«Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, եղել է «Քյանդ-Հորադիս». ես եմ առաջարկել, ունեցել ենք 2 զոհ. Սամվել Բաբայան |news.am|
11:10 - 18 ապրիլի, 2021

«Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, եղել է «Քյանդ-Հորադիս». ես եմ առաջարկել, ունեցել ենք 2 զոհ. Սամվել Բաբայան |news.am|

news.am: Որպես այդպիսին «Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, եղել է «Քյանդ-Հորադիս օպերացիա», որի գաղափարը ես եմ առաջարկել: Այս մասին Հանրային ՀԸ հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրուցում ասել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ես որքան գիտեմ՝ պատերազմի ժամանակ էլ եւ պատերազմից հետո, այս վերջին 5-6 օրը ավելի ակտիվ ինչ-որ Լելե Թեփե են ասում։  Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի- խմբ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թեւը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թեւը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թեւը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը ելոկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպելու, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչեւ Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում․ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է ե՛ւ Ջալալը, ե՛ւ Օնիկը Գասպարյանը, որ այո, դա է միակ ձեւը»,- ասաց նա:

Բաբայանի խոսքով`  խոսում են 700-ից ավելի զոհի մասին, 44 տեխնիկայի մասին, այնինչ 2 զոհ է հոկտեմբերի 7-ին եղել այդ գործողությունից հետո, խոցվել է 4 տանկ:

Օպերացիան որոշողը, կայացնողը Ղարաբաղի հրամանտարն է․ երկու բիրգադ է կցել իր ռեզերվներով, որ այս օպերացիան իրականացնի։ Գնացել է՝ ամսի 6-ին, առավոտյան ամբողջ շտաբով, որ սպաները տեսնեն, թե գումարտակի հրամանտարը որտեղով է մտնելու, իրականում տեսնեն, իմանան տարածքը, եւ ինչ խնդիր են կատարում։ Ամսի 7-ին օպերացիան սկսել են։ Ամբողջ Ղարաբաղի բանակային շտաբը եղել է Ֆիզուլիի հրամանատարական կետում, տեսախցիկը դրված է, ամբողջը նկարվել է։ Դա պետք է էլի առգրավել, բերել, ծանոթանալ՝ ստերի աստիճանը ինչ է լինում։ Օպերացիան սկսում են, տանկային բրիգադը ճեղքում է, մտնում, Ցորի մոտոհրաձգային բրիգադը։ Հակառակորդը դիմավորում է դրոշներով, մոտ 150 հոգի խփում են, էլ չի շարժվում առաջ, այդտեղ կանգնում է։ Երբ տանկային բրիգադը հասկանում է, որ իր մեջքը պահողը չի մտել, նրանք էլ են կանգնում, անձնակազմը դուրս է գալիս։ 4 տանկ է խփվում, ոչ թե 44։ Ընդհանուր առմամբ 11 տեխնիկա տանկային բրիգադից խփվում է, մի մասը թողնում են, մի մասը խփվում է, հետո 3 տեխնիկան հանում են այնտեղից։ Երկրորդ բրիգադում մի տանկ ԱԹՍ-ն է խփում, երկրորդ ՀՄՄ-ն վարորդը վատ է զգում, գցում է ձորը։ Այսինքն ամսի 7-ին զոհվում են 2 հոգի՝ տանկային բրիգադի տանկային հրամանատարը եւ Ցորից վաշտի հրամանտար, 10-ից ավելի վիրավոր են տալիս։ Բայց մենք խոսում ենք 700-ից ավելի զոհի մասին, խոսում ենք 44 տեխնիկայի մասին, որ կորցրել ենք այնտեղ, որ աչքի լույսի պես այդ երկու բրիգադը պահել ենք, տարան, գլուխները կերան, այդ բանակը երրորդ կողմից է ղեկավարվել, չորրորդ։ Ես ձեզ ասում այն, ինչ փաստ է»,- մանրամասնեց Բաբայանը։

Նրա խոսքով` այդ բրիգադը մինչեւ այդ օպերացիան մասնակցել է Թալիշի օպերացիային, որի գաղափարը տվել է Մովսես Հակոբյանը.  «Թվերը դիմացս դրված են՝ տանկային բրիգադից 22 տանկ է գնացել, 6-ը խփվել է, Ցոր-ի մոտհրաձգային բրիգադից գնացել են, 4-5 տեխնիկա խփվել են, շփոթել են Թալիշի, Մատաղիսի ճանապարհը, տասնյակ վիրավորներ ունենք եւ զոհեր։ Այնտեղ տանկեր գտագործելու տարածք չկար։ Դա եղել է հոկտեմբերի 1-2-ին։ Խնդիրը նրանում է, որ այս ամենը անում են մարդիկ, ովքեր ընդհանրապես բանակից գաղափար չունեն, գեներալներ են իրենց համարում, որոշումներ են ասում, որ մենք եթե մասնակցեինք, չգիտենք՝ ինչ կանեինք։ Մասնակցել ես, քո առաջարկով այս 6 տանկն ու 4-5 ՀՄՄ-ն խփվել է, զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել։ Խնդրեմ քննչական վարչությանը՝ ստուգեն՝ այս ուղղությամբ որոշումը ով է առաջարկել եւ ինչպես է եղել։ Սրանից հետո էլ եղել են մի շարք առաջարկներ, դա արդեն թող ճշտեն՝ ինչ է առաջարկել տվյալ անձը»։

Շարունակությունը կարդացեք news.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել