Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armtimes.com|
13:09 - 01 ապրիլի, 2020

Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Արցախում երեկ տեղի ունեցած ընտրությունների հաշվարկները դեռ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ամբողջացվում են, իսկ մինչ այդ արդեն տեղեկություններ կան, որ թեկնածու Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի հարյուր ձայն կամ կես տոկոս քվե է պակասել նախագահական ընտրություններում հաղթելու համար:

Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում այդքան քվե, ապա նշանակվում է՝ ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել ավելի մեծ թվով ընտրողներ:

Այս պահին եղած տվյալներով՝ Արայիկ Հարությունյանին հաջորդում է Մասիս Մայիլյանը:

Մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Արցախում է՝ դիտարկելու ընտրությունները:

- Տիկի՛ն Հովսեփյան ինչպե՞ս անցան ընտրությունները:

- Այն տեղամասերում, որտեղ որ եղել ենք, պատկերը տարբեր էր: Տեղեր կային, որ եղել են խախտումներ, տեղեր կային՝ շատ հանգիստ եւ հանդարտ ընտրություն կատարվեց: Դեռ մարդկանց մտածողությունից դուրս չի եկել հին սովորույթները, որպեսզի հնարավոր լիներ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած մաքրամաքուր ընտրությունների օրինակով ընտրություն տեղի ունենար: Մնում է սպասել եւ տեսնել, թե որքանով է այդ ամենն ազդել, ազդել է, թե չէ ընդհանուր արդյունքների վրա: Այսօր կեսօրից հետո ավելի պարզ կլինի:

- Ի՞նչ խախտումներ են արձանագրվել:

- Քարոզչական պաստառներ կային տեղամասերի մոտ, կուտակումներ եւ այլն: Մարդիկ դա կապում էին իրար ծանոթ, բարեկամ լինելու հետ, բայց, այնուամենայնիվ, նման բաներ չպետք է լինեն:

- Արդեն տեղեկություններ կան, որ ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում: Դուք լսե՞լ եք այդ մասին:

- Այդ մասին Արցախում կան խոսակցություններ, ինչ-որ տեղ նաեւ վստահաբար են այդ մասին խոսում, բայց գնահատել, էլի եմ ասում, չեմ կարող, որովհետեւ ճիշտ չի լինի: Քանի դեռ հրապարակված թվերն ամբողջական չեն, խոսել երկրորդ փուլի մասին վաղաժամ է: 2-3 ժամ հետո ամեն ինչ հստակ կլինի: Սպասենք, տեսնենք:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում



comment.count (0)

Մեկնաբանել