ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներից որևէ մեկով Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներից որևէ մեկով Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներից որևէ մեկով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի։ Այս մասին հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներից որևէ մեկով պարոն Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի։ Մյուս դատավարության մասնակիցների հաշվառում մենք չենք անում և հարցաքննված վկաների ու գործով ներգրավված այլ անձանց մասին նախաքննության ընթացքում տեղեկատվություն չենք տալիս»,- ասաց Խաչատրյանը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կապված հարուցվել է քրեական վարույթ, որը վերաբերվում է Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչությանը։  
18:17 - 15 հոկտեմբերի, 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք: Ինչպես  տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաև իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է  համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:  Ըստ աղբյուրի՝ վերը նշված հանցավոր արարքի համար Կ. Չ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:   Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:  Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
20:29 - 27 սեպտեմբերի, 2024
Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն դրամ կաշառք տալու փորձ

Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն դրամ կաշառք տալու փորձ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Ա. Տ.-ն հիշյալ ընկերությանը պատկանող հողատարածքում կառուցապատման աշխատանքների իրականացման ընթացքում քաղաքաշինական հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով պաշտոնատար անձանց փորձել է տալ 80 մլն դրամ կաշառք: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Տ.-ն, բազմաբնակարան շենքի կառուցապատման համար տրված շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կաշառք տալու նպատակով իր ծանոթ Գ. Գ.-ի միջոցով դիմել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, նպատակ չունենալով հիշյալ հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Գ. Գ.-ին վստահեցրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, որոնք 80 մլն դրամ կաշառքի դիմաց կարող են կազմակերպել վերը նշված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը: Ընդունելով պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը՝ Ա. Տ.-ն Գ. Գ.-ին է փոխանցել պահանջված գումարի մի մասը՝ 40 մլն ՀՀ դրամը, որից 25 մլն դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գ. Գ.-ն 2022 թվականի դեկտեմբերի 6-ին փոխանցել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, ստանալով նշված գումարը, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել: Այսինքն՝ Ա. Տ.-ի կողմից պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Գ. Գ.-ին՝ 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Հիշյալ երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Թ. Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:22 - 20 սեպտեմբերի, 2024
Բացահայտվել է ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք

Բացահայտվել է ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն դրամ կաշառք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից։ «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն 2024 թվականի մարտի 20-ին շինարարական ընկերություններից մեկի կողմից ՀՀ Արմավիրի մարզում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման վայրում հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերել են հարկային ընթացակարգով չհաշվառված առնվազն 9 աշխատակիցների, ինչպես նաև նշված շինարարական ընկերության և դրա հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության կողմից իրականացված տարբեր գործարքների ընթացքում դեռևս չպարզված հարկային տարբեր իրավախախտումներ: Դրանից հետո Հ. Կ.-ն և Վ. Ա.-ն իրենց ընդհանուր ծանոթ Ս. Ա.-ի միջոցով հանդիպել են հիշյալ շինարարական երկու ընկերությունների տնօրենի ու փոխտնօրենի հետ և նրանց օգտին անգործություն կատարելու, այն է՝ հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված չհաշվառված աշխատակիցների փաստը, ինչպես նաև տարբեր գործարքների ընթացքում չպարզված հարկային իրավախախտումները չարձանագրելու համար պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8.000.000 դրամ կաշառք՝ միևնույն ժամանակ խոստանալով հետագայում վերը նշված ընկերությունների համար խնդիրներ չստեղծել և հովանավորչության եղանակով պայմաններ ստեղծել անխոչընդոտ աշխատելու համար: Հիշյալ շինարարական ընկերությունների տնօրենն ու փոխտնօրենը, ինչպես նաև նույն ընկերությունների իրական շահառու հանդիսացող Կ. Հ.-ն տվել են իրենց համաձայնությունը՝ պաշտոնար անձանց տալ պահանջված կաշառքի գումարը: Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Ա.-ին և Հ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Ս. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Կ. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
18:15 - 13 սեպտեմբերի, 2024
Պարեկին կաշառք տալու դեպքերի թիվը 2024-ի 8 ամիսների ընթացքում նվազել է 80 տոկոսով
 |1lurer.am|

Պարեկին կաշառք տալու դեպքերի թիվը 2024-ի 8 ամիսների ընթացքում նվազել է 80 տոկոսով |1lurer.am|

1lurer.am: Մահվան ելքով վրաերթերի և վթարների թիվը կիսամյակի տվյալներով պակասել է 22-ով. սա շուրջ 30 տոկոսի նվազում է: Հավանական է, որ այդ նվազումը պայմանավորված է ճանապարհների որակի բարելավմամբ, սև կետերի վերացմամբ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ ի հավելումն ներկացնելով մեկ այլ վիճակագրություն, համաձայն որի՝ պարեկին կաշառք տալու դեպքերն այս տարի նվազել են: «Ունեցել ենք պարեկներին կաշառք տալու փորձի 48 դեպք անցած տարի. դրանք այն դեպքերն են, երբ պարեկին կաշառք տալու ժամանակ պարեկային ծառայության աշխատակիցը ձերբակալում է կաշառք տվողին և ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե: Անցած տարի ունեցել ենք 48 նման դեպք: Այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ մոտավորապես ունենք 80 տոկոսով նվազում»,- ասաց Խաչատրյանը: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ գրանցվել են նաև վարորդական վկայական ստանալու համար կաշառք տալու դեպքեր, որոնց բացահայտման արդյունքում այս մասով դեպքերի թիվը ևս նվազել է:
13:55 - 12 սեպտեմբերի, 2024
Բացահայտվել է ՀՀ ԱԱՏՄ պաշտոնատար անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք

Բացահայտվել է ՀՀ ԱԱՏՄ պաշտոնատար անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:    «Մասնավորապես՝ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերված խախտումների մասին Ք. Ա.-ն տեղեկացրել է ԲԿ փոխտնօրենին: Այնուհետև, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հիշյալ բուժհաստատության գլխավոր բժշկի օգտին թողտվության, ինչպես նաև ապօրինի անգործության, այն է՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար, Ք. Ա.-ն փոխտնօրենի միջոցով նրանից պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ընդունելով կաշառք տալու առաջարկը՝ ԲԿ գլխավոր բժիշկը 2023 թվականի հուլիսի 27-ին և 31-ին կաշառքի գումարը փոխտնօրենի միջոցով մաս-մաս փոխանցել է պաշտոնատար անձ Ք. Ա.- ին: Դրանից հետո  Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում իրականացված ստուգման վերաբերյալ կազմված ակտով արձանագրվել է, որ ստուգման ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտում խախտումներ չեն հայտնաբերվել: Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ք. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տված ԲԿ գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած ԲԿ փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:  Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:14 - 16 օգոստոսի, 2024
Արտաշատի համայնքապետարանին առնչվող քրեական գործի շրջանակում կալանավորվել է համայնքի ղեկավարի օգնականը

Արտաշատի համայնքապետարանին առնչվող քրեական գործի շրջանակում կալանավորվել է համայնքի ղեկավարի օգնականը

«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով` Արտաշատի համայնքապետարանին առնչվող քրեական գործի շրջանակում կալանավորվել է համայնքի ղեկավարի օգնականը։ Նա գործով արդեն 6-րդ մեղադրյալն է։ Ի պատասխան մեր հարցման` Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ համայնքապետարանի պաշտոնատար անձի է մեղադրանք ներկայացվել` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանը բավարարել է։ Հիշեցնենք, որ, ըստ Հակակոռուպպցիոն կոմիտեի, Արտաշատի համայնքապետարանում քննչական գործողություններն իրականացվում էին համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։  Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։
16:07 - 05 օգոստոսի, 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտել

Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Հ. Շ.-ն Մ. Մ.-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ակնաբուժական կլինիկայում հետազոտություն անցնող զորակոչիկ Գ. Մ.-ի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6000-6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ: 2023 թվականի նոյեմբերին, պայմանավորվածության համաձայն, զորակոչիկ Գ. Մ.-ն և նրա մտերիմ անձը 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ: Արդյունքում՝ զորակոչիկից կաշառք ստացած պաշտոնատար անձ Հ. Շ.-ն 2023 թվականի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ. Մ.-ն, իրականում նպատակ չունենալով նշված զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից ստացել է ընդհանուր 4000 ԱՄՆ դոլար և 1.100.000 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից նշված զորակոչիկներն ազատվել են պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից:  Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), իսկ Գ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Հ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:27 - 05 օգոստոսի, 2024
Արտաշատի համայնքապետարանում ստուգումներից հետո 9 անձ մեղադրվում է կաշառք ստանալու, տալու, խարդախություն կատարելու մեջ

Արտաշատի համայնքապետարանում ստուգումներից հետո 9 անձ մեղադրվում է կաշառք ստանալու, տալու, խարդախություն կատարելու մեջ

Արտաշատի համայնքապետարանում քննչական գործողություններն իրականացվում էին համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Ըստ նրա վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։
17:36 - 01 օգոստոսի, 2024
«Հանրապետական շտապօգնության ծառայության» տնօրեն Սահակ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը․ պաշտպան

«Հանրապետական շտապօգնության ծառայության» տնօրեն Սահակ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը․ պաշտպան

«Հանրապետական շտապօգնության ծառայության» տնօրեն Սահակ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է պաշտպան Արմեն Անդրիկյանը։  «Գումարի չափը չեմ կարող ասել՝ նախաքննական գաղտնիք է: Մեղադրանք առաջադրելուց հետո միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, սակայն դատարան մեղսագրվող արարքի բացակայության հիմքով՝ այսինքն հիմնավոր կասկածի հիմքով միջնորդությունը մերժել է»: Ըստ պաշտպանի` Սահակյանը կատարվածը կմեկնաբանի որպես թյուրիմացություն, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ոչ ճիշտ աշխատանքի արդյունք: Հիշեցնենք, որ Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Կոմիտեում քննվող վարույթի շրջանակում տնօրենից բացի մեղադրյալի կարգավիճակ ունի եւս երեք անձ։ Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 մեղադրյալներին կալնավորելու համար․ տնօրենից բացի մյուս 3-ինը բավարարվել է, նրանք կալանավորվել են։
09:25 - 01 օգոստոսի, 2024
ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է

ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի` Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք՝ 2023 թ․ նոյեմբերին՝ Ազգային ժողովում ԿԿՀ անդամի ընտրության ժամանակ, ԿԿՀ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարել էր պաշտոնավարման ընթացքում իր նկատմամբ ճնշման փորձի մասին։ Հարությունյանի խոսքից պարզ էր դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի կողմից զանգ է եղել՝ կոնկրետ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի տված  բացասական եզրակացության առնչությամբ։ Նշենք, որ օրենքով սահմանված որոշ պաշտոնների հավակնող թեկնածուների բարեվարքության վերաբերյալ նախքան քվեարկությունը ԿԿՀ-ն եզրակացություն է տալիս, որը ունի խորհրդատվական բնույթ։ Հարությունյանի հայտարարության հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ։ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ վարույթը կարճվել է Քրեական դատավարության 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին հիմքով՝ հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցանքի բացակայությունը։   Միլենա Խաչիկյան
18:08 - 25 հուլիսի, 2024
Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է․ Սևանի ափի հյուրանոցի ձեռքբերման քրգործը կարճվել է |hetq.am|

Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է․ Սևանի ափի հյուրանոցի ձեռքբերման քրգործը կարճվել է |hetq.am|

hetq.am: Գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից Սևանի ափի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու հանգամանքները պարզելու հարցով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել են սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանը, գործարար Նարեկ Նալբանդյանը և հյուրանոցի նախկին սեփականատեր, գործարար Փայլակ Հայրապետյանը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ քրեական վարույթը կարճելու որոշումից։ Կասկածելի գործարքներով 2018 թ․-ից հետո բիզնես հաջողություններ գրանցած գործարար Նարեկ Նալբանդյանը Սևանի ափին գտնվող 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը սնանկության դատարանի աճուրդից ձեռք էր բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Նախաքննության ժամանակ Նարեկ Նալբանդյանը ցուցմունք է տվել, որ 2018-19 թթ․-երից արտադրությամբ, առևտրով և ներմուծմամբ զբաղվող «Պրոյեկ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է։ Ամերիաբանկում գրավադրված «Հայրապետ» հյուրանոցի ու հարակից երկու գույքի վաճառքի մասին իմացել է մի քանի տարի առաջ, հետևել է դրա արժեքին, սակայն, գինը թանկ է լինելու պատճառով, չի մասնակցել աճուրդին (1 միլիարդ դրամից ավել)։ Հետագայում տեղեկացել է, որ նույն գույքը աճուրդի է հանվել արդեն 210 մլն դրամով, ողջամիտ է համարել ու որոշել է մասնակցել աճուրդին։ Նարեկ Նալբանդյանը նշել է նաև, որ սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանին նախկինում չի առնչվել, չի ճանաչել նաև գույքի սեփականատեր Փայլակ Հայրապետյանին։ Գործարարը հայտնել է նաև, թե իբր տեղյակ չի եղել՝ ինչի համար է հյուրանոցը գրավադրված եղել, նախկինում ինչ հարցեր են եղել։ Սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանն էլ իր ցուցմունքում նշել է, որ կառավարիչ նշանակվելուց հետո հյուրանոցը ներկայացրել է գնահատման, որից հետո azdarar.am կայքում աճուրդի մասին հայտարարություն է տեղադրվել։ Աճուրդներին որևէ մասնակից չի եղել, և գույքի գինն ամեն անգամ նվազեցվել է 10 %-ով։ Ըստ նրա՝ 2021 թ․-ի մարտի 30-ի աճուրդին մասնակցել է միայն «Պրոյեկը ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն և գնել է հյուրանոցն ու մյուս գույքը։ Քրեական վարույթով հարցաքննվել է նաև գործարար Փայլակ Հայրապետյանը և պատմել, թե ինչպես են իրեն ունեզրկել։ Վարույթով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Փայլակ Հայրապետյանին պատկանող և Ամերիաբանկում գրավադրված գույքի աճուրդ-վաճառքների ընթացքում չարաշահումներ տեղի ունենալու, այդ գույքը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերելու իրական արժեքը պարզելու, ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Նալբանդյանի, տվյալ գործով սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի, ինպես նաև Ամերիաբանկի աշխատակիցների միջև հնարավոր հանցավոր համաձայնության առկայությունը պարզելու նպատակով քննիչը հանձնարարություն է տվել հետաքննության մարմնին, սակայն հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացել։ Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ քննիչը որոշել է կարճել քրեական վարույթը։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն ամենակարևոր հարցը՝ բանկի, կառավարչի, գործարարի հնարավոր հանցակցության դրվագն առանձնապես չի կարևորել, բավարարվել է միայն հետաքննության մարմնին հանձնարարություն տալով և պատասխան ստանալով, որ տեղեկություններ չկան։ Գործարար Փայլակ Հայրապետյանը կարճման որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետին։
17:06 - 19 հուլիսի, 2024