Առաջարկվում է 2023 թ. սկսած ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
11:37 - 17 նոյեմբերի, 2022

Առաջարկվում է 2023 թ. սկսած ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց համակարգային նշանակություն ունեցող ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագծին։ 

«Առաջարկում ենք 2023թ․-ից սկսած երեք հաջորդ տարիների ընթացքում ներդնել Հայաստանի  ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգ։

Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից։ Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը․ օրինակ, հարկային գործակալի կողմից գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած այլ տեղեկությունները և այդ հայտարագիրը նախնական տեսքով՝ էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար։

Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում»,- նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է հայտարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ սոցիալական աջակցության կրեդիտների միջոցով, որի շրջանակում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ։

Օրենքի նախագիծը դեռևս պետք է քննարկվի ու քվեարկության դրվի Ազգային ժողովում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել