Հակառակորդը թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող շինությունները՝ ըստ երևույթին կարծելով, թե կարող է ոչնչացնել Արցախի իրական պատմությունը
20:03 - 14 հոկտեմբերի, 2020

Հակառակորդը թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող շինությունները՝ ըստ երևույթին կարծելով, թե կարող է ոչնչացնել Արցախի իրական պատմությունը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը քաղաքաշինության ոլորտում կոմիտեի հետ համագործակցող բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ICOMOS-ին և ICOM-ին թուրքադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարին միանալու կոչով է հանդես եկել, ուր մասնավորաբար ասված է՝ «Թուրքիայի անմիջական միջամտությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով Արցախում մահանում են մարդիկ։ Երիտասարդ տղաներ, զինվորներ, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցնում են թշնամուն: Կանայք ու երեխաներ, որոնց կյանքը խլում են արգելված ռումբերը, որ թափվում են Արցախի քաղաքների և գյուղերի վրա։

Մարդկային կորուստներն անդառնալի են։ Այս պատերազմում Ադրբեջանը նպատակ է դրել նաև ոչնչացնելու ճարտարապետական և պատմական արժեք ունեցող կոթողներ։ Հակառակորդը թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող շինությունները՝ ըստ երևույթին կարծելով, թե կարող է ոչնչացնել Արցախի իրական պատմությունը։ Այսօր արդեն վնասված է Շուշիի սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին՝ կրկնակի հրթիռակոծությունից։ Այս պահին անասելի վնասներ են կրել Հադրութ, Մարտակերտ ու Մարտունի քաղաքների պատմական թաղամասերը, Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասար եկեղեցին։

Վտանգված է Տող գյուղում գտնվող Մելիք Եգանի տունը (XVIII դարի 1-ին կեսին Դիզակի Մելիք Եգանը կարևոր դեր է կատարել հայաբնակ տարածքների ազատագրման և ինքնավարության վերականգնման (Խամսայի մելիքություններ) պայքարում)։ Մենք կոչ ենք անում քաղաքաշինության ոլորտում կոմիտեի հետ համագործակցող բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ICOMOS-ին և ICOM-ին միանալ պայքարին, գործադրել ամեն հնարավոր ջանք՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ նրա ստեղծագործ մտքի և արարող ձեռքի շնորհիվ կերտված պատմամշակութային ու ճարտարապետական արժեքների ու ազգային ինքնության դեմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել