Պետությունը հաց վաստակելու գործիք է. վարչապետ |armenpress.am|
11:20 - 28 հոկտեմբերի, 2024

Պետությունը հաց վաստակելու գործիք է. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք է։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 1 միլիոն քաղաքացի բարեկեցության իր կենսական կարիքը հոգալու համար սկսած 90-ականների սկզբից հեռացել է, արտագաղթել է և արտագաղթում է ՀՀ-ից։ 

«Այստեղ մնացածներից շատերն իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ և չկարողանալով կամ զուտ էմոցիոնալ չուզենալով հեռանալ, երբեմն նույնիսկ համակերպվել են, որ իրենք մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու։ Այսինքն՝ այստեղ մնալը շատ դեպքերում երկար տարիներ նույնացվել է ոչ բարեկեցիկ կյանքով ապրելու մտքի հետ համակերպվելու հետ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Երրորդ հանրապետությունում ստեղծված այս սոցիալ-հոգեբանությունը լրջագույն խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որովհետև ճեղքել և անդունդ է ստեղծել բարեկեցություն և հայրենիք, պետություն և բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունների միջև։ 

«Այսինքն՝ բարեկեցություն հասկացությունը չի կապվել հայրենիք հասկացության հետ։ Բարեկեցության գործիք պետության մասին խոսելիս մարդիկ նկատի են ունեցել ուրիշ պետություններ և ոչ թե իրենց հայրենի պետությունը։ 

1991 թվականից ի վեր մեր հանրապետության միջին վիճակագրական ամենատարածված մոդելը եղել է այն, որ քաղաքացիներն իրենց հացը վաստակել են հայրենիքից դուրս, իսկ պետություն ասելի հասկացել են այն պետությունները, որոնք ամենևին իրենք չեն հիմնել, բայց որոնցում իրենք հաց են վաստակել։ 

Այսպես մեր սոցիալ-հոգեբանության մեջ բաղդատվել և տարանջատվել են բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունները։ Այս ճեղքի լրացումն առանցքային նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, որովհետև հայեցակարգային, գաղափարաբանական մակարդակում մեր ինքնության և պետության պահպանումը, զարգացումը և հարատևությունն ապահովելու համար ռազմավարական անհրաժեշտություն է պետության՝ որպես հայրենիքի բովանդակության և բարեկեցության (այսինքն՝ հացի ստեղծման) գործիքի հայեցակարգային ընկալման արմատավորումը, ինչը բարեբախտաբար դանդաղ և ենթագիտակցական մակարդակում տեղի է ունենում»,-եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել