը՝ հայ և եզդի ազգերի կապը ցույց տալու համար պատմական էքսկուրս կատարեց: Նշեց, որ 1915թ․, երբ հայ ժողովուրդը ցեղասպանվում էր և Դեր Զորի անապատներ էր ուղարկվում, ճանապարհին Սինջարի եզդիները, տարբեր աղբյուրների համաձայն, 6-20 հազար հայի ապաստան են տվել և պահել իրենց տներում:

«Դրսի եզդիները, պատկերացրեք, մեզնից լավ գիտեն հայերին: Բացի այդ, հենց այնտեղի եզդիների հետ հայեր են ապրում, ծանոթ են: Հայերի նկատմամբ վերաբերմունքը գալիս է դեռ 20-րդ դարասկզբից, գուցե նաև դրանից առաջվանից»,-ասում է Ռ. Բաքոյանը: 

ԱԺ պատգամավորն ասաց, որ չեն բավարարվում միայն Հայաստանի ներսում ծավալվող գործունեությամբ: Նշեց, որ արտերկրում քաղաքական, հասարակական, բիզնես ոլորտի ազգությամբ եզդի ներկայացուցիչներ ունեն, որոնց հետ ակտիվ կապի մեջ են: Վերջիններս այս օրերին իրենց լծակներն օգտագործում են ադրբեջանաթուրքական ագրեսիայի մասին բարձրաձայնելու համար:

Բացի այդ, պատգամավորը կապի մեջ է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինայի, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան Նադիա Մուրադի հետ: Հաղորդակցվում է նաև Եվրախորհրդարանի ազգությամբ եզդի նախկին պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան ներգործել իրենց երկրներում քաղաքական գործիչների որոշումների վրա:

«Բոլորին ներկայացրել ենք իրավիճակը, որ ադրբեջանաթուրքական ագրեսիան իրականացվում է նաև մեր դեմ, խաղաղ բնակչության նկատմամբ: Հիմա իրենք իրենց լծակներն օգտագործում են, որ այդ ամենը հասցնեն համապատասխան կառույցներին»,-հավելեց Ռուստամ Բաքոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել