«McDonald’s»-ը հեռանում է Ռուսաստանից 32 տարվա աշխատանքից հետո
17:22 - 16 մայիսի, 2022

«McDonald’s»-ը հեռանում է Ռուսաստանից 32 տարվա աշխատանքից հետո

«McDonald’s» արագ սննդի ռեստորանների ցանցը հայտարարել է, որ հեռանում է Ռուսաստանից և վաճառում իր բիզնեսը երկրում, գրում է Meduza-ն։

Ռուսական շուկան վերջնականապես լքելու իր որոշումն ընկերությունը բացատրել է ուկրաինական պատերազմի առաջացրած մարդասիրական ճգնաժամով, ինչպես նաև նրանով, որ Ռուսաստանում բիզնեսը պահպանելն «արդեն աննպատակահարմար է և չի համապատասխանում «McDonald’s»-ի արժեքներին»։ Ակնկալվում է, որ ռուսական շուկայից հեռանալու հետևանքով ընկերության կրած վնասները կարող են հասնել 1,2-1,4 մլրդ դոլարի։

Ցանցը կպահպանի Ռուսաստանում իր ապրանքանիշի նկատմամբ իրավունքն, իսկ ռեստորանները, որոնք կբացվեն «McDonald’s»-ի փոխարեն, չեն կարողանա օգտագործել նրա անվանումը, տարբերանշանը և ճաշացանկը։

Ռեստորանների ցանցի գնորդը դեռևս հայտնի չէ։ Ընկերությունը խոստացել է աշխատակիցների աշխատավարձերը վճարել մինչև այն պահը, երբ վաճառքն ավարտվի։

Իսկ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ «McDonald’s»-ը պլանավորում է հունիսին վերսկսել աշխատանքը Ռուսաստանում՝ նոր բրենդով։

««McDonaldʼs»-ը Ռուսաստան կվերադառնա նոր բրենդի ներքո։ Ռեստորանների ցանցն ու ճաշացանկն, ինչպես նաև աշխատատեղերը կպահպանվեն։ Մատակարարների 90%-ը ռուսական են, նրանց հետ համագործակցությունը կպահպանվի։ Փաստացի, կհեռանա միայն անվանումը», — ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրն ընկերությունում։

Այս տարվա մարտին «McDonaldʼs»-ը հայտարարել էր Ռուսաստանի տարածքում իր 850 ռեստորանների փակման մասին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։

Ինչպես նշում է The New York Times-ը, ընկերությունը Ռուսաստանում աշխատել է 32 տարի։ Ցանցի առաջին ռեստորանը բացվել էր Մոսկվայում 1990 թ-ին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել