Եթե այս գործընթացը գնա, իշխանության կրողը կարող է արտահայտել իր դիրքորոշումը. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|
08:02 - 06 փետրվարի, 2020

Եթե այս գործընթացը գնա, իշխանության կրողը կարող է արտահայտել իր դիրքորոշումը. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

aysor.am։ Եթե հիշողությունս չի դավաճանում, այս նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը, որը վերաբերում էր ՍԴ մասին օրենքի փոփոխությանը, հեղինակն օրակարգից հանել է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը։

«Սահմանադրության փոփոխություններն են, կարծես թե, մնացել նախագծում։ Եթե ԱԺ պատգամավորները հավաքեն բավարար թվով ձայն, ապա հետագայում պետք է առաջնորդվենք այն ընթացակարգով, որը նախատեսված է Սահմանադրությամբ։ Եթե օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվի, ապա այն պետք է անցնի այն բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված են ԱԺ կանոնակարգ օրենքով», - ասաց պատգամավորը։

Հարցին՝ եթե նախագծի երկրորդ ընթերցումը տապալվի, ՍԴ եզրակացություն անհրաժե՞շտ է լինելու, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց.

«Սահմանադրական անվտանգության տեսանկյունից իշխանության կրողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, և եթե այս գործընթացը գնա, իշխանության կրողը կարող է արտահայտել իր դիրքորոշումը»։

Ըստ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

«Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել