hetq.am: Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում, և Ռուսաստանում նրան ապաստան է տրամադրվել։ Այդ մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին։
«Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ապաստան է տրամադրել նրանց»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Գործակալությունը հայտնում է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը: Սիրիական զինված ընդդիմության առաջնորդները երաշխավորել են Սիրիայի տարածքում ռուսական ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներն առանց դիմադրության մտել են մայրաքաղաք Դամասկոս, իսկ Բաշար Ասադը փախել է այդ երկրի մայրաքաղաքից։ Ավելի ուշ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ասադը հնարավոր է զոհված լինի ավիաաղետի հետևանքով։ Ռուսական կողմի այս տեղեկությունը փաստացի հերքում է Reuters-ի այդ հրապարակման իսկությունը։
comment.count (0)