Կառուցապատող ընկերության տնօրենին և նրա ծանոթին առաջադրվել է առանձնապես խոշոր խարդախության մեղադրանք
19:04 - 16 փետրվարի, 2021

Կառուցապատող ընկերության տնօրենին և նրա ծանոթին առաջադրվել է առանձնապես խոշոր խարդախության մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող բաց բաժնետիրական ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոնշյալ ընկերության տնօրենը, որը 2011թ. Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում սկսել էր բազմաբնակարան շենքերի կառուցում, շենքերի ընդհանուր 250-270 քմ մակերեսով եվրոպատուհանները տեղադրելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպատուհանների արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ, որի հետ ծանոթացել էր իր ծանոթի՝ Երևանի 34-ամյա բնակչի միջոցով, որը միևնույն ժամանակ հանդիսանում է ՍՊ ընկերության տնօրենի որդու մտերիմ ընկերը:

«Պայմանավորվածության արդյունքում ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է ընդհանուր 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք արժողությամբ պատուհանների տեղադրումը, սակայն ԲԲ ընկերության տնօրենը, չկարողանալով կանխիկ վճարել մատուցված ծառայությունների դիմաց, 2016թ. ապրիլից շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո, 34-ամյա ծանոթի հետ, խմբի կազմում, ՍՊ ընկերության տնօրենից առանձնապես խոշոր չափերի գումարը խարդախությամբ հափշտակելու և վաճառքի ենթակա բնակարանը 34-ամյա տղամարդու անվամբ ձևակերպելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հավելյալ 20.000 ԱՄՆ դոլար վճարի դիմաց Ֆուչիկի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում նրան տրամադրել 21.687.300 ՀՀ դրամին համարժեք 45.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ-ի ապրիլի 5-ին ԲԲ ընկերության տնօրենի և ՍՊ ընկերության տնօրենի կնոջ միջև կնքվել է առքուվաճառքի նախնական պայմանգիր, որից անմիջապես հետո իր գրասենյակում ԲԲ ընկերության տնօրենը ՍՊ ընկերության տնօրենից առձեռն ստացել է 9.638.800 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլարը` պարտավորվելով մինչև նույն թվականի մայիսի 31-ը տրամադրել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը:

ՔԷննչական կոմիտեից նաև հայտնում են, որ, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, 2016թ. ապրիլից մինչև 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով ձգձգելով սեփականության իրավունքի վկայականի տրամադրումը, բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կատարելու պատրվակով ԲԲ ընկերության տնօրենը և ծանոթը ՍՊ ընկերության տնօրենից պահանջել և մաս-մաս ստացել են ևս 12.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև 34-ամյա տղամարդու կողմից անձամբ բնակարանի սեփականաշնորհմամբ զբաղվելու պատրվակով վերջինիս միջոցով վերցրել են առուվաճառքի նախնական պայմանագրի բնօրինակը` ՍՊ ընկերության տնօրենին և կնոջը զրկելով բնակարանը ձեռք բերելու հնարավորությունից, որը շուկայականից անհամեմատ էժան գնով` 4.443.410.00 ՀՀ դրամով, 2019թ. հոկտեմբերի 9-ին գնվել է 34-ամյա տղամարդու կողմից։ Այդպիսով ամուսիններին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենին և նրա 34-ամյա ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել