Կորոնավիրուսով վարակվելու 41 նոր հաստատված դեպք ունենք, հանրագումարում՝ 235 դեպք։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ վաղ առավոտից նոր սահմանափակումներ կկիրառվեն։

Այս դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը, Փաշինյանի խոսքով, որոշակի անհանգստություններ են առաջացնում․Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երեւանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Վարչապետը հայտարարեց, որ վաղվանից մեկ շաբաթով կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը․

«Պետք է հնարավորինս սահմաանփակել մարդկանց տեղաշարժը։ Հնարավորինս շատ մնացեք տանը, միայն անհրաժեշտության դեպքում դուրս եկեք, գնումների համար։ Խուսափեք բազմամարդ հավաքներից, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները, խուսափեք վտանգավոր շփումներից, մեզնից յուրաքանչյուրը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի վարակի հետագա տարածումը կանխարգելվի»։

Պարետատունը առավոտյան կհրապարակի այն օբյեկտների ցանկը, որոնց գործունեությունը մի շաբաթով կասեցվելու է։ Ռեստորաններն ու սրճարանները հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունները։

Վարչապետը նշեց, որ 235-ից 26 մարդ ունի թոքաբորբ, բոլորի վիճակը վերահսկելի է: Ապաքինվել են 2-ը: Իսկ 14 օր մեկուսացված շուրջ 70 մարդ վաղը կթեստավորվի, եւ նախադրյալներ կան մտածելու, որ մեծ մասը բացասական կլինի ու նրանք կվերադառնան իրենց առօրյա կյանքին։