Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման ու նրանց գործառույթի մասին տեղեկություն տալու համար ՊՆ-ին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ
18:20 - 08 սեպտեմբերի, 2021

Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման ու նրանց գործառույթի մասին տեղեկություն տալու համար ՊՆ-ին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ

ՊՆ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի՝ հասկանալու, թե Ոսկեպարում քանի ռուս սահմանապահ է տեղակայված, ինչ գործառույթ են նրանք իրականացնում, որ տարածքում են նրանք տեղակայված, և, ի վերջո,  թե  Տավուշի մյուս որ բնակավայրերում է նախատեսվում  ռուս զինվորականների տեղակայում։։ 

2021 թվականի օգոստոսի 3-ից մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ռուս զինվորականներ են տեղակայվում Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում։ Նույն օրը Infocom-ը փորձեց տեղեկություն ստանալ պաշտոնական աղբյուրներից և տեղական ինքնակառավարման մարմիններից, սակայն ապարդյուն։

Մասնավորապես, օգոստոսի 3-ին կապ հաստատեցինք Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանի հետ, որի խոսքով՝ համայնքապետարանը նման տեղեկություն չունի, իրենց այդ հարցով չեն դիմել։ 

Իսկ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը որեւէ կերպ չմեկնաբանեց շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։

Նույնաբովանդակ տեղեկություններ տարածվեցին նաև օգոստոսի 5-ին։ Նույն օրը Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները։ Անպատասխան մնացին ՊՆ և ԳՇ խոսնակներին կատարած մեր զանգերը։ 

Նույն օրը 16:30-ի սահմաններում Infocom-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Վարչապետը կառավարության նիստի ժամանակ այդ միտքը արտահատել է, ես այդքանը գիտեմ։ Ես սահմանափակ տեղեկատվության եմ տիրապետում, կոնկրետ չգիտեմ ոչ քանակ, ոչ տեղակայման վայր»։

Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղակայման մասին է խոսքը, Ղալումյանը պատասխանեց․ «Մոնիթորինգ իրականացնելու նպատակով են, մարդիկ պետք է մնալու տեղ ունենան։ Այդքանը կարամ ասեմ։ Այլ տեղեկություններ չունեմ, դիմեցեք ՊՆ»։ 

Օգոստոսի 5-ի երեկոյան միայն Պաշտպանության նախարարությունը արձագանքեց տարածվող լուրերին և հայտնեց, որ Ոսկեպարում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ ՊՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։

Հայտարարությունից հետո պետական գերատեսչություններից որևէ այլ մեկնաբանություն չի հնչել։ Infocom.am-ը փորձեց ՊՆ-ից պարզել՝ արդյոք ռուս զինվորականները օգոստոսի 31-ի դրությամբ տեղակայվա՞ծ են Ոսկեպարում, թե ոչ, ինչ գործառույթ են իրականանցնում, որ տարածքում են նրանք տեղակայված, և արդյոք Տավուշի մարզի այլ համայնքներում նախատեսվո՞ւմ է ռուս զինծառայողների տեղակայում, թե ոչ։ 

Մեր հարցմանն ի պատասխան սեպտեմբերի 7-ին նախարարությունից հայտնել են, որ հայցված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ժամանակ է պետք, ուստի տեղեկությունը կտրվի 30-օրյա ժամկետում։  

Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ 

Ի հավելումն այս ամենի, նշենք, որ օգոստոսի 11-ին hetq.am-ի հետ զրույցում Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում նույնպես ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել