Տաջիկստան

Տաջիկստանը պետություն է Կենտրոնական Ասիայում։ Սահմանակցում է Ուզբեկստանին, Ղրղզստանին, Չինաստանին և Աֆղանստանին։ Նախկին խորհրդային հանրապետություն է, անկախացել է 1991 թվականին։ ԱՊՀ անդամ է։

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի բարձրագույն դատարանների նախագահների պատվիրակությունները: 2023 թվականի փետրվարի 20-ին կայացած տեսակապի միջոցով կազմակերպչական առաջին նիստում խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը, իսկ խորհրդի նախագահ ընտրվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:  Նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն դատարանների ներկայացուցիչներ։ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում կարևորեց ԱՊՀ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցության խորացումն ու իրավական փոխօգնության մեխանիզմների ամրապնդումը՝ ընդգծելով դատական համակարգի դերը արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության ապահովման գործում:  «Խորհրդի հարգելի անդամներ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր մայրաքաղաք գալու իմ հրավերը, ինչպես նաև նիստին ձեր անձնական մասնակցության համար, ինչը լավագույն վկայությունն է մեր երկրների բարձրագույն դատական ատյանների համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամության՝ խորհրդի առջև դրված նպատակին ճիշտ հասնելու համար: Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով և սրընթաց փոփոխություններով։ Նման պայմաններում դատական համակարգի դերը՝ որպես օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հենասյուն, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների և արժեքների կայունության ու զարգացման ապահովման գործում, առավել նշանակալի է դառնում ցանկացած երկրի համար»,- ասաց Թադևոսյանը։  Նա ընդգծեց նաև ԱՊՀ անդամ պետությունների դատական համակարգերի միջև իրավական չափանիշների մերձեցման և դատական պրակտիկայի ներդաշնակեցման կարևորությունը:«ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն դատարանների ընդհանուր նպատակը պետք է լինի իրավական չափանիշների մերձեցումը և դատական պրակտիկայի ներդաշնակեցումը, որն ուղղված է հասարակության պաշտպանությանը և արդարադատության իրականացմանը՝ երաշխավորելու համար համատեղ ջանքերով իրավական մեխանիզմների ստեղծումը»,- եզրափակեց նա։ Արթուր Աթաբեկյանը շեշտեց նիստի կարևորությունը՝ նշելով, որ այս հանդիպումը նոր որակներ է հաղորդում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությանը և հիմք է իրավական փոխգործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։   «Վստահ եմ, որ այս նիստը կդառնա բարեկամական համագործակցության և մասնագիտական քննարկումների հարթակ»,- նշեց նա։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը իր խոսքում նշեց, որ արդարադատության արդյունավետությունը և դատարանների նկատմամբ վստահությունը բոլորից պահանջում են մշտական աշխատանք։  «Դատական իշխանության համատեքստում անհրաժեշտ է խորացնել դատական մարմինների միջև երկխոսությունը և զարգացնել փոխադարձ համագործակցությունը։ Վստահ եմ, որ խորհրդի աշխատանքը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջև իրավական փոխգործակցության զարգացմանը»,- եզրափակեց Դիլանյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, ներառյալ՝ համագործակցության գերակա ուղղությունների և ձևաչափերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, դատավորների և դատական համակարգի մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման հարցերի շուրջ համագործակցություն, ազգային դատարանների կողմից միջազգային պայմանագրերի կիրառման պրակտիկայի ուսումնասիրություն: Նիստում որոշումներ կայացվեցին 2025-2026 թվականների միջոցառումների ծրագրի մշակման, մշտական աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև հաջորդ նիստի անցկացման ամսաթվի և վայրի վերաբերյալ: 
14:13 - 12 դեկտեմբերի, 2024
Քաղաքացիների վերաբերմունքը երկրի մայր օրենքին լակմուսի թուղթ է՝ գնահատելու ինքնիշխան, իրավական պետության ձևավորման մակարդակը. ՀՀ ԱԺ նախագահի ելույթը

Քաղաքացիների վերաբերմունքը երկրի մայր օրենքին լակմուսի թուղթ է՝ գնահատելու ինքնիշխան, իրավական պետության ձևավորման մակարդակը. ՀՀ ԱԺ նախագահի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում: «Մեծարգո՛ Ռուստամի Էմոմալի, Մեծարգո՛ Մահմադթոիր Զոքիրզոդա, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովի կապակցությամբ և ցանկանում եմ շնորհավորել մեր հարգարժան տաջիկ գործընկերներին Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի առիթով: Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է գտնվել Տաջիկստանի հյուրընկալ հողում: Սահմանադրությունը կոչվում է հիմնարար օրենք, քանի որ վերջինս միակ կամ այն սակավաթիվ օրենքներից է, որոնք սովորաբար ընդունվում են համազգային քվեարկությամբ: Ժամանակակից աշխարհում, որը նշանավորվում է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններով, տեխնոլոգիական և թվային վերափոխումներով, սոցիալ-տնտեսական փոփոխություններով, մարտահրավերներով և փորձություններով, փոխվում է նաև հասարակական հարաբերությունների դինամիկան, և այս համատեքստում խորհրդարանը՝ որպես պետության օրենսդիր և ներկայացուցչական մարմին, առանցքային դեր է խաղում: Սահմանադրական մշակույթի ձևավորումն ու զարգացումն ուղղակիորեն կապված են իրավական պետության կառուցման, կայացման և ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը ոչ միայն Սահմանադրության տեքստի իմացությունն է, այլև հարգանքը Սահմանադրության մեջ պարունակվող դրույթների և գաղափարների նկատմամբ, նրա պաշտպանությունն ու հրամայականների իրականացումը: Գործընկերնե՛ր, Նշեմ, որ հայ իրավական միտքը գալիս է հին ժամանակներից: Մասնավորապես, 12-րդ դարում Մխիթար Գոշը ստեղծեց հիմնարար աշխարհիկ օրենքների օրենսգիրքը: Խորհրդարանական կառավարման գաղափարը հայ իրականության մեջ ծագել է 18-րդ դարի վերջին, երբ հայ մտածող Շահամիր Շահամիրյանն իր «Որոգայթ փառաց» լրագրողական աշխատության մեջ առաջին անգամ ձևակերպել է սահմանադրական հանրապետության և խորհրդարանական համակարգի հիմնարար սկզբունքները: 1860 թվականին Կոստանդնուպոլսում Հայ ազգային ընդհանուր ժողովն ընդունեց Ազգային Սահմանադրությունը, մի օրենք, որը կարգավորում է արևմտահայության ներքին կյանքը: Քաղաքացիների վերաբերմունքը երկրի հիմնական օրենքին լակմուսի թուղթ է՝ գնահատելու ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, ունիտար պետության ձևավորման մակարդակը, որտեղ ճանաչվում, հարգվում ու պաշտպանվում են մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում անհրաժեշտ է նշել Տաջիկստանի ժողովրդի և կառավարության նուրբ վերաբերմունքն իրենց Սահմանադրությանը: Հայաստանի Հանրապետության համար հարազատ և հասկանալի է մեր տաջիկ ընկերների վերաբերմունքը Սահմանադրության տեքստում ամրագրված այնպիսի հիմնարար սկզբունքների անձեռնմխելիության նկատմամբ, ինչպիսիք են հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա՝ սերտորեն կապված վստահության, հարգանքի և փոխադարձ աջակցության կապերով: Խորհրդարանների միջոցով ուղղակի երկխոսության ակտիվացումը շատ լավ հնարավորություններ է բացում մեր համագործակցությունը խորացնելու և համատեղ գործունեության նոր հեռանկարային ուղղությունների միջոցով ընդլայնելու համար: Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, որոնք ամրագրված են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև 2002 թվականի ապրիլի 3-ի Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում, ունեն զգալի չիրացված պաշար: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության և Միջազգային միջխորհրդարանական համաժողովի կազմակերպման համար: Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Սիմոնյանը:
16:48 - 11 հոկտեմբերի, 2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարությունների միջև

Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում  էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և պայմանագրային-իրավական վարչության պետ Փարվիզ Սոդիկին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մանրամասն դիտարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Տեղի է ունեցել միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում: Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների վրա: Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի գույքագրման և հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր: Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային իրավական համագործակցության խնդիրների լայն շրջանակի։
13:51 - 14 սեպտեմբերի, 2024
Վստահ եմ՝ երկկողմ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ներուժի իրականացմանը. Փաշինյան

Վստահ եմ՝ երկկողմ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ներուժի իրականացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի էմոմալի Ռահմոն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով, որոնք դարձել են բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կառուցողական փոխգործակցության հիմքը։ Վստահ եմ, որ երկկողմ արդյունավետ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև համագործակցության ներուժի արդյունավետ իրականացմանն ու ընդլայնմանը։ Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»։
18:14 - 09 սեպտեմբերի, 2024
Չինաստանի նախագահը պետական այց է կատարել Տաջիկստան
 |azatutyun.am|

Չինաստանի նախագահը պետական այց է կատարել Տաջիկստան |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի երեկոյան պետական այցով ժամանել է Տաջիկստան։ Դուշանբեի օդանավակայանում նրան դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Ավելի քան 1500 երեխաներ էին բերվել օդանավակայան՝ ազգային տարազներով, երգով ու պարով, երկու երկրների դրոշները թափահարելով Չինաստանի նախագահին ողջունելու համար։ Սի Ծինփինը գրավոր հայտարարությամբ նշել է, որ Չինաստանն ու Տաջիկստանը լավ հարևաններ են, լավ ընկերներ և գործընկերներ ու լավ եղբայրներ, որ միմյանց օգնում են, աջակցում, միմյանց վերաբերվում բացարձակ անկեղծությամբ և փոխշահավետ հարաբերություններ ունեն։ Նա նշել է, որ Չինաստանը դարձել է Տաջիկստանի հետ առևտրի երկրորդ խոշոր գործընկերը։ Այսօրվա հանդիպմանը Էմոմալի Ռահմոնն օրինակելի է գնահատել Չինաստան-Տաջիկստան ռազմավարական համագործակցությունը։ Սի Ծինփինը Տաջիկստան է ժամանել Ղազախստանից, որտեղ նույնպես պետական այց կատարեց, ինչպես նաև մասնակցեց Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
20:01 - 05 հուլիսի, 2024
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
 |armenpress.am|

Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի բնակիչների և Ղրղզստանի սահմանապահների միջև։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայություն։ «2024 թվականի մայիսի 7-ին պետական ​​սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Բատկենի շրջանի Լեյլեքի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ (Ղրղզստան), Ղրղզստանի սահմանապահը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք արածեցնելիս են եղել իրենց անասունները Ղրղզստանի տարածքում՝ պետական ​​սահմանային գծից 250-300 մ հեռավորության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են սահմանապահների՝  Ղրղզստանի տարածքը լքելու պահանջը, ավելին՝ սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ։ «Հովիվներից մեկը 2-3 կրակոց է արձակել Ղրղզստանի սահմանապահի ուղղությամբ։ Իրավիճակի սրումը կանխելու համար Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, որից հետո հովիվները փախել են դեպի Տաջիկստանի տարածք»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ ոտքից վիրավորվել է Տաջիկստանի քաղաքացիներից մեկը։ «Սակայն ի՞նչ հանգամանքներում, ե՞րբ և որտե՞ղ է ստացվել վնասվածքը, անհայտ է, քանի որ Տաջիկստանի իրավապահները տրամադրել են միայն լուսանկար», - նշվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ առաջիկայում տեղի կունենա կողմերի սահմանային ներկայացուցիչների հանդիպումը։ «Ներկայումս իրավիճակը ղրղզ-տաջիկական հատվածում գնահատվում է կայուն»,- նշել են սահմանապահ ծառայությունում։
18:35 - 07 մայիսի, 2024
Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը

Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը

Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների՝ Մոսկվայում իրականացված ահաբեկչության հետ կապ ունենալու մասին լուրերը․  «Տաջիկական կողմը հաստատում չի ստացել ռուսական իշխանություններից Տաջիկստանի քաղաքացիների ներգրավվածության մասին շրջանառվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ»,- նշել են երկրի ԱԳՆ-ից։  Նշենք, որ տելեգրամյան ալիքները տարածել էին 4 անձի լուսանկար՝ նշելով, որ վերջիններս ահաբեկչություն իրականացրած անձինք են և չորսն էլ Տաջիկստանի քաղաքացիներ են։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։  Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 60 մարդ. թիվը, ըստ ՌԴ ՔԿ-ի, կարող է աճել։ Փրկարարները ավիացիոն ուժերի օգնությամբ տարհանել են 100-ից ավել մարդու։
11:37 - 23 մարտի, 2024
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են. ԱՊՀ մաքսային ծառայողների հանդիպում Տաջիկստանում

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են. ԱՊՀ մաքսային ծառայողների հանդիպում Տաջիկստանում

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 77-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի մաքսային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեից և ԵՏՀ հանձնաժողովից։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: «Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 12 որոշում, այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի նշագրմանը, ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծմանը, մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին, փոխադրումների հետագծելիության նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։ Հաստատվել է նաև խորհրդի 2024 թվականի աշխատանքային ծրագիրը։ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցության համար ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են  «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների համագործակցության զարգացման համար» կրծքանշաններով:  Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին կիսամյակում՝ Ուզբեկստանի Հանրապետությունում»,- նշված է հաղորդագրությունում: 
12:31 - 13 հոկտեմբերի, 2023
ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցեր, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: «Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ «նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև այլ փաստաթղթեր»: Նիստը կանցկացվի Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հայտնել է մամուլի քարտուղարը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
10:05 - 25 մայիսի, 2023