ՀՀ Կառավարությունն ինչպես և ինչ ծավալով է տեսնում իր դերը գիտության զարգացման գործում [Challenge 21.1 | Գեղամ Ջիվանյան]
19:35 - 08 մայիսի,2021

ՀՀ Կառավարությունն ինչպես և ինչ ծավալով է տեսնում իր դերը գիտության զարգացման գործում [Challenge 21.1 | Գեղամ Ջիվանյան]

Գեղամ Ջիվանյան

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Գիտությունը, գիտության ֆինանսավորումն ու հատկապես պետության վերաբերմունքը գիտությանը անկախ Հայաստանի ամենացավոտ թեմաներից մեկն է։ 44-օրյա պատերազմն էլ իր հերթին ցույց տվեց գիտության անմխիթար վիճակն ու ևս մեկ անգամ ապացուցեց, որ առանց գիտության զարգացման մենք չեն կարող կառուցել մրցունակ և անվտանգ պետություն։ Վերջինս գիտական և գործարար հանրության համար առիթ դարձավ թեման մաքսիմալ հանրայնացնելու՝ կառավարությունից պահանջելով ստանձնել երկարաժամկետ հանձնառություն և փոխել երկրում գիտության նկատմամբ տարբեր իշխանությունների` տարիներով որդեգրած ոչ ռազմավարական մոտեցումները։ Պահանջի շուրջ կոնսոլիդացիայի կենտրոն դարձավ նորաստեղծ «Գիտուժ» նախաձեռնությունը, որի համայնքում արդեն ընդգրկված են մոտ 700 գործարարներ և կազմակերպություններ։

Այս ամենի կոնտեքստում պետք է հիշել փետրվարի 1-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով հանրային լսում-քննարկումը, ինչից հետո կառավարությունը պարբերաբար անդրադարձավ գիտության խնդիրներին ու դրանց լուծումներին։ Սակայն կառավարության գործելաոճը դեռևս նման է, ինչպես ժողովուրդն է ասում, «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»-ին։

Մինչ կառավարության՝ գիտության հանդեպ դրսևորած վերաբերմունքին ու քայլերին անդրադառնալը կատարենք մի փոքրիկ  անդրադարձ գիտության զարգացմանը և դրա մեջ պետությունների դերի կարևորությանը, ֆինանսավորմանը և օգուտներին։  

 

Ինչո՞ւ և ինչպե՞ս է զարգանում գիտությունը

Գիտական հետազոտությունները բավարար չեն առաջընթացի համար. անհրաժեշտ է գիտության, քաղաքականության ու տնտեսության գործակցությունը։ Քաղաքական ու տնտեսական ինստիտուտներն ապահովում են ռեսուրսներ, առանց որոնց գիտական հետազոտությունները գործնականում անհնար են։ Գիտական հետազոտություններն, իրենց հերթին, ստանալով անհրաժեշտ ֆինանսավորումը, մարդկության համար բացում են նոր հնարավորություններ, որոնք ճիշտ կիրառելու դեպքում թույլ են տալիս ձեռք բերել նոր ռեսուրսներ, որոնց մի մասը կրկին ներդրվում է գիտության մեջ։

Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում։ Շատերը համոզված են, որ գիտությունն ու տեխնոլոգիան ունեն մեր բոլոր խնդիրների պատասխանները. պարզապես թո՛ւյլ տվեք, որ գիտնականներն ու տեխնիկական մասնագետներն իրենց գործն անեն, և նրանք երկիրը դրախտ կդարձնեն։ Այնինչ, գիտությունն ինչ-որ տեղ` վերևում, ոգու և բարոյականության բարձր մակարդակներում, կատարվող գործ չէ՝ մարդկային մյուս բոլոր ձեռնարկներից վեր կանգնած։ Մեր մշակույթի մյուս բոլոր մասերի նման գիտությունը ևս ձևավորում են տնտեսական ու քաղաքական շահերը։

Ինչպե՞ս պատահեց, որ միլիարդները կառավարությունից ու բիզնեսների դրամատներից սկսեցին հոսել լաբորատորիաներ ու համալսարաններ։ Ակադեմիական շրջանակներում շատերը դեռ պարզամտորեն հավատում են մաքուր գիտությանը։ Նրանք կարծում են, թե կառավարությունն ու բիզնեսները, մարդասիրությունից դրդված, իրենց փող են տալիս, որ հետազոտեն այն, ինչ խելքներին կփչի։ Այս տեսակետից մեր կառավարությունների պատկերացումները առանձնապես չեն տարբերվում ակադեմիական շրջանակների պատկերացումներից։ Բայց գիտության ֆինանսավորման իրականությունն այլ է։

Որպես կանոն, գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են, քանի որ ինչ-որ մեկը վստահ է, որ դրանք կօգնեն հասնել քաղաքական, տնտեսական կամ կրոնական որևէ նպատակի։

Գիտնականներն իրենք միշտ չէ, որ տեղյակ են, թե քաղաքական, տնտեսական ու կրոնական ինչ շահեր են կառավարում փողի հոսքը։ Շատ գիտնականներ, իսկապես, գործում են՝ զուտ ինտելեկտուալ հետաքրքրությունից մղված։ Բայց քիչ է պատահում, որ գիտնականը որոշի գիտության օրակարգը։

Գիտությունը չի կարող սահմանել իր առաջնահերթությունները։ Գիտությունը նաև ի վիճակի չէ որոշել՝ ինչ անել սեփական հայտնագործությունների հետ։

Կարճ ասած, գիտական հետազոտությունը կարող է զարգանալ միայն գաղափարախոսության հետ համատեղ։ Գաղափարախոսությունն է արդարացնում հետազոտության ծախսերը՝ փոխարենն ազդելով գիտության օրակարգի վրա ու որոշելով, թե ինչպես վարվել հետազոտության արդյունքների հետ։

Հարարիի «Sapiens» գրքի տարբեր հատվածներից մեջբերումները, որոնք վերաբերում են  գիտություն-պետություն՝ տարբեր երկրների ու տարբեր ժամանակաշրջանների կապին, չնայած որոշակի կտրուկ կամ կոշտ ձևակերպումների, շատ լավ ցույց են տալիս, որ պետությունը ունի լրջագույն գործառույթ և պատասխանատվություն գիտության զարգացման հարցում։ Պետության դերը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ․ պետությունը պետք է կարողանա մշակել գիտական քաղաքականության և լինել վերջինիս գլխավոր պատասխանատուն, ինչպես նաև ապահովի պետություն-գիտություն  բազմաշերտ կապի բոլոր օղակների անխափան աշխատանքը։

 

Հետպատերազմյան կառավարությունն ու գիտությունը

Վերադառնանք մեր իրականություն։ Նախ՝ մի քանի փաստ ՀՀ-ում գիտության վիճակի մասին։

  • Գիտության ֆինանսավորումը 26 մլն դրամ է՝ ավելի քիչ, քան մեկ Հերմես ԱԹՍ-ի գինը:
  • Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների՝ 40%-ը, իսկ ղեկավարների 50%-ը կենսաթոշակային տարիքի է։ Այսինքն` նման տեմպերով 2025 թվականին մենք գիտություն այլևս չենք ունենա։
  • 30 տարվա ընթացքում Հայաստանում գիտաշխատողների քանակը յոթնապատիկ նվազել է՝ 1 մլն բնակչի հաշվով աշխարհի առաջատար ցուցանիշներից հասնելով եվրոպական միջինից 2 անգամ քիչ ցուցանիշի:
  • Գիտությունը ՀՀ֊ում ֆինանսավորվում է ՀՆԱ֊ի 0.25%-ի չափով. այս ցուցանիշով մենք համեմատվում ենք Ուգանդայի ու Բուռունդույի հետ:

Սույն տարվա փետրվարի 1֊ին ԱԺ֊ում տեղի ունեցան «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով հանրային լսումներ։ Առաջին անգամ ԱԺ ամբիոնից գործարարը խոսեց գիտության կարևորության և ներկայիս ոչ բավարար վիճակի մասին։ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ առհասարակ չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց գիտական հենքի ապահովել զարգացում, իսկ վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ տարածաշրջանում անվտանգ երկրներից մեկը դառնալու համար մենք ունենք բազմաթիվ անելիքներ։  Բանակի ինտելեկտուալացումը, բանակի ավտոմատացումը այլընտրանք չունեն։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք հենց այս ճանապարհով պիտի շարժվենք առաջ։

Ցավալի է, որ պատերազմը պետք է ցույց տար այն, ինչում վաղուց արդեն կարելի էր համոզված լինել թե՛ սեփական, թե՛ այլոց օրինակներով, և ինչի մասին, արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի անգամ, մենք համոզվում ու արձանագրում ենք նույն բարձրագույն ամբիոնից տարբեր կառավարությունների օրոք։

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոսեց գիտության ու կրթության անբաժան կապից, գիտության դերի կարևորությունից, գիտության վիճակից, գիտնականներից։ Գիտական կադրերից խոսելիս նախարարը նշեց, որ ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանցից շատերը, բարձր գնահատվելով իրենց մասնագիտությամբ, գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում։

Նախարարի՝ առաջին հայացքից անմեղ թվացող հայտարարության մեջ կա մանիպուլյացիա և խնդիրների ռազմավարական լուծումներից խուսափելու հետք, ինչի մասին արդեն խոսել եմ 1in.am֊ին տված հարցազրույցումս։

ԱԺ լսումներից հետո մեդիա դաշտը սկսեց ողողվել գիտության թեմայով։ Տեղի ունեցան բազմաթիվ հանրային քննարկումներ, գրեթե բոլոր հեռուստաալիքների առավոտը սկսվում էր գիտնական հյուրերով։ Անկախ քննարկվող թեմաներից՝ լրագրողները փորձում էին առիթը բաց չթողնել ու խոսել նաև գիտությունից։

23 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գիտության ոլորտի զարգացման հեռանկարները։ Վարչապետը, անդրադառնալով գիտության հարցին, ասաց․ «Ինչպես գիտեք, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Եվ այս համատեքստում, բնականաբար, պատեհ է քննարկել այն մեխանիզմը, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա առիթ է և ոչ թե պատճառ, որովհետև հիմնարար հարցը միշտ գոյություն է ունեցել: Եվ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես՝ բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Այստեղ, թերևս, մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է․ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք: Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է, և մենք այսօր պիտի փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ ու լսել, թե ինչ պատկերացումներ կան ընդհանրապես նման լուծումների մեխանիզմների և հեռանկարների վերաբերյալ: Մի բան ակնհայտ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է կարողանանք հստակ հասկանալի, ձևակերպելի որոշումներ կայացնել ու համոզված լինել այդ որոշումների հետագա արդյունավետության մեջ»: Վերջում վարչապետը հավելեց․ «Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը»։

Ըստ էության, վարչապետն ասաց ոչինչ, հիմնականում կրկնեց այն, ինչ ասում ու կրկնում էին բոլորը տարիներ շարունակ և մասնավորապես՝ վերջին 22 օրերի ընթացքում։ Երևի թե գիտական հանրությունը սպասում էր ավելի գործնական ու հստակ ուղերձների՝ գիտության կարևորության մասին ճառերի փոխարեն։

2 օր անց տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձավ «Գիտուժի»՝ բյուջեի 4%-ի չափով գիտության ֆինանսավորման պահանջին` նշելով, որ չնայած այն բանին, որ իրենք կողմ են գիտության ֆինանսավորման ավելացմանը, և այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց կառավարությունը որդեգրել է մոտեցում, որ որևէ բնագավառում օրենքի մակարդակով որևիցե թիվ չֆիքսվի։ Մեթոդաբանության ընտրությունը նախարարը հիմնավորեց նրանով, որ կա պրակտիկա, երբ օրենքում ֆիքսվել են թվեր, և չի կատարվել այդ օրենքը։

Փաստորեն, ըստ նախարարի, եթե չես կարողանում պլաններդ իրագործել, ապա ավելի լավ է ընդհանրապես պլաններ չկազմել։

Մյուս կողմից, պետք է նշել, որ վերջին 20 տարում գիտության դեպքում մեծամասամբ այդ պահանջը կատարվել է։ 2-3 տարիներ են եղել, որ օրենքի այդ կետի խախտում է եղել, բայց դա եղել է հենց խախտում։

Նմանօրինակ մտքերից մեզ ցրելու համար հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախարարին հարցրեց․ «Կարո՞ղ ենք արձանագրել, որ անկախ նրանից՝ ՀՆԱ֊ով կամ բյուջեի ծախսային մասով կընդգծվի՞, կարձանագրվի՞, թե՞ ոչ, գիտության՝ 2022 թվականի բյուջեն լինելու է շատ ավելի մեծ, քան 2021 թվականինը», ինչին նախարարը տվեց դրական պատասխան։

Նիստի վերջում էլ դրական նոտայով ավարտելու համար  Մխիթար Հայրապետյանը երաշխավորեց, որ առաջիկա հարցուպատասխանի ժամանակ մենք պետք է լսենք երաշխիքներ նաև գործադիր ղեկավարի կողմից առ այն, որ մոտեցումը փոխվելու է գիտության նկատմամբ կոնկրետ քայլերով ու գործողությունների պլանով՝  նշված քայլերի ու պլանների մեջ տեսնելով գիտության՝ հաջորդ տարվա բյուջեի առնվազն մի քանի միլիարդ դրամով ավելացումը։

Մխիթար Հայրապետյանի երաշխավորած՝ գործադիրից պահանջվող երաշխիքներ լսելը երկար սպասել չտվեց։ Մեկ շաբաթ անց տեղի ունեցավ հարցուպատասխան կառավարության հետ, որի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ տեր կանգնելով իր գործընկերոջ՝ մեկ շաբաթ առաջ տված երաշխիքին, նշեց, որ կառավարությունը տրամադրված է էականորեն ավելացնել գիտության բյուջեն՝ կրկին առանց որևէ հստակությունների։ Այնուհետև նշեց, որ 2020-ին 1.5 մլրդ դրամով ավելացել է գիտությանը հատկացվող բյուջեն, ինչպես նաև խոստացավ ամրագրման այլ լուծումներ առաջարկել։ 

Կառավարության տրամադրվածության բարձրաձայնումը շատ կարևոր էր՝ չնայած առանց որևէ հստակ էլեմենտների։ 1.5 մլրդ դրամի մասին լուրն էլ,  իհարկե, ուրախալի էր և ցույց էր տալիս, որ կառավարությունը մինչև պատերազմն ու վերջին ակտիվությունը սկսել էր կարևորել գիտությունն ու քայլեր անել, բայց ուրախությունը լիարժեք դարձնելու համար լավ կլիներ՝ պարոն Ավինյանը նաև նշեր, թե ինչի վրա է ծախսվել այդ 1.5 մլրդ գումարը։ Հարցին պատասխանելու համար փոխվարչապետը կարող էր դիմել «դահլիճի օգնությանը», մասնավորապես՝ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու մասին օրինագծի համահեղինակ Բաբկեն Թունյանին։

Հարցուպատասխանից մեկ շաբաթ անց տեղի ունեցավ հանդիպում «Գիտուժ» նախաձեռնության անդամների և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի, ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և ԲՏԱ փոխնախարար Գոռ Մելիքյանի միջև։ Հանդիպումից ունեցած սխասելիքները առանձնապես չադարացվեցին, ինչին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

ԱԺ մարտի 22֊ի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ կառավարությունն այս տարի մտադիր է գիտության բյուջեն ավելացնել 2.7 մլրդ դրամով։ Իսկ Մխիթար Հայրապետյանը դա համարեց այն կամքի ցուցիչը, որը կառավությունը դրսևորում է գիտության ուղղությամբ։ Խոսք գնաց հաջորդ տարվա բյուջեն 5 մլրդ-ով ավելացնելու մասին, և նշվեց, որ  դա դեռ սահմանը չի։

Անդրադառնալով ավելացվող 2.7 մլրդ դրամին՝ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը Panorama֊ին տրված հարցազրույցում նշեց․ «Գումարի չափը, որի մասին հայտարարեց նախարարը, մեզ չի բավարարել, քանի որ մենք պահանջում ենք այս տարի առնվազն 50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները։ Այս շարժման ողջ իմաստն ավելի շատ գիտությունը զարգացնելու երկարաժամկետ հանձնառություն վերցնելն է»։

Այս գիտական եռուզեռից հետ չմնաց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մարտի 24֊ին  հանդիպելով ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և փոխնախագահ Յուրի Շուքուրյանի հետ։ Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատվեց գիտության կարևորությունը պետության զարգացման և անվտանգության գործում։

ԿԳՄՍ Նախարարի գործունեության 97֊րդ օրը, հավանաբար գիտության հարցի կարևորությունը գնահատելու և հարցին բազմակողմանի նայելու մտադրություններից ելնելով, ինչպես նաև փետրվարի 1֊ին նախարարի հնչեցրած՝ գիտության ու կրթության անբաժան լինելու խոսքից ոգևորված, արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսեց բուհերից ու հատկապես բուհական շենքերից՝ նշելով, որ կա գաղափար՝ բուհական շենքերը վաճառելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու, ու չնայած դա ընդամենը գաղափար էր, ինչը հաստատեց նաև նախարար Դումանյանը 2 օր անց՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետին հաջողվեց  նախարարին իր գործունեության 100 օրը լրանալու կապակցությամբ նվիրել «կես» ասուլիս, իհարկե, նաև իր նախկին գործընկերների շնորհիվ։ Տարված բուհերի շենքերի ճակատագրով՝ լրագրողները մոռացան նախարարին գոնե մեկ հարց տալ գիտության ֆինանսավորման մասին, և նախարարը ստիպված եղավ ինքնուրույն անդրադառնալ այդ հարցին՝ կրկին շեշտելով 2.7 մլրդ ավելացումը և հավելելով, որ միայն ավելացնելը քիչ է, պետք  է լինի հստակ ակնկալիք, որովհետև մենք գումար ենք ներդնում ոլորտ, նաև պետք է վերջնարդյունքի ակնկալիք ունենանք։

Թվում է, թե կառավարությունը վերջապես գիտակցում է իր դերը գիտության հարցում, և որ բացի ֆինանսավորելուց՝ կառավարությունը պետք է ստանձնի նաև գիտության մեջ խնդիրներ ձևակերպողի ու արդյունքներ ակնկալողի դերը։

Ապրիլի 8-ին վերջապես կառավարության նիստում ընդունվեց գիտության բյուջեն 2.7 մլրդ դրամով ավելացնելու որոշումը, և մի փոքր մանրամասնվեց, թե ինչին են ուղղվելու այդ գումարները։

Այսպիսով, վերջին 2 ամիսների իրադարձությունները ամփոփելով, կարող ենք ասել, որ «Գիտուժի» նախաձեռնած արշավը հանրային լայն արձագանք թողեց։ Վերջին երկու ամսվա ընթացքում մեդիայում գիտությունը բավականին մեծ դեր ունի և ամենաքննարկվող թեմաներից մեկն է։

Գրեթե բոլոր  լրագրողները առիթը բաց չեն թողնում խոսելու այդ մասին։ Շուրջ 3 տասնյակ լրատվականներ պարբերաբար անդրադարձ են կատարում թեմային։ Այս ամենը, բնականաբար, անտարբեր չէր կարող թողնել նաև կառավարությանը, ինչում համոզվեցինք՝ անդրադառնալով կառավարության բազմաթիվ արձագանքներին՝ փետրվարից ի վեր։

Չնայած գիտության ֆինանսավորումն այս տարի ավելացավ, եղավ խոստում, որ հաջորդ տարի էլ ավելի շատ է բարձրանալու, ինչին ես անկեղծ հավատում եմ, բայց պետք է կատարենք մի ցավոտ եզրահանգում․ կառավարությունը դեռևս պատրաստ չէ այս հարցում որևէ ռազմավարական լուծման գնալու։ 

Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Կարապետ Մկրտչյանին։ Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել