Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

ԿԸՀ-ն սահմանել է Վեդու ավագանու ընտրությունների անցկացման օրը

ԿԸՀ-ն սահմանել է Վեդու ավագանու ընտրությունների անցկացման օրը

2022 թվականի մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կկայանան: Այս մասին այսօր որոշում է ընդունել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» որոշումները՝ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր է նշանակել 2022 թվականի մարտի 27-ը»:
19:19 - 10 հունվարի, 2022
Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և համայնքում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։
10:10 - 05 հունվարի, 2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:17 - 03 հունվարի, 2022
Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Այդ ծրագրերը չէին իրականացվել համավարակի ու պատերազմի պատճառով։ Դրանց կյանքի կոչման համար կառավարությունը շուրջ 110 մլն դրամ է հատկացրել։ Infocom-ը նախարարությունից հետաքրքրվել է, թե ծրագրերը տարվա ավարտին ինչ փուլում են եւ ինչ առաջընթաց են գրանցել։ Ծրագրերից առաջինով նախատեսվել էր, որ Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի եւ կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Նախանշվել էր, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնը պետք է ունենա տեխնիկական, տեխնոլոգիական եւ բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության եւ մշակութաժամանցային միջավայր: ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ին հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի եւ երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ին տրամադրվել է 58 մլն 579 հազար դրամ: Ներկայումս, նախարարության վստահեցմամբ, իրականացվում են կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2022 թ.-ի գարնանը: Երկրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների եւ սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների համար: Այս նախագծի իրականացման նպատակով «Բյուրական արվեստի ակադեմիա» ՀԿ-ին տրամադրվել է 31 մլն 634.4 հազար դրամ: Լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն ավարտված են: Ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 93 հանդիպում-դասընթաց Բյուրականի եւ հարակից համայնքների մոտ 3059 երիտասարդ-շահառուի մասնակցությամբ:  Նախարարությունից հայտնել են, որ ուսումնասիրվել են ձեռներեցություն, մենթորություն եւ քոուչինք, ստեղծարար մտածողություն, առաջնորդություն, հաղորդակցություն, մարզային զբոսաշրջության զարգացում եւ այլ հմտություններ: Հաշվի առնելով, որ լաբորատորիան բացօթյա է, աշխատանքները կշարունակվեն գարնանը: Երրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ պետք է իրականացներ շուրջ 24 մշակութային միջոցառում՝ նպաստելով հայ եւ օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Պետք է ստեղծվեր համապատասխան միջավայր եւ տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջեւ երկխոսության, համատեղ գաղափարների մշակման եւ մշակութային արժեքների ստեղծման համար: ԿԳՄՍ նախարարությունից, սակայն, Infocom-ին տեղեկացրել են, որ այս նախագծի իրականացումը չեղարկվել է․ ««ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագծի իրականացման համար նախատեսվել է «ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ-ին տրամադրել 4 մլն 792 հազար դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ են առաջացել կենտրոնի ստեղծման գործում, որի պատճառով նախագծի իրականացումը չեղարկվել է»,- հայտնել են գերատեսչությունից: Չորրորդ ծրագրով «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում պետք է իրականացներ «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում: Նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Հզորացիր, հզորացրու» նախագծի իրականացման համար տրամադրվել է 6 մլն դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխումյունների կարգավորման արդյունքում ներկայումս 16-30 տարեկան 27 երիտասարդ մասնակցում է մարքեթինգի, վաճառքի, անձի բրենդավորման, սոցիալական ձեռներեցության, հայ մշակույթի դասընթացներին, բացվել են առցանց հարթակներ, որտեղ ներգրավել են ծրագրի շահառուները: Նշված նախագիծը, նախարարության փոխանցմամբ, դեռեւս իրականացման փուլում է: Հինգերորդ ծրագրով «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում պետք է իրականացներ «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար պետք է կազմակերպվեին դասընթացներ: «Ստեղծարար համայնք» նախագծի իրականացման համար «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ-ին տրամադրվել է 4 մլն 400.3 հազար դրամ: Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ Թալինի եւ հարակից համայնքներից հավաքագրվել է 36 երիտասարդ, իրականացվել են Երիտասարդական ակումբի մասնակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրման, նյութական բազայի ստեղծման եւ վերամշակման, պատմամշակութային կոթողների մաքրման եւ պահպանման աշխատանքներ՝ համայնքային եւ մարզային ոչ ֆորմալ կամավոր խմբերի ներգրավմամբ կատարելով ինֆորմացիոն տեսահոլովակների նկարահանում, երկու պատմամշակութային կոթողների թվայնացում եւ 3 В մոդելավորում: Վեցերորդ ծրագրով նախատեսվում էր Մասիսի Երիտասարդական կենտրոնում իրականացնել «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է:  Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար Մասիսի զարգացման հիմնադրամին տրամադրվել է 6 մլն 408 հազար դրամ: Մասիսի հիմնական եւ ավագ դպրոցներից ծրագրին մասնակցել է 42 դիմորդ: «Ծրագրավորման հիմունքներ» կուրսի ընթացքում նրանք սովորել են ընդհանուր համակարգչային գիտելիքներ, ուսումնասիրել HTML, CSS եւ JavaScript ծրագրավորման լեզուներ, որոնք հնարավորություն են տալու նրանց պատրաստել վեբ կայքեր: Այսպիսով, այս տարվա ապրիլին հայտարարվել էր, որ ՀՀ մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված վեց ծրագրեր կիրականացվեն։ Ծրագրերի մեծ մասն, ըստ էության, իրականացվել են, միայն մեկը՝ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագիծը, չեղարկվել է՝ նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ առաջանալու պատճառով։ Իսկ ահա Վանաձորում եկող տարվա գարնանը, նախարարության վստահեցմամբ, կավարտվեն «ԼՈՖԹ» կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները։ Հինգ ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 107 մլն 21 հազ․ դրամ։ Լուսանկարը՝ pexels.com հարթակից Հայարփի Բաղդասարյան
14:38 - 24 դեկտեմբերի, 2021
Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

2003 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչ Անդրանիկ Թեւանյանը (խոսքը պատգամավոր Թեւանյանի մասին չէ) Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայրի վարձակալության պայմանագիր՝ 10 տարի ժամկետով։ Հետագայում՝ 2013-ին, երբ այդ արոտավայրերն արդեն Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքների հաշվեկշիռներին էին փոխանցվել, այդ համայնքների ղեկավարները երկարաձգել են վարձակալության ժամկետը՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին չի ներկայացրել արոտավայրի վարձակալության համար կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։ Այսպես, 2003 թվականին, Արարատի մարզպետարանը Ա․Թ․-ին 884 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 1 մլն 135 հազար դրամով, 174 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 80 հազար դրամով։  2009թ. հոկտեմբերին վարչատարածքային բաժանման փոփոխության արդյունքում Արարատի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող այդ արոտավայրերը փոխանցվել են Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին: 2013 թվականին վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը եւ Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան երկարաձգել են Ա․Թ․-ի եւ Արարատի մարզպետարանի միջեւ արոտվայրերի վարձակալության վերաբերյալ կնքված պայմանագրերը։ Մասնավորապես, 2013 թվականին վարձակալության պայմանագիրը երկարաձգվել է եւս տասը տարով․ Ա․ Թ․-ն իր լիազորած անձի՝ Լ․ Ս․-ի միջոցով դիմում է ներկայացրել Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ նշելով, որ շարունակում է զբաղվել անասնապահությամբ եւ ցանկություն ունի շարունակել վարձակալության իր իրավունքը։ Դվին եւ Վերին Դվին համայնքների ղեկավարներն էլ, առաջնորդվելով Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ քաղաքացի Ա․ Թ․-ի՝ իրենց հասցեագրած դիմումներով եւ ՀՀ հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով (Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը․ «Վարձակալությամբ տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման եւ պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք»), երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագիրը։  Համայնքապետերը, սակայն, արոտավայրի վարձակալության պայմանագիրը երկարաձգել են այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրերի օգտագործման պլան։ Իսկ այս պահանջը նշված է ՀՀ կառավարության՝ 2011թ․ ապրիլի 14-ի N 389-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը։  Infocom-ը գրավոր հարցումներ էր ուղարկել Վ․ Դվինի եւ Դվինի համայնքապետարաններ, որոնց ի պատասխան՝ համայնքապետարաններից հաստատել էին, որ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել։  Արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման այդ կարգի համաձայն՝ կա արոտային թույլատրելի բեռնվածություն, որն արտահայտվում է մեկ հեկտարի վրա տեղաբաշխվող պայմանական անասնագլխաքանակով։ Համայնքապետարաններից հետաքրքրվել էինք նաեւ՝ Ա․ Թ․-ն ներկայացրե՞լ է արդյոք անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք։ Ի պատասխան՝ Վերին Դվինի համայնքապետարանից պատասխանել են, որ անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը չի պահպանվել։ Վերին Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Միլենա Տամրազովան մեր զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տեղեկանքը միանշանակ եղել է, ինքն այն տեսել է, սակայն, ըստ ամենայնի, կորել է, քանի որ համայնքապետարանում առկա փաստաթղթերում այն չեն գտել։ Իսկ ահա Դվինի համայնքապետարանից այդ փաստաթուղթը չէին կցել հարցման պատասխանին եւ մեր հարցին ընդհանրապես չէին պատասխանել։ Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը մեր զրույցում նույնատիպ պատասխան տվեց՝ հավաստիացնելով, որ Ա․ Թ․-ն տեղեկանք ներկայացրել է, սակայն իրենց մոտ եղած փաստաթղթերի փաթեթում այն եւս առկա չէ։  Անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը կեղծելու դեպքի առիթվ քրեական գործ է հարուցվում, մեկ տարի անց՝ կարճվում Նախորդ տարի՝ 2020 թվականին, արոտավայրը վարձակալության տալու պայմանագրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում ներկայացվել է զեկուցագիր այն մասին, որ Ա. Թ․-ն անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դվին եւ Վ. Դվին համայնքների ղեկավարները, առանց հաշվի առնելու ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 14-ի թիվ 389-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջները, այն է՝ մինչեւ արոտվայրերի օգտագործումը կազմվում է արոտավայրերի օգտագործման պլան՝ հաշվի առնելով արածեցվող կենդանիների թվաքանակը եւ արոտավայրերի բերքատվությունը, եւ 12-րդ կետի պահանջները, ըստ որի՝ արոտային բեռնվածության որոշման նպատակով մեկ պայմանական կենդանու գլխաքանակին տարբեր գյուղատնտեսական կենդանիները հավասարեցվում են կոնկրետ գործակիցներով, Ա․ Թ․-ի կողմից անասուններ ունենալու վերաբերյալ տեղեկանքներ չներկայացնելու պայմաններում 10 տարի ժամկետով երկարաձգել են 2003-ին կնքված պայմանագրի ժամկետը։  Արծրուն Աբրահամյանը, աղբյուրը՝ irates.am Մասնավորապես, Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Ա. Աբրահամյանը 441 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 595,000 ՀՀ դրամ գումար, իսկ Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լ. Պետրովան 574 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 617.915 ՀՀ դրամ գումար: Լյուդմիլա Պետրովան, նկարը՝ ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեսանյութիցԱյս փաստի առթիվ 2020թ. մայիսին ոստիկանության Արտաշատի բաժնում քրեական գործ է հարուցվել, այն ընդունվել է Արարատի մարզային քննչական վարչության վարույթ: Այս տարվա մայիսի 19-ին, սակայն, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Տեղեկանքը կորում է երկու համայնքապետարաններից, չկա նաեւ Քննչական կոմիտեում Վերադառնալով կորած փաստաթղթին՝ նշենք, որ անասնագլխաքանակի վերաբերյալ ենթադրյալ տեղեկանքը, որ պետք է ներկայացրած լիներ Ա․ Թ․-ն, չկա նաեւ Քննչական կոմիտեում։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ քրեական գործի նյութերում չկան Դվինի եւ Վերին Դվինի համայնքապետարաններից առգրավված փաստաթղթերի բնօրինակներ։ Պատասխաններ ստանալու համար ստիպված ենք եղել տասնյակ զանգեր կատարել համայնքապետարաններ։ Բանն այն է, որ մեր գրավոր հարցմանը Դվինից ու Վերին Դվինից նախ պատասխանել էին, թե հայցած փաստաթղթերը համայնքապետարաններում չեն, եւ որ դրանք տրամադրել են քննչական բաժնին։ ՀՀ քննչական կոմիտեից էլ պատասխանում էին, որ քրեական գործը կարճվել է, իսկ իրենց մոտ փաստաթղթեր չկան։ Փորձում էինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունից ճշտել՝ արդյոք քրգործում եղած փաստաթղթերը վերադարձվե՞լ են համայնքապետարաններին, թե՞ ոչ, քանի որ համայնքների ղեկավարները պնդում էին՝ իրենց մոտ չկան փաստաթղթեր։ Մարզային քննչական վարչության քաղաքային հեռախոսահամարներն օրեր շարունակ չէին աշխատում։ Ուստի կապ հաստատեցինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Թադեւոսյանի հետ, որը մեր զրույցում ասաց, որ այդ գործով իրենց մոտ փաստաթղթերի բնօրինակներ չեն եղել, ինչ եղել է՝ քրեական գործի մեջ է, իսկ գործը ՔԿ-ում արխիվացվել է։ Թադեւոսյանը հեռախոսազանգով մեր մյուս հարցերին չպատասխանեց՝ նշելով՝ ինչ կա, պատասխանվել է։ Նորից դիմեցինք համայնքապետարաններ՝ այս անգամ ուղիղ կապ հաստատելով համայնքի ղեկավարների հետ։ Լյուդմիլա Պետրովան եւ Արծրուն Աբրահամյանը մեր զրույցում ասացին, որ որոշ փաստաթղթեր իրենց մոտ կան, դրանք կարող են ուղարկել։ Մեր հարցին՝ իսկ ինչու գրավոր հարցման պատասխանում դրանք չէին տրամադրել, հստակ պատասխան չտրվեց։ Ի վերջո տրամադրեցին համայնքապետարաններում առկա փաստաթղթերը, որոնցում, ինչպես արդեն նշեցինք, բացակայում էին անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքն ու արոտավայրի օգտագործման պլանը։ Համայնքապետերը նաեւ նշեցին, որ իրենք չեն ստացել քրեական գործի կարճման որոշումը։ Համայնքապետարաններից ստացած տեղեկությունների համաձայն՝ 2013-2020 թվականներին Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ն տարեկան վճարել է 595 հազար դրամ, Վ․ Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար՝ տարեկան 617 հազար 915 դրամ։ Այս տարվա վճարը դեռեւս չի արվել։  Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են արոտավայրը վարձակալության տրամադրելու՝ 2003թ․ պայմանագիրը, արոտավայրերի հատակագծերը, Արարատի մարզպետի՝ Դվին գյուղական համայնքի ղեկավարին ուղղված դիմումը՝ արոտավայրի վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին, ժամկետը երկարաձգելու մասին Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ի՝ ամեն տարի վճարած գումարի տեղեկանքները, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Հարցին՝ այլ փաստաթղթեր չկա՞ն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը պատասխանեց՝ ինչ գյուղապետը տրամադրել է, ուղարկել են, եթե չեն ուղարկել, ապա, ըստ ամենայնի, իրենց մոտ այլ փաստաթղթեր չկան։ Վերին Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են մարզպետի դիմումը համայնքապետին, Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Նշենք, որ արոտավայրերը վարձակալության տրամադրելու համար մրցույթ չի հայտարարվել։  Այսպիսով, քաղաքացի Ա․ Թ․-ն 2003թ․-ին Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա արոտավայր վարձակալելու մասին պայմանագիր՝ տասը տարի ժամկետով։ Հետագայում արոտավայրերը փոխանցվել են մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո երկու համայնքների ղեկավարները եւս տասը տարով երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագրերը այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրի օգտագործման պլան, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության որոշմամբ։ ՀՀ քննչական կոմիտեում այս փաստի առիթով նյութեր են նախապատրաստել ու պարզել, որ Ա․ Թ․-ն նաեւ անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել, հարուցել են քրեական գործ, բայց մեկ տարի անց կարճել այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն այդ տեղեկանքը՝ լինի կեղծ, թե իրական, այժմ չկա ոչ Քննչական կոմիտեում, ոչ էլ համայնքապետարաններում։ Համայնքապետարաններից ստացած պատասխանների համաձայն՝ այդ փաստաթուղթը կորել է։ Ընդ որում՝ համայնքապետարաններից հստակ պատասխանում են՝ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել, բայց նույնպիսի հստակությամբ չեն պատասխանում՝ ուր է կորել անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը։ Հայարփի Բաղդասարյան
10:08 - 13 դեկտեմբերի, 2021
Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որի համաձայն ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020 եւ 2021թթ․ հավանության արժանացած եւ իրականացված կամ իրականացման փուլում գտնվղ 36 համայնքների 40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից կհատկացվի 885 մլն 178 հազար դրամ։ 40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են, այժմ առաջացել է պետության ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Նշված ծրագրերից չորսը, ինչպես նշեց ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը, 2020-ին է հաստատվել, 36—ը՝ 2021-ին։ Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն է, որից 885 մլնն է պետության մասնաբաժինը։ Ըստ մարզերի հետեւյալ բաշխվածությունն է․ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 69 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր՝ 241 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 6 ծրագիր՝ 256 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 8 ծրագիր՝ 152 մլն դրամ, Լոռու մարզ՝ 9 ծրագիր, 147 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 3 ծրագիր՝ 18,5 մլն դրամ։ Այս որոշմամբ ակնկալվում է գումարներ հատկացնել շինարարներին։ Ըստ նախարարի՝ ոմանք աշխատանքներն ավարտվել են, ոմանք ավարտական փուլում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ որակի վերահսկման առումով ինչ աշխատանքներ են իրականացվել, եւ որքանով կարող են վստահ լինել, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ մակարդակով են իրականացվում։ Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում կան համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային եւ տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում շինհրապարակներ․ «Ցավոք, պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում էն նախագծային, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, եւ շտկման համար ժամանակ է տրվում։ Եթե նախանշված նորմերը չբավարարվեն, այդ դեպքում շինարարները չեն վճարվի։ Ցավոք, դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկված խողովակ։ Կան դեպքեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ սկսել»,- ասաց Սանոսյանը։ Փաշինյանը ճշտեց՝ այս գումարը, որ հատկացվում է, դրանով վճարում են ստուգած, պատշաճ աշխատանքի համա՞ր, Սանոսյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ վճարում են այն ժամանակ, երբ համոզված են, որ կատարած աշխատանքը նորմալ է։
11:43 - 02 դեկտեմբերի, 2021
«Արարատցեմենտ»-ում դժբախտ պատահարի հետևանքով աշխատակից է մահացել

«Արարատցեմենտ»-ում դժբախտ պատահարի հետևանքով աշխատակից է մահացել

Արարատ քաղաքում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում դժբախտ դեպք է գրանցվել: ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել այն մասին, որ աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել: «Դեկտեմբերի 1-ին, ժամը 11։26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ժ․ Թ․-ն (ծնված 1956 թ․) աշխատանքներ իրականացնելիս ընկել է էլևատորի մեջ: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»,-ասված է հաղորդագրության մեջ:
16:58 - 01 դեկտեմբերի, 2021
Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին

Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ խորին հարգանք հայտնելով իր հայ գործընկերոջը և խաղաղություն, համերաշխություն ու բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը: «Համոզված եմ, որ ավանդաբար բարեկամական հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև հետագայում ևս ամուր հիմք կծառայեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում մոլդովա-հայկական համագործակցության զարգացման համար», - նշել է Մոլդովայի արտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունները կշարունակեն ակտիվ երկխոսությունը երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակի շուրջ:
20:38 - 21 սեպտեմբերի, 2021
Ռուս սահմանապահները Երասխում տեղակայվել են 44-օրյա պատերազմի ընթացքում. ԱԱԾ |azatutyun.am|

Ռուս սահմանապահները Երասխում տեղակայվել են 44-օրյա պատերազմի ընթացքում. ԱԱԾ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ուժերը Երասխում տեղակայվել են դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, հարցմանն ի պատասխան հայտել են Հայաստանի Ազգային անվտանգուըթյան ծառայությունից (ԱԱԾ)՝ մանրամասնելով, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերի «Երասխ» սահմանային հենակետը տեղակայվել է 2020թ. հոկտեմբերի 19-ին։ Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ «Երասխում տեղակայված Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի սահմանային հենակետի կողմից Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանը չի հսկվում»։ «Ազատությունը» նաև հետաքրքրվել էր՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը տեղակայվե՞լ են կամ, ե՞րբ են տեղակայվելու Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու (Վրաստանի հետ սահմանին) մարզերի սահմանային հատվածներում։ ԱԱԾ-ից արձագանքել են, որ այս հարցի վերաբերյալ ԱԱԾ-ում տեղեկություններ առկա չեն։
11:11 - 24 օգոստոսի, 2021