ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների հարազատների կողմից ՊՆ-ն շրջափակելու մասին |tert.am|
13:52 - 09 ապրիլի, 2021

ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների հարազատների կողմից ՊՆ-ն շրջափակելու մասին |tert.am|

tert.am: Գերիներին օդանավակայանում սպասող հարազատները ճանապարհ են փակում, ՊՆ են գնացել․ ըստ էության, ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին, իսկ այն այնպիսի ռիթմով պետք է աշխատի, որ մենք կորցրած կարողությունները կարողանանք օր առաջ վերականգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ գերիների վերադարձի չեղարկմանը։

Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակն է հաստատել, որ գերիների վերադարձ է նախատեսվում, պատգամավորն արձագանքեց․

«Մանե Գևորգյանը հաստատել է դա, բայց ամբողջ մետրոլոգիան դրեք իրար կողքի, կտեսնեք, որ մենք գիտակցված, թե չգիտակցված, քաղաքական օրակարգի մեջ ներառել ենք գերիների հարցը, սրանից առաջ բանակն էինք ուզում բերել քաղաքականություն, հիմա գերիների հարցն ենք խաղացնում։ Գերիների հարցն ինչքան խաղացնենք քաղաքական նպատակներով, գերիների խնդիր չենք լուծելու։ Ես ինձ էլ եմ մեղադրում, տեսնում եմ, որ թերացումներ ունենք նաև մենք, և այդ թերացումները չպետք է պատճառ դառնան, որ դա դարձնենք խաղալիք հակառակորդի ձեռքին»,-ասաց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ գերիների հարցը փակված է, պատգամավորն արձագանքեց, թե մինչև ԱԳ նախարար լինելը՝ այդ անձը կրթության նախարար է եղել, և Քոչարյանը չի կարծում՝ նրա ասածները բխում են իրողությունից։

«Ասում են՝ հրադադարից հետո, հատկապես Գյումրիի աշխարհազորայիններին, որոնք հայտնվել են իրենց տնօրինման տակ, չեն դիտարկում որպես ռազմագերի, դիտարկում են որպես ահաբեկիչներ։ Հիմա պետք է իրենց բացատրել, թե այդ խնդիրն ինչպես է առաջացել։ Չպետք է իրենց ճաշակով թելադրվի, այլ իրավական խնդիրների տրամաբանությամբ։ ԱԳ նախարարի հայտարարությունը հապճեպ էր այն առումով, որ երբ ինչ-որ պայմանավորվածություն չի կատարվել, ստիպված ԱԳ նախարարն ասում է, որ նրանք ռազմագերի չեն, բայց երբ ինքնաթիռը գնացել է Մուրադովի ներկայությամբ, գնացել էր պայմանավորվածություններն ի կատար ածելու ճանապարհով»,-ասաց նա։

Հարցին՝ իշխանություններին կհաջողվի՞ լուծել գերիների վերադարձի հարցը, Քոչարյանն արձագանքեց․ «Դա չի կարող չլուծվել»,-նշեց նա՝ հավելելով, թե ժամկետ նշել չի կարող, քանի որ դա աշխատանք է, որը չպետք է լինի հրապարակային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել