Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա. ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը |armenpress.am|
05:48 - 24 մայիսի, 2019

Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա. ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am։ Առաջիկա տարիներին հանրապետությունում կլինի ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացի նոր մակարդակ: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ ներկայում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կանգ է առել, որովհետև հանդես են գալիս բարեփոխումների նոր փաթեթով:

«Հանրակրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է մշակվել և արդեն գերատեսչություններից համաձայնությունը ստացվել է: Այն ուղարկվել է կառավարություն: Փոփոխություններով նախատեսված են առարկայական չափորոշիչներ, նոր ծրագրեր»,-ասաց Աշոտ Արշականը: Վերապատրաստումները կիրականացվեն նոր մոտեցումներով, նոր չափանիշներով և նոր բովանդակությամբ:

Եվ քանի որ վերապատրաստումների բովանդակությունն ու մոտեցումը փոխվելու է, հետևաբար նախարարությունը նպատակահարմար չի գտնում ներկայում հին ծրագրով վերապատրաստում իրականացնել:

«Նախատեսում ենք կոնկրետ առարկաների գծով բովանդակային փոփոխություն:

Բովանդակությունից բացի, փոփոխությունների է ենթարկվելու նաև վերապատրաստումների գործիքակազմը: Նախկինում ուսուցչի փոխարեն նախարարությունն էր որոշում, թե ինչի կարիք նա ունի, թեման հաստատվում էր և վերապատրաստումներն անցկացվում էին:

Առաջարկվող փոփոխություններով թեմաները կրկին նախարարությունը կհաստատի, սակայն ուսուցիչը հնարավորություն կունենա իր առաջարկությամբ հադես գալու՝ ասելով, թե կոնկրետ ինքն ինչ վերապատրաստում է ցանկանում անցնել: Այսինքն՝ ուսուցչին են ընդառաջ գնում»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Վերապատրաստումներին հաջորդող ատեստավորման փուլում ևս փոփոխություններ են սպասվում: Աշոտ Արշակյանի խոսքով քննարկվում է, որ վերապատրաստման ու ատեստավորման վերջնարդյունքները ինչ-որ ձևով արտահայտվեն ուսուցչի վարձատրության վրա:

«Մենք ունենք ծրագիր, որն արդեն ամբողջական տեսքի է գալիս և առաջիկայում փորձնական կսկսենք գործարկել: Հիմքում ընկած է կամավոր ատեստացիայի սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, մենք հայտարարում ենք «իքս» առարկայից ատեստավորում, ուսուցիչը ցանկության դեպքում կարող է մասնակցել և համապատասխան չափանիշներին բավարարելու դեպքում, նրա աշխատավարձը կարող է մինչև 50 տոկոս բարձրանալ: Սկզբում կամավոր կլինի, հետագայում արդեն տարիների ընթացքում կդառնա պարտադիր»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Ավելին՝ armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել