Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել Բաքվում կայանալիք COP29-ի դեմ |armenpress.am|
14:16 - 23 հուլիսի, 2024

Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել Բաքվում կայանալիք COP29-ի դեմ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամբողջ աշխարհի հայերին առաջարկել է համախմբվել և մեդիա արշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ։

Օկամպոն, մասնավորապես, առաջարկել է մեդիա արշավի ժամանակ օգտագործել #COP29 և #StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգերը։ 

Օկամպոյի կարծիքով՝ բավական չէ պարզապես քննարկել միջազգային իրավունքի սկզբունքները. դրանք պետք է ակտիվորեն կիրառվեն, և հայ համայնքի ղեկավարները և քաղաքացիական ակտիվիստները պետք է համախմբեն աշխարհի քաղաքացիներին՝ լրագրողներից մինչև կլիմայի ակտիվիստներ, այդ սկզբունքները կյանքի կոչելու համար: 

«Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները՝ դուք կարող եք ուժեղացնել ձեր ձայնը և ապահովել Կլիմայի փոփոխության և ցեղասպանության մասին կոնվենցիաների պահպանումը: 

Ես պաշտպանում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը հակասում է կեղծավորությանը և պահանջում իսկապես խաղաղ COP29: Մեր առաջին քայլն է համախմբել համաշխարհային հայ համայնքը և սկսել մեդիա արշավ՝ օգտագործելով #COP29 և #StopGreenwashGenocide հեշթեգերը, դուք կարող եք ավելացնել նաև #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգները», - նշված է նախկին գլխավոր դատախազի ուղերձում:  

Նրա պնդմամբ՝ այս հեշթեգերի օգտագործմամբ՝ սոցիալական մեդիայի ամենօրյա գրառումները թափ կհավաքեն, կներգրավեն այլ համայնքներ և կգրավեն հիմնական լրատվամիջոցների ուշադրությունն, ինչպես նաև կստիպեն COP29-ին մասնակցող լրագրողներին, պատվիրակներին և հասարակական կազմակերպություններին պատասխաններ ստանալ Ադրբեջանից հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ:

«Նպատակը պարզ է. COP29, որն իսկապես հանդես է գալիս խաղաղության օգտին, նշանավորվի Բաքվից հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակմամբ: 

Դուք ունեք հանձնառություն, հասանելիություն և վճռականություն՝ ղեկավարելու այս տրանսֆորմացիոն շարժումը: Համախմբելով համաշխարհային համայնքները՝ դուք կարող եք երաշխավորել, որպեսզի COP29-ն անդրադառնա ոչ միայն կլիմայի փոփոխությանն, այլև պաշտպանի մարդու իրավունքները և արդարությունը:

Հայե՛ր, մեկնաբանեք և օգտագործեք ձեր ձայնը: Ես և շատ ուրիշներ կհետևենք ձեզ», - գրել է Օկամպոն՝ իր ուղերձում դիմելով ամբողջ աշխարհի հայերին:

Իր նամակում նա նաև անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը՝ մասնավորապես, նշելով․ «Դուք՝ վերածնված 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից, կանգնած եք որպես դիմակայունության և մարդկային հարատև ոգու վկայություն: Այսօր դուք ունեք եզակի զորություն՝ պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային բեմում: Դուք կարող եք բացահայտել նախագահ Իլհամ Ալիևի բոլոր չարաշահումներն, որը թիրախավորել է իր քաղաքացիներին Ադրբեջանում և վայրագություններ է իրականացրել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում/Արցախում՝ այս ամենի հետ մեկտեղ կեղծավոր կերպով դիրքավորելով իր երկիրը՝ որպես համաշխարհային կլիմայական խոսակցության մեջ առաջատար։ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (COP29), որը նախատեսված է անցկացնել այս նոյեմբերին Ադրբեջանում, աննախադեպ հնարավորություն է՝ լույս սփռելու այս ծանր անարդարությունների վրա»։ 

Նա համոզմունք է հայտնել, որ չնայած Ադրբեջանի՝ այդ միջոցառմանն իրեն «Խաղաղության ոստիկան» որակելուն, հայերը կբացահայտեն Ալիևի ռեժիմի և վերջինիս գործողությունների մասին ճշմարտությունը։ 

«Դուք (խմբ․ հայ ժողովուրդ), ցրված լինելով ամբողջ աշխարհով մեկ, եզակի դիրք ունեք՝ պաշտպանելու ոչ միայն ձեր սեփական ժողովրդին և ձեր հողը, այլև արդարության և բնապահպանական ամբողջականության ավելի լայն շահերը: Ձեր նախնիները ձեզ դիմացկունություն են սովորեցրել. «մենք կորցնում ենք այն ժամանակ, երբ դադարում ենք պայքարել»: Դուք կարող եք գլխավորել գլոբալ շարժումը և ներգրավել այլ շահագրգիռ համայնքների՝ հասցեագրելով մեր ժամանակի երկու ամենահրատապ խնդիրները՝ կլիմայի փոփոխությունը և ցեղասպանությունը», - գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը՝ կարծիք հայտնելով, որ իր համար կլիմայի փոփոխության և ցեղասպանության միջև կապն անհերքելի է: 

Նրա բնորոշմամբ՝ այդ երկուսն էլ կառավարվում են միջազգային կոնվենցիաներով, որոնք, ցավոք, բավարար կերպով չեն կիրառվել: 

«1992-ին Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի և 1948-ին Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումից հետո աշխարհն ականատես է եղել համաշխարհային ջերմաստիճանի բարձրացման և ցեղասպանության մշտական ​​սպառնալիքների: Միայն 2023 թվականին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը վեց դեպքերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, բացահայտեց շարունակվող ռիսկերը։

ՄԱԿ-ի Կլիմայի կոնվենցիան նպատակ ունի զսպել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք հիմնականում պայմանավորված են հանածո վառելիքով: Քանի որ այս արտանետումների ավելի քան 75%-ը կապված է հանածո էներգիայի հետ, արդյունաբերության ազդեցությունը կլիմայի քաղաքականության վրա խիստ մտահոգիչ է: Ադրբեջանը, որտեղ հանածո էներգիան կազմում է իր արտահանման եկամուտների մոտ 90%-ը, ներկայացնում է այս հակամարտությունը, երբ պատրաստվում է ընդունել COP29-ը: Այս համադրումն ընդգծում է ձեր առաքելության հրատապությունն ու արդիականությունը», - ընդգծել է Օկամպոն:

Վերջինս անդրադարձել է նաև 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ Բաքվի կողմից իրականացված ցեղասպանությանը՝ համարելով դա շարունակական սպառնալիքի օրինակ։ 

«Սովի, ռմբակոծությունների և վախ սերմանելու միջոցով Ադրբեջանը ցեղասպանական արշավ է իրականացրել։ Նախագահ Ալիևի սահմռկեցուցիչ հայտարարությունը, թե «եթե էթնիկ հայերն իրենց կամքով չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պես կքշենք, և մենք դա անում ենք», արտացոլում է այս դաժան իրականությունը։ Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 բնակչի շարունակական բանտարկությունը խիստ նախազգուշացում է նրանց համար, որոնք կարող են փորձել վերադառնալ», - շեշտել է Օկամպոն:

Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ COP29-ի ժամանակ զինադադարի մասին Ադրբեջանի առաջարկը դատարկ է, քանի դեռ հայ պատանդներն ու այլ քաղբանտարկյալներն առանց նախապայմանների ազատ չեն արձակվել։ 

«ԱՄՆ Պետքարտուղարության՝ 2023 թվականի Մարդու իրավունքների զեկույցում Ադրբեջանի վերաբերյալ նշվում է, որ կան «կամայական կալանավորումներ և լուրջ խնդիրներ՝ կապված դատական ​​համակարգի անկախության հետ», ինչը հայ պատանդների անվերապահ վերադարձն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը դարձնում է արդարադատության միակ կենսական ճանապարհը»,- եզրափակել է Օկամպոն։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել