Գործադիրը ո՞ւմ միջոցով պետք է ճնշի, կարող է ճնշել միայն ԲԴԽ-ի միջոցով, եթե ահազանգ կա, որ որևէ դատավորի ահաբեկել են, դատավորները պարտավոր են դիմել ԲԴԽ.Գագիկ Ջհանգիրյան |tert.am|
10:00 - 09 փետրվարի, 2022

Գործադիրը ո՞ւմ միջոցով պետք է ճնշի, կարող է ճնշել միայն ԲԴԽ-ի միջոցով, եթե ահազանգ կա, որ որևէ դատավորի ահաբեկել են, դատավորները պարտավոր են դիմել ԲԴԽ.Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

tert.am: ԲԴԽ է ներկայացվել գլխավոր դատախազի միջնորդությունը և դրան կից բավական փաստեր, որոնք խորհրդին հիմք են տվել բավարարել գլխավոր դատախազի երկու միջնորդությունները. առաջինը` հարուցել քրեական հետապնդում դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ, թույլ տալ, որպեսզի նախաքնական մարմինը քրեական հետապնդում իրականցնի նրա նկատմամբ, այնուհետև հնարավորություն տալ, եթե կալանքի հիմքերը բավարարեն, դիմել դատարան և դատարանը նրա նկատմամբ ընտրի կալանքը որպես խափանման միջոց։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։

«ԲԴԽ-ն չի խոչընդոտել, որպեսզի Դատախազության ներկայացրած մեղադրանքի վարկածը հետագա քննության առարկա դառնա, որովհետև հիմքեր ենք տեսել և որոնք լիուլի բավարար են թվացել։ Խորհուրդը այդ որոշումը կայացրել է միաձայն։ ԲԴԽ անդամ դատավորները որևէ դատապարտելի, հակաօրինական բան չեն արել, նրանք թույլ են տվել, որ օրենքի առաջ դատավոր քաղաքացին հավասար լինի»,- ասաց Ջհանգիրյանը։

Անդրադառնալով այն հարցին` ինչպես է ստացվում, որ Բորիս Բախշիյանին կալանավորում են Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց անմիջապես հետո, Ջհանգիրյանը նշեց. «Ժամանակագրական հաջորդականությունը երբեք չի նշանակում պատճառահետևանքային կապ, գուցե և պատահականություն է եղել, ես չեմ կարող ասել, ԲԴԽ-ն որևէ վարույթ չի նախաձեռնում, նույնիսկ կարգապահական վարույթների հարուցումը մեր լիազորություններից դուրս է։ Մենք հարցեր տվել ենք գլխավոր դատախազի տեղակալին, դատավորին, բոլոր խնդիրները շատ մանրամասն քննարկել ենք։ Դատախազությունը չի կարող դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցել առանց ԲԴԽ համաձայնության։

Աշոտ Մինասյանին ես ճանաչում եմ 90-ականներից, երբ Սիսիանի ջոկատի անդամ էր, այն ժամանակ նրա անվան կողքին Երկաթ անունը չկար, ասում էին Սիսիանի Աշոտ։ Հիմա նրան կալանավորել են, բաց են թողել ես, ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել այդ դատական ակտերի կապակցությամբ, վաղն էլ կարող է այդ կալանավորող կամ բաց թողնող դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթ մուտք լինի ԲԴԽ, հո մենք վերադաս դատարան չենք, մենք դատավորների դատարան ենք, եթե նրանց կարգապահական պատասխանատվության համապատասխան միջնորդությամբ մեզ դիմում է Արդարադատության նախարարը, կամ դատավորների էթիկայի հանձնաժողովը և այլն, այդ պարագաներում ենք մենք գործում։ Մենք սովորական դատական ատյան չենք, որ ես գնահատական տամ ստորադաս դատական ատյանների որոշումներին` հիմնավոր են, թե հիմնավոր չեն, կամ օրինական են, թե ոչ»։

Հարցին` տեսնում է արդյոք ինքը գործադիր իշխանության կողմից համակարգային ճնշում դատական իշխանության նկատմամբ, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց.

«Ես տեսնում եմ, որ գործադիրը ամեն ինչ անում է, որ դատավորների ծանրաբեռվածությունը թեթևանա, գործադիրը ո՞ւմ միջոցով պետք է ճնշի, գործադիրը կարող է ճնշել միայն ԲԴԽ-ի միջոցով։ Եթե ահազանգ կա, որ որևէ դատավորի վախեցրել են կամ ահաբեկել, դատավորները պարտավոր են անմիջապես դիմել ԲԴԽ, ես չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչպես պետք է ճնշի գործադիրը իշխանությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել