Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Գեղարքունիքի բնակիչը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով՝ մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար. ՔԿ

Գեղարքունիքի բնակիչը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով՝ մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը ստանձնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թ․ Ալավերդի քաղաքի 49-ամյա բնակիչը համաքաղաքացուց վարձակալությամբ վերցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարձակալությունից առաջացած գումարը չի կարողացել վճարել, սակայն պարտավորվել է մաս-մաս վճարել։ Այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչը, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրագործմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստանձնել է հիշյալ հարցին առնչվող՝ 49-ամյա տղամարդու կողմից պարտք մնացած գումարի՝ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը: Պարզաբանումներ կատարելու նպատակով, 2022 թ․ դեկտեմբերից 2023 թ․ փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը զանգահարել է 49-ամյա տղամարդուն, հայտարարել, որ պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, քանի որ ինքն է զբաղվելու գումարը վերադարձնելու հարցով։ Այնուհետև, Գեղարքունիքի մարզի բնակիչը գումարը վերադարձնելու պահանջով պարբերաբար զանգահարել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է ու պարտք մնացած գումարը պետք է տան իրեն՝ դրա համար սահմանելով վերջնաժամկետ։ Վախենալով իրենց ընտանիքի անդամների համար՝ վերջիններս Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից տրամադրված քարտային հաշվեհամարներին կատարել են մի քանի դրամական փոխացնումներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28 - 02 մայիսի, 2024
Տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում դադարեցրել է բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը

Տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում դադարեցրել է բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ հասցեների բենզալցակայանի ու հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։ Տեսչական մարմնի և Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում դիզվառելիքի վաճառակետն ամբողջությամբ ապամոնտաժվել է։
15:03 - 29 ապրիլի, 2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նշված հաստատություն նախկինում կատարած այցերի ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ ՄԻՊ առաջարկների կատարման վիճակը, ինչպես նաև վեր են հանվել նոր խնդիրներ։ Մտահոգիչ է, որ նախկինում արձանագրված խնդիրների ծանրակշիռ մասը շարունակում է մնալ չլուծված։ Մասնավորապես, կենտրոնի որոշ բաժանմունքներ շարունակում են մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը։ Սենյակներում մահճակալներն իրար շատ մոտ են տեղադրված՝ խնամարկյալների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ, բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, որոշ հիվանդասենյակների պայմանները եղել են անբավարար, ֆիզիկական զսպման համար Կենտրոնի 9 բաժանմունքներից միայն մեկում է նախատեսված առանձնացված սենյակ։ Ֆիզիկական զսպումը մյուս բաժանմունքներում հաճախ իրականացվում է հիվանդասենյակներում մյուս բուժառուների ներկայությամբ, երբեմն՝ մասնակցությամբ, արձանագրվել են բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման և պատշաճ արձանագրման հետ կապված խնդիրներ։ Թեև ստացվել են տեղեկություններ, որ պացիենտների նկատմամբ հաճախակի կիրառվում են ֆիզիկական զսպման միջոցներ, սակայն մատյաններում բացակայել են դրանց վերաբերյալ արձանագրումները, բուժառուների նկատմամբ ֆիզիկական զսպում իրականացվել է օրենքով չնախատեսված, դժվար արձակվող մեխանիկական միջոցներով։ Մասնավորապես, պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով (բրդյա զուգագուլպա), դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման առանձին դեպքերում պատշաճ բժշկական զննություն չի իրականացվել և դրանց արդյունքները պատշաճ չեն արձանագրվել։ Մասնավորապես, մատյաններում առկա են եղել տվյալներ միայն պացիենտի զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ, արձանագրվել են անգործունակ ճանաչված անձանց իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, վերջիններիս խնամակալներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացրել, իսկ բուժառուները պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ, մտահոգիչ է մնում խնամակալության ինստիտուտի ոչ պատշաճ իրացումը։ Խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու փաստացի վիճակի նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում, արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. բուժառուներին, որոնք չեն կարող անհատականացնել իրենց հագուստը, լվացվելուց հետո հագուստը տրամադրվում է պատահականության սկզբունքով, հրատապ անհրաժեշտություն կա քայլեր ձեռնարկելու հենց բաժանմունքներում բուժառուների լոգանքը մշտապես կազմակերպելու ուղղությամբ և ձեռնպահ մնալու եղանակային ցուրտ պայմանների ընթացքում մասնաշենքից դուրս՝ բաղնիքում այն կազմակերպելուց, կենտրոնի ոչ բոլոր բաժանմունքներում է առկա եղել հարմարեցված և մատչելի միջավայր։ Օրինակ՝ բաժանմունքների մեծ մասի մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի հետևանքով տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն զբոսանքից և սանհանգույցից օգտվելու դժվարություններ, անթույլատրելի է ժամկետանց և առանց մակնշման սննդամթերքի (օրինակ` մածունի և կոլոլակի) առկայությունը, ինչպես նաև ճաշացանկով նախատեսված սննդամթերքի բացակայությունը։ Օրինակ՝ ապրիլի 21-ին ճաշացանկով նախատեսվել է կաթնաշոռ բանանով այն պարագայում, երբ կաթնաշոռ չի եղել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա 2 օրը ոչ աշխատանքային օրեր էին և այն չէին կարող ձեռք բերել՝ Պաշտպանի ներկայացուցիչների արձանագրումից հետո նախատեսվել է առաջիկա օրերի ճաշացանկի փոփոխություն, առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն։ Չնայած զբաղվածության կենտրոնի առկայությանը՝ բաժանմունքներում բուժառուների զբաղմունքը շարունակում է սահմանափակվել միջանցքում տեղադրված հեռուստացույց դիտելով, շարունակում է մտահոգիչ մնալ որպես աշխատանքային թերապիա բուժառուներին տարաբնույթ աշխատանքներում (բաժանմունքների և բակի մաքրության, ջերմոցի, սննդի տեղափոխման աշխատանքներին և այլն) առանց ժամանակային սահմանափակման և մասնագիտական հսկողության ներգրավելու գործընթացը: Կենտրոնում բուժառուների աշխատանքային թերապիայի մասնակցության նպատակահարմարությունը դիտարկող որևէ չափանիշ չի առանձնացվել, շեշտադրվել է միայն պացիենտների ցանկությունը, ինչպես նաև նրանց կողմից արդյունավետ գործունեությամբ զբաղվածություն ունենալու կարևորությունը, Կենտրոնի բաժանմունքներում բուժառուների հետ հոգեբանական աշխատանքները կազմակերպելու համար համապատասխան պայմաններ նախատեսված չեն եղել, առկա չեն հոգեբանի և հոգեբույժների համատեղ աշխատանքների արձանագրման ու վերահսկման միասնական կառուցակարգեր, հոգեբանները հիմնականում չեն մասնակցում պացիենտի բուժական ռազմավարության մշակմանը, Կենտրոնի որոշ բաժանմունքներում հեռախոսները եղել են ոչ սարքին, ինչի պատճառով անհատական բջջային հեռախոս չունեցող բուժառուները չեն կարողացել զանգահարել մերձավորներին կամ խորհրդապահական կարգով կապ հաստատել համապատասխան մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, շարունակում է արդիական մնալ կենտրոնի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը, առկա են եղել հոգեբույժների թափուր հաստիքներ, հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են և այլն: Ողջունելի է Կենտրոնում բուժառուների դեղորայքային բուժման սխեմաների վերանայումն ու բազմադեղաբուժությունից հրաժարումը, ինչպես նաև նոր սերնդի դեղամիջոցների ներառման միտումը վերոնշյալ սխեմաներում։ Պաշտպանն ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է այն մարմինների աշխատակիցների իրավունքների վիճակը, որոնք իրենց գործունեությամբ կոչված են իրականացնելու այլ անձանց իրավունքների պաշտպանություն: Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն: Վերոնշյալ խնդիրների հիմնական մասն ունեն համակարգային բնույթ և մանրամասն` լուծման առաջարկների հետ միասին, արձանագրված են Մարդու իրավունքների պաշտպանի Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան զեկույցում։ Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ ներառված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները, կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բարձրացված հարցերի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների կազմակերպումը։
15:01 - 26 ապրիլի, 2024
Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն են գործադրել․ երկու անձ կալանավորվել է․ ՔԿ
 |factor.am|

Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն են գործադրել․ երկու անձ կալանավորվել է․ ՔԿ |factor.am|

factor.am: Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011 թ․ ծնված մի աղջկա նկատմամբ․ այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Նրա տեղեկացմամբ՝ կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ փոխանցեց, որ անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություն, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ)։ Նա նաև հայտնեց, որ ձերբակալված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են։
15:36 - 18 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:  Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաև, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել»,- հայտնում են ՊՆ-ից:
09:30 - 06 ապրիլի, 2024
Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն


 |factor.am|

Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն |factor.am|

factor.am: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ապրող Արծվաշենի 600 բնակիչ ստորագրահավաք է կազմակերպել և փոխհատուցման պահանջով դիմել կառավարություն։ Արծվաշենցիները Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ոչ միայն ցանկանում են Արծվաշենում թողած սեփականության փոխհատուցման պատասխանը ստանալ, այլև իմանալ, թե անկալվների հարցի շուրջ համաձայնության դեպքում ինչ է սպասվում իրենց գյուղին։ Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն ակնկալում է, որ անկալվների փոխանակման դեպքում գյուղը դարձյալ հայկական վերահսկողության տակ հայտնվի։ Համայնքի ղեկավարի կարծիքով՝ 1992 թվականին օկուպացված Արծվաշենի վերադարձն իրատեսական է։ «Իրենք այնտեղ ոչ մի շինարարություն չեն արել. ադրբեջանցիները զգուշավորություն են ցուցաբերում նման հարցերում։ Եթե նրանք կադաստրի վկայական չունենան, ոչինչ չեն կառուցում։ Google որոնողական համակարգում էլ, որ մեր գյուղի մասին տեղեկություն ես փնտրում, գրվում է՝ ՀՀ, գ․ Արծվաշեն։ Գյուղը դե ֆակտո է իրենցը, դե յուրե՝ մեր երկրինն է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:16 - 26 մարտի, 2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսում հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսում հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանվածների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Վարդենիսում ապաստան գտածները ներկայացրին իրենց որոշակի մտահոգությունները, որոնք վերաբերում էին հաշմանդամության թոշակների, նպաստների հատկացման, փաստաթղթերի ճշգրտման, զբաղվածության, պետական աջակցությամբ նախատեսված բնակարանաշինական ծրագրերի բովանդակության իրազեկման և այլ հարցերի հետ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, Վարդենիսի համայնքապետարանին ու ողջ բնակչությանն՝ իրենց  բոլոր հարցերում օժանդակելու և ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար, հավելելով, որ իրենց այս պահին առավել անհանգստացնում է աշխատանք գտնելու խնդիրը։ Մարզպետ Կարեն Սարգսյանը, պատասխանելով հարցերին՝ շեշտեց, որ ծանոթ է առաջ քաշված խնդիրներին, որոնք  կարգավորելու նպատակով օրեր առաջ խորհրդակցություն է անցկացրել մարզի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տնօրենների հետ՝ տալով համապատասխան ցուցումներ։  «Բարձրացված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են, որոնք բոլորն էլ կկարգավորվեն առաջիկայում։ Անգամ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հետ ձեռնարկում ենք միջանկյալ լուծումներ, որպեսզի ոչ մի ընտանիք դուրս չմնա աջակցությունից և ամենօրյա ուշադրությունից»,-հավաստեց մարզպետը։ Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հորդորեց արցախցիներին՝ մնալ ու ապրել Վարդենիսում և տուրք չտալ սադրիչ լուրերին, ասեկոսեներին ու խուճապի չմատնվել, այլ շարունակել ինտեգրվել տեղի հասարակությանը՝ Վարդենիսը համարելով իրենց հայրենի տունը։
14:51 - 07 մարտի, 2024
Միջնակարգ դպրոցից 28 միլիոն դրամից ավելի գումար հափշտակելու համար մեղադրվող աշխատակիցը հայտնաբերվել է

Միջնակարգ դպրոցից 28 միլիոն դրամից ավելի գումար հափշտակելու համար մեղադրվող աշխատակիցը հայտնաբերվել է

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի միջոցներից առանձնապես խոշոր չափի՝  28 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձը, 2016-2019 թվականների ընթացքում, ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի ֆինանսական գործառնություններ կատարելու իրավասություն ունեցող անձին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։ Արդյունքում վերջինս, ունենալով դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, ծառայողական լիազորություններն օգտագործելով, դպրոցի՝ իրեն վստահված միջոցներից, առանց օրինական հիմքերի, որպես աշխատավարձի գումարներ, ելքագրել և մաս-մաս ինչպես իր, այնպես էլ դպրոցի աշխատակից չհանդիսացող իր կնոջ, ծանոթի ու քննությամբ ինքնությունները չպարզված այլ անձանց հաշիվներին փոխանցել է ընդհանուր առմամբ 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱԿ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նախաքննության ընթացքում նշված վնասից վերականգնվել է 1մլն ՀՀ դրամը։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի նախկին՝ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է 2023թ․ օգոստոսին, և այդ մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան: Դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն ունեցող աշխատակցի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Քննությունից խուսափելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել էր, սակայն 2024 թվականի հունվարի 29-ին Ոստիկանության Ինտերպոլ ԱԿԲ-ից տեղեկություն է ստացվել վերջինիս՝ Հայաստան ժամանելու մասին։ Տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերսկսված վարույթով նրան ներկայացվել է մեղադրանք, առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված կալանքը վերստին քննարկելու համար, որը բավարարվել է մասնակի․ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 3.500.000 ՀՀ դրամ գրավով: Նախաքննությունն ավարտվել է նաև նշված անձի մասով, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:28 - 05 մարտի, 2024
Նորատուսում տեղի ունեցած միջադեպի համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան

Նորատուսում տեղի ունեցած միջադեպի համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու, ծառայողական գործունեությանը միջամտելու համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան: Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի 5 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար (4 անձի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը): Դատախազը 2024 թվականի փետրվարի 29-ին հաստատել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
12:50 - 01 մարտի, 2024
Նախնական տվյալներով Գեղարքունիքի դանակահարության դեպքը կապված չէ տուժողներից մեկի ծառայողական գործունեության հետ

Նախնական տվյալներով Գեղարքունիքի դանակահարության դեպքը կապված չէ տուժողներից մեկի ծառայողական գործունեության հետ

2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։  Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ. փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել, ապա վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում հաշվառված 19-ամյա երիտասարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, 2024թ. փետրվարի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /երկու դրվագ/, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ, 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։ Որոշում է կայացվել՝ 19-ամյա երիտասարդին, սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։
12:44 - 22 փետրվարի, 2024
Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը
 |news.am|

Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում մեկ տարի ժամկետով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից (Կոնվերսբանկ, Էվոկաբան, Ամերիաբանկ Ակբաբանկ) ստացվել եւ ՄԶԾ հաստատվել է 412  շահառուի հայտ: Դրանք ըստ նմարզերի բաշխված են հետեւյալ կերպ. Տավուշի մարզ – 239 Սյունիքի մարզ – 54 Արարատ – 50 Վայոց ձոր – 47 Գեղարքունիք – 22: Այս 412 հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում: Նաեւ պոտենցիալ շահառուների թիվը այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան 412-ը, որովհետեւ ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները շինթույլտվություններն ստացել են, բայց դեռ չեն դիմել բանկ»,-ասաց նա: Նախարարը հստակեցրեց, որ շահառուները պետք է լինեն զագսով գրանցված ամուսիններ եւ նրանցից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի. «Նրանք ծրագրից կարող են օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ: Կա սահմանամերձ գյուղերի համար հաստատված ցանկ, շուրջ 80 գյուղեր: Շահառուն պետք է համայնքից շինթույլտվություն ունենա, ինչպես նաեւ կառուցապատման նախագիծ եւ նախահաշիվ: Ըստ ծրագրի պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչեւ 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումարն ու դրա գծով առաջացող տոկոսագումարը՝ 13 տոկոս տոկոսադրույքով: Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 մլրդ դրամի վարկ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով 412 շահառուի առկայությանը, ասաց. «Մենք մոտավորապես օրը մեկ տան վարկի հարց ենք լուծել: Օրը մի որոշում կայացվել է, ինչը վատ ցուցանիշ չէ: Երբ մի քանի տեղ շինարարություն սկսվեց, մենք տեսնում ենք, որ համատարած սահմանամերձգյուղերում այդ շինարարություններն իրականացվում են: Այս ծրագրով վարկը տալիս է բանկը, բայց եւ մայր գումարը, եւ տոկոսը վճարում է կառավարությունը: Գումարը 16 մլն դրամ է: Եթե քաղաքացին ուզում է 16 մլն-ից ավելին, նա կարող է իր կողմից 1, 2 կամ 5 մլն դրամ ավելացնել: Այդ 16 մլն-ը կվճարի կառավարությունը, իսկ ավել հատվածը՝ քաղաքացին: Ծրագիրը ծավալվում է, եւ մենք բնակֆոնդի թարմացում կարող ենք ունենալ»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ ոչ բոլոր դեպքերում են վարկերը հաստատում. «Ես փորձեցի հասկանալ՝ ինչն է պատճառը. հիմնականում նման դեպքեր պատահում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց հետ: Ես հետաքրքրվեցի, որ եթե մայր գումարն էլ է կառավարությունը տալիս, ինչո՞ւ է  բանկերին հետաքրքրում այդ հանգամանքը: Դրա համար կա կոնկրետ պատճառ. խնդիրն այն է, որ բանկերը տրանշներով վարկերը տալիս են քաղաքացուն եւ եթե նրանք տեսնում են, որ քաղաքացին խաղադրույքներ կատարելու սովորություն ունի, կարող է տրանշը վերցնել եւ նպատակային չօգտագործել, ինքը խուսափում է վարկը հաստատելուց»,- ասաց վարչապետը:
13:01 - 15 փետրվարի, 2024
«Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստն անձնագրային բաժինն է». Փաշինյան |aysor.am|

«Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստն անձնագրային բաժինն է». Փաշինյան |aysor.am|

aysor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հորդորեց մարդկանց ասել, որ գումար վերցնեն, գնան տուն սարքեն։ «Անձնագրային բաժնի հետ կապված ասում են՝ «վայ, էս ի՞նչ ա»։ Ի՞նչ կապ ունի անձնագրային բաժնի չորս աշխատող կա՞ Վարդենիսում նստած, թող գումար վերցնեն, գնան տուն սարքեն»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը նշեց, թե խոսում են, որ եթե անձնագրայինի կամ կադաստրի բաժինը լուծարվում է, ուրեմն բնակավայրը տալիս են։ «Որ առողջապահական հիմնարկ ենք կառուցում՝ էդ հեչ, որ դպրոց ենք կառուցում՝ էդ հեչ, որ մանկապարտեզ ենք կառուցում՝ էդ հեչ, որ ջրագիծ ենք կառուցում՝ էդ հեչ, ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի ու անձնագրային բաժինն է։ Բա որ այդպես լավ է, եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային բացենք, ասենք՝ արա, էս ինչ երջանիկ ենք»,- ասաց վարչապետը։ Նա կոչ արեց տուն կառուցել, ամուսնանալ ու երեխաներ ունենալ։ Հիշեցնենք՝ օրեր առաջ վարդենիսցիները բողոքի ակցիա էին արել, փակել ճանապարհը, քանի որ անձնագրային բաժինը, ըստ խոսակցությունների, տեղափոխվում է Մարտունի։
12:59 - 15 փետրվարի, 2024