Այս հրապարակից հայտարարում ենք, որ ամբողջությամբ վերանայելու ենք համայնքների խոշորացման գործընթացը․ Իշխան Սաղաթելյան
23:00 - 07 մայիսի, 2022

Այս հրապարակից հայտարարում ենք, որ ամբողջությամբ վերանայելու ենք համայնքների խոշորացման գործընթացը․ Իշխան Սաղաթելյան

Վաղն առավոտյան՝ 9։30, Կարմիր խաչի մոտից ընդդիմությունը ավտոերթով շարժվելու է դեպի Գյումրի, որտեղ 13։00-ին տեղի կունենա հանրահավաք։ Այս մասին այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը տեղեկացրեց նաև, որ 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում արցախցիները Արցախի ավանդույթներով կազմակերպելու են հետաքրքիր մշակութային միջոցառումներ, իսկ վաղն էլ մեծ հանրահավաք չեն ունենալու․

«Մյուս օրը մայիսի 9-ն է՝ Շուշիի ազատագրության օրը, այդ օրը՝ 17։00-ին, մեծ հանրահավաք ենք հրավիրում», - նշեց նա։

Սաղաթելյանն անդրադարձավ Վանաձոր իրենց այցին․

«Այսօր, լինելով Հայաստանի մարզերում, մեզ էին մոտենում մարզերի բնակիչներ՝ մեկ հիմնական խնդրով․ դեմ էին արտահայտվում համայնքների խոշորացման գործընթացին՝ ասելով, որ դա տեղի է ունեցել ապօրինի, հաշվի չի առնվել ժողովրդի կարծիքը, կառավարման արդյունավետությունը։ Ձեր այդ պահանջն ամբողջությամբ ընդունում ենք ու այս հրապարակից հայտարարում, որ սրանց դուրս վռնդելուց հետո ամբողջությամբ վերանայելու ենք համայնքների խոշորացման գործընթացը», - հայտարարեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժումը Վանաձոր քաղաքում էր, որտեղ հասել էր ավտոերթով և հանրահավաք կազմակերպել։ Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակից, երթ իրականացրին կանայք ու աղջիկներ։ Երթը գլխավորում էին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Աննա Գրիգորյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել