Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում. Սամվել Բաբայան
 |azatutyun.am|
16:10 - 29 նոյեմբերի, 2023

Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում. Սամվել Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 19-ից հետո Արցախում տեղի ունեցած զարգացումների համար մեղադրանքների սլաքներն ուղղում է Արցախի իշխանությանը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցած արցախցի նախկին պաշտոնյան պնդեց, որ Արցախի իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից, ինչն էլ հանգեցրել է արցախյան ողբերգական իրադարձություններին։

«Արցախը էս վերջին՝ ամսի 19-ի դեպքերով հանձնել են Արցախի իշխանությունները՝ իր քաղաքական ամբողջ…», - ասաց նա։

Հարցին, թե Արցախի անկմանը չնպաստե՞ց ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը 44-օրյա պատերազմից հետո, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Նպաստեց, նպաստեց, որովհետև ես իմ ելույթներում ասել եմ, որ ֆինանսավորել, այն ձև անել, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը Արցախում, ճիշտ չեմ համարում»։

Սամվել Բաբայանը, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրաժարվել էր Արցախի հերոսի կոչումից, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռանալու որոշում էր կայացրել՝ քննադատելով Արցախի և Հայաստանի իշխանություններին, այսօր, ըստ էության, խուսափեց կոնկրետ գնահատականներ տալ Լեռնային Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, բայց հայտարարեց, թե Արցախի հարցը լուծված չէ։ Թե այդ լուծումն ինչպես է պատկերացնում, չպարզաբանեց, փոխարենը պնդեց, որ Արցախը բոլորս ենք հանձնել։

Սամվել Բաբայանը նաև հայտարարեց, թե այս պահին Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ում հետ է Շահրամանյանը Բաքվում բանակցություններ վարում, ով է իրեն այդ տեղեկատվությունը փոխանցել՝ նա մանրամասներ չհայտնեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել