Քոչարյան - Սարգսյան զույգը իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը․ Փաշինյան |1lurer.am|
12:07 - 14 ապրիլի, 2021

Քոչարյան - Սարգսյան զույգը իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2020 թ. դեկտեմբերի 4-ի հարցազրույցին: Հիշեցնենք, Քոչարյանը հայտարարել էր՝ «Ստեղծել է մի վիճակ, որ դու Ադրբեջանին շանս չես տվել հուսալու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել, իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»:

Փաշինյանի գնահատմամբ՝ սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության բանակցային տրամաբանությունը: «Այսինքն՝ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների միջոցով կհասնի նրան, ինչ ինքն ուզում է, իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավար կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա: Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից, շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը: 

«Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել, որովհետև ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի: Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում 1998 թ. ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլ երաշխիք են տվել, և այդ երաշխիքը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն էր: Առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս ու երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին: Ինչ պիտի անեին, այո՛, ինչ մենք փորձեցինք անել 2019-ին՝ ասելով, որ առանց Ղարբաղի մենք չենք պատկերացնում հարցի լուծում ու բանակցություն, իրենք պետք է անեին 1997-98 թթ., որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պետրաստ չէր և չեր կարող լուծում տալ խնդրին:

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է, եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ և 1997-98 թթ. եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:

Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո՛, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին: Որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալների օրոք կարող էին դա: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՛, կգնդակահարեին խորհրդարանում Արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից:

Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղյան հարցը փուլային տարբերակով լուծելու հնարավորությունն ու նույնիսկ դա քննարկելը: Մինչդեռ 2018-ի դրությամբ սեղանին է եղել բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է՝ Декларация о первом этапе и о дальнейших шагах Нагорно-карабахского регулирования: Նրանց գործունեության արդյունքում մենք հասանք այս էտապին: Որտեղ է վճիռը, որ Քոչարյան-Սարգսյան զույգը 1998-ին օգտագործելով Ղարաբաղի հարցը, իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ են տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են բադեն բադեններում՝ հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, տանուլ են տվել բանակաշինության դաշտում՝ ոտի վրա բանակի կենացը խմելով և զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների և ընդհանրապես պետության զարգացման հարցում»,- նշեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել