Փաշինյանն ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող հարցեր
13:33 - 18 հունիսի, 2022

Փաշինյանն ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղար (եվրոպական և եվրասիական հարցերով) Քերըն Դոնֆրիդին:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ տիկին Դոնֆրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջ մղման գործում` հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը գործադիրի կարևորագույն առաջնահերություններից մեկն է:

Քերըն Դոնֆրիդի խոսքով` ԱՄՆ վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային  անվտանգության հանձնաժողովի գործունեությանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել