ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ խորհրդաժողովի տարեկան 32-րդ նստաշրջանում: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի համար: Ակնհայտ է, որ ծավալուն աշխատանք է կատարվել: Վիեննայում մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանը և Ադրբեջանը մեծ ու կարևոր քայլ են արել խաղաղություն հաստատելու համար: Համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը: Այս իրավիճակում չկա անհրաժեշտություն ծանրաբեռնելու առանց այդ էլ բարդ քննարկումները: Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների: Հայաստանի ղեկավարը ոչ մեկ անգամ հրապարակային հայտնել է իր պատրաստակամության մասին: Փաստաթղթի ստորագրումը կնշանակի միջպետական հարաբերությունների հաստատում, ինչն իր հերթին հնարավորություն կտա առավել դրական մթնոլորտում քննարկելու տարաբնույթ հարցեր: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի ժողովուրդները շատ են տառապել, և այժմ մենք հնարավորություն ունենք դադարեցնելու հակամարտությունների և մեր երկրների բնակիչների տառապանքների շղթան: Խաղաղությունն անհրաժեշտություն է մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության համար, և մենք տեսնում ենք այդ հնարավորությունն առավել քան երբևէ»:
18:52 - 30 հունիսի, 2025
Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան

Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան

Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը: «Հարգարժա՛ն գործընկերներ, Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել պարոն Վինկլերին բանաձեւի վրա նվիրված աշխատանքի եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին ու խաղաղության հեռանկարներին տված ուշադրության համար: Մեր վերջին հանդիպումից հետո մենք, իսկապես, նշանակալի առաջընթաց ենք գրանցել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ամբողջությամբ ավարտվել են, եւ մենք այժմ գտնվում ենք համաձայնագրի ստորագրման քննարկման փուլում: Հայաստանը հրապարակայնորեն հայտնել է իր պատրաստակամությունը ստորագրել այս համաձայնագիրը: Սա պարզապես քաղաքական զարգացում չէ, սա շրջադարձային պահ է: Տարածաշրջանը երկար տարիներ ընկալվել է որպես հակամարտությունների եւ առճակատումների գոտի: Այսօր մենք հնարավորություն ունենք փոխելու այդ պատկերն ու ցույց տալու, որ նույնիսկ տասնամյակներ տեւած հակամարտություններից հետո ազգերը կարող են ընտրել խաղաղությունը՝ երկխոսության միջոցով: Մենք համոզված ենք, որ այս քայլով կարող ենք հստակ ուղերձ հղել. խաղաղությունը հնարավոր է, եւ այն կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի եւ փոխադարձ ըմբռնման շնորհիվ: Մենք կարող ենք դառնալ դրական օրինակ աշխարհի համար. օրինակ այն մասին, թե ինչպես կարող են դժվար պատմություն ունեցող երկրներն առաջ նայել՝ չմնալով անցյալի գերության մեջ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մշտական խաղաղությունը հնարավորություն կտա երկու երկրներին զարգանալ որպես տրանսպորտային եւ կապի հանգույցներ, ստեղծել առեւտրային, էներգետիկ եւ մարդկանց միջեւ կապերի կամուրջներ եւ դառնալ օրինակ այն աշխարհում, որտեղ, ցավոք, երբեմն պատերազմն ավելի հեշտ ընտրություն է թվում, քան դիվանագիտությունը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն խրախուսել եւ աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ անցնելու համաձայնագրի ստորագրման փուլին: Սա սպասելու պահ չէ, սա գործելու պահ է, եւ ձեր աջակցությունը կարող է որոշիչ դեր ունենալ այս պատմական քայլն իրականացնելու ճանապարհին: Գործընկերնե՛ր, Եկեք այս պահը վերածենք ուղենշային մի պահի ոչ միայն մեր, այլ նաեւ գալիք սերունդների համար: Շնորհակալություն»,- ավարտել է ելույթը հայ պատվիրակը:
18:44 - 30 հունիսի, 2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային իրավիճակը: Ձեր ելույթում նշեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների շրջանակում գրանցված առաջընթացի մասին, եւ, իսկապես, մեր երկու երկրներն այս տարվա սկզբին հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը պատրաստ է, եւ Հայաստանն առաջարկել է սկսել քննարկումներ դրա ստորագրման օրվա եւ վայրի վերաբերյալ: Համաձայն եմ այն գնահատականի հետ, որ անհրաժեշտ է օգտագործել հնարավորության պատուհանը՝ ստորագրելու եւ վավերացնելու այդ համաձայնագիրը, ինչպես նշվում է Ձեր բանաձեւում եւ ինչպես հենց նոր նշեց ադրբեջանցի իմ գործընկերը: Հայաստանը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ հաստատել միջպետական հարաբերություններ մեր երկու երկրների միջեւ: Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր: Հայաստանը պատրաստ էր ստորագրել այն երեկ: Դրա համար այլեւս խոչընդոտներ չկան: Կրկնում եմ՝ այլեւս խոչընդոտներ չկան: Եվ մենք չպետք է ծանրաբեռնենք խաղաղության օրակարգը նոր թեմաներով, նոր նախապայմաններով: Պայմանագրի տեքստը կարող է ծառայել որպես ամուր հիմք՝ հարաբերությունների կարգավորման եւ երկխոսության շարունակման համար: Ակնհայտ է, որ կան մի շարք բաց հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ երեք տասնամյակ տեւած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք: Ես կարծում եմ՝ մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացումը համաձայնագրի ստորագրման ու վավերացման միջոցով, ամենակարեւոր նախապայմանն է երկխոսություն եւ վստահություն կառուցելու համար: Ներկայիս աշխարհաքաղաքական խառնաշփոթի եւ ճգնաժամի պայմաններում, եւ երբ մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը, մենք լավ նորությունների եւ հաջողության պատմությունների կարիք ունենք: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել այդպիսի հաջողության պատմություն: Շնորհակալություն»,- ելույթում նշել է պատգամավորը:
18:32 - 30 հունիսի, 2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նա հանդես է եկել ելույթով, որում նշել է.   «Այս հանդիպումը տեղի է ունենում գլոբալ անվտանգության ճարտարապետության աննախադեպ և խիստ մտահոգիչ վատթարացման ֆոնին, այդ թվում՝ ԵԱՀԿ տարածաշրջանում: Շարունակվող ճգնաժամերն ու հակամարտությունները, մեկտեղված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի մշտական խախտումներիհետ, քայքայում են այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա հիմնված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից և Սառը պատերազմից հետո ձևավորված անվտանգության համակարգը։ Չափազանցություն չի լինի ասել, որ տարեցտարի աշխարհն աստիճանաբար մոտենում է անդառնալիության կետին։ Սակայն, բարեբախտաբար, մենք դեռևս չենք հատել այդ կրիտիկական շեմը, թեկուզ և քիչ ժամանակ է մնացել՝ գնահատելու և ճիշտ որոշում կայացնելու համար:   Այս տարի մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։ Դեկալոգը՝ իր հիմնարար սկզբունքներով, ինչպիսիք են տարածքային ամբողջականության հարգումը, ինքնիշխան հավասարությունը, սահմանների անխախտելիությունը, ուժի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը, ձևավորում է մեր ընդհանուր հանձնառությունների շրջանակը՝ ուղղորդելով միջպետական հարաբերությունների թերևս անկատար, սակայն քաղաքականապես պարտավորեցնող վարքագիծը։ Սակայն այսօր այս հիմնարար սկզբունքները համակարգված և միտումնավոր կերպով անտեսվում են։ Տասնամյակների ընթացքում ձևավորված այս կոնսենսուսային համակարգը մարտահրավերների է բախվում բազմաթիվ ուղղություններով։ Այս համատեքստում չափազանց կարևոր է վերահաստատել մեր հանձնառությունը հավաքական անվտանգության հիմք հանդիսացող սկզբունքներին և գործիքակազմին։   Հաշվի առնելով, որ ԱՎՏՀ-ն ընձեռում է կարևոր հնարավորություն՝ գնահատելու ԵԱՀԿ մասնակից պետությունների ջանքերը քաղաքական-ռազմական հարթությունում՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է ընձեռել սպառազինությունների վերահսկման ճարտարապետության առկա վիճակին։ Հայաստանը շարունակում է խորապես հավատալ, որ գործուն և վստահելի սպառազինությունների վերահսկման համակարգը կենսական նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ապահովման, փոխադարձ վստահության ձևավորման և էսկալացիայի կանխարգելման համար։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը ցուցաբերել է լիարժեք հավատարմություն սպառազինությունների վերահսկման ռեժիմի ներքո իր պարտավորություններին, ներառյալ՝ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում։ Սակայն մեր տարածաշրջանում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է՝ դրա հիմնական դրույթների համակարգային և զանգվածային խախտումների հետևանքով, ինչը, զուգորդվելով միջազգային հանրության կողմից նման խախտումների վաղ ազդանշանների ժամանակին հայտնաբերման և վերահաս էսկալացիան կանխելու կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու անկարողության հետ, այս մեխանիզմները վերածել է ուժի կիրառման համար հարմար ծխածածկույթի։ Այնուամենայնիվ, Հայաստանը, հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև հարևանների միջև վստահության և վստահելիության ձևավորմանը, Ադրբեջանին է ներկայացրել գրավոր առաջարկ՝ ուղղված սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծմանը։ Մենք վստահ ենք, որ նման երկկողմ պայմանավորվածությունների միջոցով հնարավոր է խթանել թափանցիկությունը, կառուցել վստահություն և նվազեցնել սպառնալիքների ընկալման ռիսկերը։ Ի հավելումն, Հայաստանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի երկայնքով հրադադարի հնարավոր խախտումների անաչառ հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկով՝ հավելյալ ընդգծելով իր հանձնառությունը երկխոսությանը և լարվածության թուլացմանը։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ նման մեխանիզմները կարևոր են տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման համար, և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ներգրավվելու կենսական նշանակության այս հարցերի շուրջ բովանդակային երկխոսության մեջ։ Պարո՛ն նախագահող, Մինչ աշխարհը բախվում է հակամարտությունների կտրուկ աճի և անցնում է ժամանակակից պատմության ամենաանհանգիստ ժամանակաշրջաններից մեկը, Հայաստանը անդրդվելի է իր հանձնառության մեջ՝ հասնելու արդար և տևական խաղաղության Հարավային Կովկասում, որը վաղուց ճանաչվել է որպես ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը։ Իհարկե, մենք որևէ պատրանք չունենք առ այն, որ խաղաղությունը կարող է հեշտությամբ հաստատվել։ Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղության ուղին հենվում է հստակ և տրամաբանական բանաձևի վրա՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ Այս բանաձևը մեր տարածաշրջանին տալիս է իրական հնարավորություն՝ ճեղքելու թշնամանքի շղթան և կառուցելու ավելի կայուն ու համագործակցային ապագա։ Ավելի քան երեք տարի տևած հագեցած բանակցություններից հետո սույն թվականի մարտին արձանագրվել է մի շրջադարձային առաջընթաց՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Այս համաձայնագրի վերջնականացումը իրական առաջընթաց է՝ մի քայլ, որը ստեղծում է աննախադեպ հնարավորություն առաջ շարժվելու հակամարտությունների ժառանգությունից և ինստիտուցիոնալացնելու խաղաղությունը՝ հիմնված փոխադարձ ճանաչման և միմյանց տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս առումով Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է՝ մենք չպետք է թույլ տանք այս պատմական պահի բացթողումը։ Այդ նպատակով է Հայաստանը առաջարկել խորհրդակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ, և, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է այդ ուղղությամբ իր ջանքերը: Սակայն, ինչպես ցանկացած երկկողմ խաղաղության համաձայնագրի դեպքում, դրա հաջողությունը կախված է երկու կողմերի անկեղծ հանձնառությունից։ Ի վերջո, ստորագրությունը սոսկ ձևականություն չէ. այն քաղաքական կամքի դրսևորում է և իրավական ու բարոյական պարտավորության հիմք։ Ցավոք, համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո Ադրբեջանը ներկայացրել է արհեստական նախապայմաններ․ մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների լուծարման վերաբերյալ, իսկ մյուսը՝ ՀՀ Սահմանադրության մեջ ենթադրյալ տարածքային հավակնությունների առկայության առնչությամբ։ Հատուկ անհրաժեշտություն չկա կրկին անդրադառնալ այս հարցերում Հայաստանի հայտնի դիրքորոշմանը։ Մենք արդեն մանրամասն և լիակատար թափանցիկությամբ ներկայացրել ենք մեր տեսակետները, այդ թվում՝ հենց այս հարթակում, մասնավորապես՝ այս տարվա մարտին մեր նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում։ Մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ամենակարճ ճանապարհն է պատասխանելու բոլոր հարցերին, հասցեագրելու առնչվող մտահոգությունները և հնարավոր խոչընդոտները։ Այն ներկայացնում է առաջին և ամենակարևոր քայլը՝ առճակատումը համագործակցության վերածելու ուղղությամբ։ Ավելին, Հայաստանը վստահ է, որ Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա, հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի մինչ այժմ չիրացված ներուժը և կբացի հսկայական հնարավորություններ Հարավային Կովկասի և այլ տարածաշրջանների բարեկեցության համար։ Սա նաև մեծապես կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը ու կայուն զարգացմանը: Այս կապակցությամբ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ներուժ ունի դառնալու տարածաշրջանային համագործակցության հարթակ և ծառայելու որպես վստահության ձևավորման կարևոր միջոց, որը կարող է էական ներդրում ունենալ տևական խաղաղության հաստատման ջանքերում։ Հարգելի՛ գործընկերներ, Երկխոսության և բարեխիղճ ներգրավվածության հանդեպ անկեղծ հանձնառությունը խաղաղություն կառուցելու կարևոր հենքն է։ Այս առումով մտահոգիչ է, որ մենք շարունակում ենք լսել բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարություններ, որոնք պարունակում են բացահայտ սպառնալիքներ և տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող խոսույթի միջոցով։ Ցավոք, ԵԱՀԿ հարթակները ևս շահարկվում են այդ խոսույթը տարածելու նպատակով։ Մենք հաստատակամորեն հավատում ենք, որ բոլոր ջանքերը, այդ թվում՝ երկու կառավարությունների կողմից, պետք է ուղղված լինեն իրենց հասարակություններին ուղղորդելուն և քաջարելելուն՝ կենտրոնանալու տևական խաղաղության հաստատման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման վրա։ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ևս մեկ անգամ դրսևորվում է մեր երկրի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռնարկված քայլերով: Այս համատեքստում կցանկանայի առանձնացնել ՀՀ վարչապետի վերջերս կատարած Թուրքիա այցը, որի ընթացքում կողմերը վերահաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել շոշափելի արդյունքների հասնելու կարևորությունը։ Մենք համոզված ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կլինի էական երկկողմ առաջընթաց, այլև դրական ազդեցություն կունենա առավել լայն տարածաշրջանային խաղաղության օրակարգի վրա։ Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել մեր համոզմունքը, որ խաղաղությունը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև ռազմավարական անհրաժեշտություն։ ԵԱՀԿ-ն և իր մասնակից պետությունները պետք է շարունակեն վճռականորեն աջակցել այն գործընթացներին, որոնք նախընտրում են երկխոսությունը՝ բաժանման փոխարեն, և համագործակցությունը՝ հակամարտության փոխարեն։ Հայաստանը պատրաստ է կառուցողականորեն նպաստել այդ տեսլականի իրականացմանը։
20:40 - 26 հունիսի, 2025
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող 23 հայ գերիների (ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները) ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատուներին՝ առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿ-ի տրամադրության տակ գտնվող գործիքակազմերը՝ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի հանձնառությունների համատեքստում գնահատելու օրենսդրական և վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպես նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատվուություւններ կատարելու համար․ հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ «ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են նաև մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին։ Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից ստեղծված հարթակը՝ https://armeniancause.net/ հասցեով, որտեղ հնարավոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին։ Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագհահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները։ Ստորագրությունների թիվը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն, անհրաժեշտ է մեծացնել այն։ Ուստի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը, նրանց, ովքեր դեռևս չեն միացել հիշյալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը և օժանդակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։
14:56 - 29 ապրիլի, 2025
Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն
 |azatutyun.am|

Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու համար, այսօր Բաքվում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵՄ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Այս պահանջներից բացի Բայրամովը կոչ է արել նաև քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի և Թուքրիայի դրոշների այրումը որպես հանցագործություն ճանաչելու համար։ «Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս», - ասել է նա, հավելելով․ - «Կցանկանայի նշել վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը: Ցավոք, նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաև Ֆրանսիայում: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն»:Եվրամիության արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում ԵՄ-ի կարևոր գործընկեր է։ «Մենք ակնկալիքներ ունենք մեր հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն Կայա Կալլասը՝ նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
15:13 - 25 ապրիլի, 2025
Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի
 |1lurer.am|

Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը հերթական անգամ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Նրա խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում: «Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը: Հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել՝ հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:  Հանդիպմանը անդրադարձ է եղել Վրաստանում և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հարցերին:
17:58 - 22 ապրիլի, 2025
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը: «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։   ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները: Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը. «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:
09:50 - 21 ապրիլի, 2025
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին

Մարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրին` ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ դրա շուտափույթ ստորագրումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման համար:
21:44 - 27 մարտի, 2025
Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը․ Ռոբերտ Քոչարյան

Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը․ Ռոբերտ Քոչարյան

Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև հիմա եթե Մինսկի խումբը լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի նոր այդ կարգի միջազգային ֆորմատ ունենալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով այս պահին Մինսկի խումբը որևէ կերպ չի խանգարում որևէ բանի, ուստի մինչ նոր հնարավոր ձևաչափի ձևավորումը այն չպետք է լուծարել։ Խոսելով՝ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության մասին՝ Քոչարյանը նշեց, որ նրանք իրենց գործառույթը կատարում էին մինչ այն պահը, երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ «Էդ պահին ի՞նչն էր քեզ (Նիկոլ Փաշինյանին՝ խմբ․) ստիպում՝ դու գնաս, Պրահայում էդ թուղթը ստորագրես, որ Շառլ Միշելը (ԵՄ խորհրդի նախկին նախագահ՝ խմբ․) ասի՝ էս ինչ լավ տղա ա։ Ո՞ւր ա հիմա Շառլ Միշելը, աո՜ւ։ Դուք չե՞ք տեսնում, որ Եվրոպայի առաջնորդները պաշտոնից հեռացնելուց հետո կորում են»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն ինչ փոխվել է այսօր։ Դիտարկմանը, որ Ադրբեջանն է պահանջում, որ լուծարվի Մինսկի խումբը, Քոչարյանը արձագանքեց․ «Ալիևը պահանջում է, դու էլ չես համաձայնում, ուրեմն՝ մնում ա Մինսկի խումբը»։
12:49 - 17 փետրվարի, 2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։
19:04 - 15 փետրվարի, 2025
Պահանջում ենք հրապարակել բանակցային գործընթացի ողջ փաթեթները, անտրամաբանական է դրանք գաղտնի պահելը. Հայկ Մամիջանյան
 |tert.am|

Պահանջում ենք հրապարակել բանակցային գործընթացի ողջ փաթեթները, անտրամաբանական է դրանք գաղտնի պահելը. Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Ինքն արդեն իսկ հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է քաղաքացիներին պատմել, թե մինչ այդ, մինչ իր աղետալի բեմելն ի՞նչ բանակցային փաթեթներ էին առկա։ Ընդ որում, եթե այս կողմից լինեն մարդիկ, որոնք հանճարեղ մտքեր արտահայտեն, թե նախագահներն իրենք կարող են հրապարակել դրանք, ոչ, դա այդպես չէ, այդ փաստաթղթերը գաղտնի են, իսկ գաղտնիության գրիֆ Հայաստանի Հանրապետությունում, շնորհում է կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը։ Ընդ որում, ասելով, թե դրանք գաղտնի են, գաղտնի էլ պիտի մնան, անտրամաբանական է, որովհետև դուք պատրաստ եք Մինսկի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, էլ ի՞նչ գաղտնիության մասին կարող է լինել խոսքը։ Լրատվականները, պաշտոնաթող նախագահները և ամենակարևորը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից հրապարակել նախորդիվ բանակցային փաթեթները»,- ասաց պատգամավորը: Վերջինս նշեց, որ այդ պահանջին միանում է նաև Հանրապետական կուսակցության ֆրակցիան: «Ընդ որում, սիրելի քաղաքացիներ, պատրաստ եղեք Փաշինյանի ավանդական մանիպուլյացիաներին, ինքն անելու է մոտավորապես հետևյալը. հանելու է այդ թղթերը, ասելու է, տեսեք այստեղ գրված է, որ մածունը սպիտակ է, բայց ախր սև թանաքով է չէ գրված, ուրեմն կա շանս, որ մածունը նույնպես սև է, այ այդ ոճի մանիպուլյացիաների պատրաստ եղեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այս անգամ արդեն փաստաթղթային ապացույցներով, ևս մեկ անգամ պիտի համոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի Հանրապետությունը և Նիկոլ Փաշինյանն է վտանգել Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետությունը։ Չնայած, դրանում կասկածող մարդկանց թիվը շատ փոքր է ու բաժանվում է երկու պարզ խմբի։ Առաջին խումբն այն մարդիկ են, որոնց դուք մոլորեցրել եք, ընդ որոմ մոլորեցրել եք ամոթալի ստերով ու տարբեր տեսակի չախոյանական ֆեյք նյուզերով, իսկ մյուս հատվածը դուք եք, որոնք աշխատավարձ են ստանում նման ստեր տարածելու համար»,- ասաց Մամիջանյանը:
17:49 - 21 հունվարի, 2025
Չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գանգատներից, հրաժարվել Մինսկի խմբի լուծարման մտադրությունից. ՀԿ-ներ

Չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գանգատներից, հրաժարվել Մինսկի խմբի լուծարման մտադրությունից. ՀԿ-ներ

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Նիկոլ Փաշինյանի հրապարակման վերաբերյալ, որտեղ ՀՀ վարչապետը տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար, ի թիվս այլնի, որպես առաջարկել էր նաև լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։  «2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նման առաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։  Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս պնդում ենք, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել հնարավոր չէ, քանի դեռ ձևավորված և իրագործված չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխող, խախտված իրավունքների վերականգնումը երաշխավորող մեխանիզմներ։ Առանց նման մեխանիզմների հնարավոր չի լինի ոչ միայն կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները, այլև վերացնելու մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությունը։ Առանց մարդու իրավունքները հիմքում ունեցող համապարփակ գործընթացի խաղաղությունն ինքնին զուրկ է իրական բովանդակությունից և չի կարող երաշխավորված լինել երկարաժամկետ կտրվածքով։   Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների կատարման։ Սույնով պնդում ենք, որ՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված  հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ։  ՀՀ ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) միջպետական գանգատներից հրաժարվելը կհանդիսանա  Կոնվենցիայով ստանձնած այս պարտավորության խախտում։ Ռասայական խտրականության արգելքը ճանաչված է որպես jus cogens, որը ստեղծում է erga omnes պարտավորություններ, որից որևէ վերապահում կամ շեղում չի թույլատրվում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների իրականացվող հետևողական և շարունակական լայնածավալ հայատյաց քաղաքականությունը, խտրականություն ու ատելություն պարունակող հրապարակային հայտարարությունները, որոնք շարունակում են հնչել անգամ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի  ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած պարտավորության խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն»։  Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար, ինչպես նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված հայատյացության պետական քաղաքականություն վարելու և ռասիստական պետություն ճանաչվելուց։ ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴում վերաբերում են հարյուր հազարավոր անձանց մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է էթնիկ ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։  Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու  և այլ հիմնարար իրավունքների խախտումների։ ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկը վերաբերում է հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։ ՀՀ վարչապետն իր առաջարկում ներկայացրել է  «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը», այս պայմաններում միջազգային իրավական գործընթացները միակ արդյունավետ միջոցն են ապահովելու Արդբեջանում պահվող հայազգի անձանց իրավունքները։ Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը անհապաղ և առանց որևէ նախապայմանների բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ու հայրենադարձելու ուղղությամբ։  Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր չեն քննարկվում։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու  որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականության արտացոլումն է հայերին և հայկական պետությունը որպես ֆաշիստական որակումը և ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։ Այս քաղաքականությունը լրացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և սեփական պետությունում ապրելու իրավունքի  դեմ։   Հայաստանի իշխանությունները առաջնային պարտավորություն ունեն պաշտպանելու ՀՀ քաղաքացիների և իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից, ինչպես նաև կանխելու խախտումներին հանգեցնող սպառնալիքները։ Միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները միտված են ՀՀ այս պարտավորության կատարմանը, և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով, նշանակում է հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, մենք վստահ ենք, որ ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի  միջազգային, այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացրած Ժնևի կոնվենցիաներով և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է։  Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, այն անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի  ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումները և էթնիկ զտումը։ ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարմամբ ՀՀ իշխանությունների կողմից կնշանակի ընդունել ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը ոչ միայն հենց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։    Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք․  ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում, շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ,  հրաժարվել  ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից»,- նշված է գրառման մեջ։  Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ «Փոփոխություն» ՀԿ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն  Փինք իրավապաշտպան ՀԿ Էկոլուր տեղեկատվական ՀԿ Գորիսի մամուլի ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն  Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ Հանրային լրագրության ակումբ Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն (Արցախ միություն) ՀԿ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ «Արբանե» հիմնադրամ
12:23 - 14 հունվարի, 2025
Ֆինլանդիան սկսում է իր ամենամյա նախագահությունը ԵԱՀԿ-ում |news.am|

Ֆինլանդիան սկսում է իր ամենամյա նախագահությունը ԵԱՀԿ-ում |news.am|

news.am: Հունվարի 1-ին Ֆինլանդիան ստանձնեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը՝ կենտրոնանալով ԵԱՀԿ սկզբունքների պահպանման վրա, աջակցելով Ուկրաինային և ուժեղացնելով կազմակերպության ճկունությունը անվտանգության բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Այս մասին ասված է ԵԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Որպես նախագահող երկիր, Ֆինլանդիան ընդգծում է ԵԱՀԿ սկզբունքները` նպաստելու մարդկանց ազատ ապրելու իրավունքի գերակայությամբ կառավարվող ժողովրդավարական հասարակություններին: «Այսօր մենք կանգնած ենք անվտանգության այս կոլեկտիվ համաձայնեցված կարգը պաշտպանելու աննախադեպ անհրաժեշտության առաջ: Քանի որ Հելսինկյան Եզրափակիչ ակտը նշում է իր 50-ամյակը, Ֆինլանդիան հետևողականորեն շեշտը դնելու է ԵԱՀԿ այս հիմնադիր փաստաթղթում ամրագրված սկզբունքների վրա: Երբ Ռուսաստանը մարտահրավեր է նետում մեր ընդհանուր անվտանգության հիմքերին, մենք մնացածը պետք է ոտքի կանգնենք և ամուր կանգնենք», - ասել է ԵԱՀԿ նոր նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը: Որպես նախագահող երկիր՝ Ֆինլանդիան առաջնահերթություն է տալիս ԵԱՀԿ մասնակից պետությունների ճկունությունը ուժեղացնելու ուղիներին: Ինչպես նախորդ ամբիոնները, Ֆինլանդիան նույնպես կդնի Ուկրաինան կազմակերպության աշխատանքի կենտրոնում: Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության աջակցությունը մնում է ԵԱՀԿ կենտրոնական ուշադրության կենտրոնում։ Ֆինլանդիան նույնպես ձգտում է ուժեղացնել կազմակերպության գործառնական կարողությունները: Չնայած կազմակերպության առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, Ֆինլանդիան ընդգծում է ԵԱՀԿ-ի հզորացման կարևորությունը՝ որպես անվտանգության ոլորտում օպերատիվ խաղացող և քաղաքական երկխոսության ֆորում: Վալտոնենը հիշեցրել է, որ մասնակից պետությունները կոլեկտիվ պատասխանատվություն են կրում ապահովելու, որ ԵԱՀԿ-ն մնա որպես գործող կազմակերպություն: Նախագահությունը նախատեսում է ստեղծել «Հելսինկի+50» հատուկ հիմնադրամ՝ համագործակցելով շահագրգիռ մասնակից պետությունների և ԵԱՀԿ քարտուղարության հետ՝ կազմակերպության աշխատանքին աջակցելու համար: «Հիմնադրամը նպատակ ունի բարելավելու կամավոր ներդրումների ուղղորդումը և օգտագործումը ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ աշխատելու և դոնորների և շահառուների միջև փոխգործակցության խթանմանը: Հիմնադրամը կնպաստի նաև քաղաքացիական հասարակության ամրապնդմանը»,- նշել է Վալտոնենը։
20:55 - 01 հունվարի, 2025