Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար |armenpress.am|
19:44 - 29 հուլիսի, 2022

Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ: Այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։ 

  • Պարոն Գրիգորյան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ այսպիսով տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու լրջագույն հնարավորություն կա: Հայաստանի իշխանությունը տեսնո՞ւմ է նման հնարավորություն:
  • Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն եւ քաղաքականություն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նման հնարավորություն տեսնում ենք: Այդ հնարավորությունը ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ ՀՀ կառավարության եւ քաղաքական մեծամասնության նվիրվածությունը խաղաղության օրակարգին կարեւոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար: 
  • Ինչ ճանապարհային քարտեզ եք պատկերացնում խաղաղության օրակարգի իրագործման համար:
  • Այդ օրակարգը հայտնի է. սահմանագծման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է եւ օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում... 
  • Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը:
  • Սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր եւ հունիսին եւ հուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտահայտել ենք մեր պատրաստակամությունը: Վերջերս համացանցում հայտնվել է դեռեւս 2021թ. դեկտեմբերին դիվանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մեջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, եւ մեծապես շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկե՝ նախագծի արեւելք-արեւմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը եւ մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում եւ տրամադրված ենք շարունակել նույն ոգով: 
  • Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու:
  • Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի եւ խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա: 
  • Ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչու՞մը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունի՞:
  • Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռեւս 1991 թվականին ստորագրված եւ հետագայում վավերացրած ԱՊՀ ձեւավորման մասին համաձայնագրով: Եւ սա այսօր թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաեւ երկկողմ մակարդակով: Եւ ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա եւ Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի: 
  • Իսկ Ղարաբաղը, ինչ է լինելու Ղարաբաղի հարցը եւ կարգավիճակը:
  • Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ: 
  • Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն:
  • Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որեւէ նման բանաձեւի մասին խոսելը: 
  • Իսկ ԼՂ հայության համար ի՞նչ անվտանգության երաշխիքներ պիտի լինեն:
  • ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարեւոր գաղափար է: 
  • Մեծ հաշվով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
  • Մեծ հաշվով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով: 
  • Իսկ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը:
  • Հումանիտար հարցերի լուծումը խաղաղության պարտադիր ուղեկիցն է: Այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկե, պետք է հասցեագրվեն: Հայաստանն, ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել նաեւ այս հարցի շուրջ եւ նույնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրյա պատերազմում մեր անհետ կորած անձանց թիվը 203 է:

 

Ավելի մանրամասն՝ armenpress.am-ում։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել