Իրանի ԱԳ նախարարի հետ խոսել ենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա․ Արարատ Միրզոյան
17:29 - 06 հոկտեմբերի, 2021

Իրանի ԱԳ նախարարի հետ խոսել ենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում մանրամասներ ներկայացրեց Իրան կատարած այցի վերաբերյալ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։

«Այս այցը, իհարկե, շատ լավ առիթ էր քննարկելու երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը, իսկ մեր երկկողմ օրակարգը իսկապես շատ հարուստ է․ կան իրականացվող իրականացված, և նաև առայժմ ընթացքի մեջ գտնվող կամ գուցե նաև կիսատ ծրագրեր։ Եվ ահա մենք հնարավորություն ենք ունեցել կոնկրետ խոսակցություն ծավալելու այդ ծրագրերի շարունակության, նորերը սկսելու ուղղությամբ։ Դա և՛ նոր բարձրավոլտի կառուցման ծրագիրն է, և՛ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման մեր ծրագրի ժամկետի ընդլայնման վերաբերյալ պայմանագրի կնքումն է, և Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ բանակցությունն է։ Բազմաթիվ այլ տրանսպորտային ուղիների հետ կապված լուրջ ծրագրեր ենք քննարկել, այդ թվում՝ իրանական ընկերությունների ներգրավմամբ ուղիների ենթակառուցվածքների զարգացման»։

Միրզոյանն ընդգծեց, որ Իրան կատարած այցը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ ունեցել է տարածաշրջանային նշանակություն և շատ կոնկրետ համատեքստ։ «Այս առումով ես ողջունել եմ և այս առիթը ուզում եմ օգտագործել, կրկին ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, և ընդհանրապես այն բոլոր դրական ազդակների, որ մենք ստանում ենք այս առնչությամբ։ Անշուշտ, խոսել ենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, այսինքն, ըստ էության, այդ խոսակցության բացակայության վերաբերյալ, փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա»։

Արտաքին գործերի նախարարի խոսքով Իրանը տարածաշրջանային և գլոբալ դերակատարում ունի։  «Քննարկում ենք նաև Պարսից ծոց Սև ծով միջանցքի վերաբերյալ թեման, և այստեղ նաև մեծ հետաքրքրություն ունի Հնդկաստանը։ Ի դեպ, առաջ անցնելով ասեմ, որ օրեր անց մենք այստեղ կհյուրընկալենք Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին։ Առավել մեծ տարածաշրջանային տնտեսական և ոչ միայն համատեքստ կա, և այստեղ մեր և Իրանի պատկերացումները մեծապես համընկնում են և մենք կրկին ողջունում ենք Իրանի ներգարվվածությունը այս բոլոր հարցերում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի շրջանակներում նա հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչից հետո երկու երկրիների ԱԳ նախարարները հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել