Կառավարությունը 790 միլիոն դրամ տրամադրեց մարզպետարաններին
12:07 - 19 մայիսի, 2022

Կառավարությունը 790 միլիոն դրամ տրամադրեց մարզպետարաններին

Կառավարությունը այսօր սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 790 միլիոն 165 հազար դրամ հատկացրեց Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության որոշմամբ 2021 թվականին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի   1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

«ՀՀ 25 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագրերի (որոնցից 26-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 3-ը՝ 2020-ին) գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ կառավարությունը սուբվենցիոն փաթեթները փուլային տարբերակով է ֆինանսավորում և ամեն փուլի ֆինանսավորումը կառավարության նիստ է մտնում․ «Պետք է անընդհատ նաև հանրային հաշվետվողականությունը ապահովենք և հույս ունեմ, որ մեր հանրային կապերի հարցով զբաղվող ստորաբաժանումները նաև արձագանքներ կհավաքեն մարզերից, թե մարդիկ ինչքանով են բավարարված կատարված աշխատանքների որակով։ Եթե կլինի նեգատիվ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, արդեն համապատասխան վերահսկող մարմինների միջոցով նաև այդ վերահսկողությունը կիրականացնենք»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել