azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ Զելենսկու՝ Ֆիցոյի այցով պետք է հետաքրքրված լինեն, մասնավորապես, «Սլովակիայի իրավապահ մարմիններն ու հետախուզական ծառայությունները»։
«Ինչո՞ւ է այս ղեկավարն այդքան կախված Մոսկվայից, ինչպե՞ս են նրան վճարում, և ինչպե՞ս է նա փոխհատուցում»,- հարց է հնչեցրել Զելենսկին՝ նշելով, որ Ֆիցոյի գործողությունները կարող են վտանգել ոչ միայն Սլովակիայի, այլև ողջ Եվրոպայի անվտանգությունը։
Զելենսկին Х սոցցանցում էլ գրել է, որ փոխհատուցում են առաջարկել հենց սլովակների համար և այլընտրանք՝ ցանկացած այլ գազ՝ ռուսականից բացի․ «Մենք պատրաստ էին անել դա։ Ֆիցոն չցանկացավ փոխհատուցում սլովակների համար։ Եվ չի ցանկանում համագործակցել Եվրահանձնաժողովի հետ։ Նա ինչ-որ պատճառով Մոսկվան համարում է ավելի շահեկան»։
Նա Ֆիցոյին մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստվերային պայմանավորվածություններ ունենալու և «փողի համար պայքարելու» մեջ՝ միաժամանակ անձնական շահեր հետապնդելով։
«Սա կա՛մ պետական շահերով առևտուր է, կա՛մ սեփական գրպանի համար աշխատանք»,- նշել է Զելենսկին։
Ֆիցոն Մոսկվա էր այցելել կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին՝ նշելով, որ աշխատանքային այցը Մոսկվա արձագանքն է Զելենսկուն, որը հայտարարել է, թե մտադիր է հունվարի 1-ից դադարեցնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Սլովակիա։
comment.count (0)