Ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը
17:13 - 24 դեկտեմբերի, 2020

Ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը:

«Դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել:
 
Դատախազության հանձնարարությամբ նշված փաստի կապակցությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով:
 
Նշված անձը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա:
 
ՀՀ դատախազությունը վճռականորեն կոչ է անում հանրությանը և քաղաքացիներին՝ հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար:
 
Նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ և ձեռնարկվելու են բոլոր իրավաչափ միջոցները նման կոչեր և հայտարարություններ հնչեցնող, դրանք արդարացնող անձանց մեկուսացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
 
Միևնույն ժամանակ, հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ ենք անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայունության և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար»,- գրել է Աբրահամյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել