Կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա․ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ
16:52 - 28 դեկտեմբերի, 2020

Կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա․ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ

Անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, հայտնում է նրա աշխատակազմը:

«Ինձ համար կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա», - ասել է նախագահ Սարգսյանը` հավելելով, որ հանդիպել է վարչապետին, նաև ընդդիմախոսներին, շարունակելու է հանդիպել և փորձելու է բոլորին բերել մի սեղանի շուրջ։ «Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում, որը շատ պարզ է և հասարակ՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ընդ որում, եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել, որպեսզի հույս տալ, քանի որ մարդիկ հույսով են ապրում։ 1990-ականների սկզբին ոչ գազ կար, ոչ փայտ կար, մարդիկ սոված էին, բայց հույս ունեին, որ կհաղթենք պատերազմը, պետություն կունենանք և այլն։

Երկիրն առաջ տանելու հսկայական ներուժ ունենք։ Եվ եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը», մեր հարստությունն օգտագործել, որը դուք եք, մենք ենք, սրանից 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու։ Մենք այն շատ քիչ ազգերից ենք, որ փոքր պետություն ենք, բայց գլոբալ ազգ, պետք է կարողանանք օգտագործել այդ առավելությունը։

Այս երկուսուկես տարում ինձ համար ամենադժվար բանը եղել է այն, որ ես ամեն օր աշխատել եմ, բայց իմ հնարավորությունների երևի հինգ տոկոսի չափն եմ տվել այս երկրին՝ ես գործադիր նախագահ չեմ։ Իմ միակ գործիքն իմ խոսքն է, իսկ խոսքը՝ մարդկանց հույս տալը։ Իմ երազանքն է՝ ստեղծել պայմաններ, որ հաջորդ սերունդն իր մտածելակերպով, վերաբերմունքով, մշակույթով, նվիրվածությամբ, ազնվությամբ գա իշխանության, և այդ մարդիկ 10, 20 տարի առաջ տանեն երկիրը»։

Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել նախագահին։

Ըստ նրա` նորմալ ընտրությունների համար պետք է Ընտրական օրենսգիրքը փոխել, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անել. «Միակ ձևն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես երիտասարդները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել