Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:   Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։   Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։ Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ Սիրելի հավատավոր ժողովուրդ,Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների և նրանց իրավունքների վերականգնման, հատկապես գերեվարված հայորդիների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնավոր Տերը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նվաստացումների ենթարկվող, ցավ ու տառապանք կրող մեր գերյալ զավակներին ու նրանց հարազատներին, որոնք նույնպես աղոթակից են մեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում։   Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնությամբ տեղահանվեցին իրենց հինավուրց բնօրրանից, զավթվեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկվում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը, հայկական գյուղեր, գերեզմանատներ ու հուշակոթողներ։ Այսօր միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես կոչ արդարության ու արդարադատության՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, ընդդեմ արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, այլև ընդդեմ Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման և Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման։ Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Այս առումով Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիու Գուտեռեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։   Սիրելիներ, այսօր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքո։ Սակայն քաջ հայտնի է՝ խաղաղությունը հարատև և հաստատուն է, երբ կառուցվում է արդարության և ճշմարտության ամուր հիմքերի վրա։ Այդպիսի խաղաղությունն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկության կյանքում, կանխարգելում ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը և դրանցից բխող աղետներն ու արհավիրքները։ Աստվածաշնորհ ազատության, խաղաղության ու արդարության համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կլռեն ռազմի ձայները, ցավի ու տառապանքի փոխարեն կսփռվեն սերն ու բարիքը։ Լիահույս ենք, որ Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթներին հավատարիմ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների կողմից քայլեր կձեռնարկվեն արցախահայության բնականոն կյանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Հիրավի, ճշմարտության ու արդարության հաստատումով է, որ պիտի ամրապնդվի խաղաղ գոյակցության ու համագործակցության ոգին՝ ի խնդիր հասարակությունների և ժողովուրդների առաջընթացի ու լուսավոր գալիքի։ «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18): Սիրելիներ, գոհունակությամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և միջեկեղեցական կառույցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնյա մեր քույրերն ու եղբայրները նույնպես աղոթք են բարձրացնելու հանուն գերիների ազատ արձակման և գաղթական դարձած հայորդիների իրավունքների պաշտպանության։ Այս առիթով Մեր շնորհակալությունն ենք բերում մեր քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպես նաև, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողությանը միանալու ազնիվ հանձնառության համար։ Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստված, որ խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրյա փորձությունների հաղթահարման համար հավատի ամրություն պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շուտափույթ ազատություն շնորհի գերեվարված մեր բոլոր զավակներին։ Թող Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն ամենքիս հետ․ ամեն։
Այսօր 17:45
Կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին. Գարեգին Բ

Կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: ««Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման։ 2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից մնում է հրատապ խնդիր։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։ «Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։ Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։ ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղոթքների, մասնավորաբար ասել է. «Քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից․․․Ապագան անորոշ է»։ Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստված կառաջնորդի հայ ժողովրդին, և մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղոթքներով․ «Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու աջակցության ցուցաբերումը։«Մենք մնում ենք աղոթական համերաշխության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղված արդար և կայուն խաղաղության՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքների օրենքներին համապատասխան։ ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար»,-ասված է հայտարարության մեջ։
15:44 - 31 հոկտեմբերի, 2024
Հանդիպումներ են կայացել Գարեգին Երկրորդի, Արցախի թեմի առաջնորդի, Արցախի նախագահի ու պատգամավորների հետ

Հանդիպումներ են կայացել Գարեգին Երկրորդի, Արցախի թեմի առաջնորդի, Արցախի նախագահի ու պատգամավորների հետ

Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երևանում։ Հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների, Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև այցելել է Մայր աթոռ և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպումների ընթացքում տեղեկություններ է փոխանցել իրականացված աշխատանքների և ապագա անելիքների վերաբերյալ։ «Եռօրյա հանդիպումների ընթացքում հանձնախումբը, կարևորելով նախորդիվ իրականացված աշխատանքը, գոհունակությամբ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը տարբեր ձևաչափերով բարձրաձայնվել և արձանագրվել է մի շարք պետությունների և միջազգային կառույցների հայտարարություններում։ Այս հանգամանքը հիմք է ստեղծում հանձնախմբի գործունեության երկրորդ փուլի մեկնարկի համար, որը միտված է ամրագրելու և զարգացնելու արձանագրված արդյունքը և ջանքեր գործադրելու վերադարձի իրավունքի շուրջ քննարկումների համար անհրաժեշտ միջազգային բանակցային ձևաչափի ստեղծման ուղղությամբ։ Հանձախմբի կողմից քննարկվել են առաջիկա վեց ամիսներին իրականացվելիք աշխատանքները, որոնք ներառում են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, հանրային և մասնավոր գույքի պաշտպանության, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձիև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կենսական կարևորության այլ ուղղություններ։ Սույն հարցերի ուղղությամբ համադրված գործելու անհրաժեշտության օրակարգով Հանձնախմբի և «Հայաքվե» նախաձեռնության կողմից կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում որին մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի քաղաքական, հասարակական, դիվանագիտական և վերլուծական շրջանակների չորս տասնյակից ավել մասնակիցներ։ Հանձնախումբը վերահաստատել է վերոնշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ բոլոր շահա»,- նշում են ԱՐցախի հանձնախմբից։ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ստեղծվել և լիազորվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։  
09:28 - 23 հոկտեմբերի, 2024
Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը. Վեհափառ

Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը. Վեհափառ

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ նախանձախնդրորեն գործել է իբրև ՀԲԸՄ նախագահ, իսկ այսուհետ պատվո նախագահի նոր հանգամանքով պետք է շարունակի իր նվիրյալ ծառայությունը բերել Միությանն ու հայ ժողովրդին։ Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակությամբ ընդգծեց նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչե Մանուկյանի ազգօգուտ և եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը և հնմուտ առաջնորդությունն ի նպաստ Բարեգործականի առաքելության արգասավորման։ ՀԲԸՄ նախագահությունը ստանձնելու առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց տիար Սեմ Սիմոնյանին։ Անդրադառնալով նոր սերնդի կրթության և տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում տիար Սիմոնյանի նշանակալի ավանդին՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինս նույն նախանձախնդրությամբ ու մեծ փորձառությամբ կղեկավարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ Բարեգործականի ավանդներին, նոր ձեռքբերումներով կպայծառացնի նվիրական հաստատության դարավոր բարի համբավն ու հեղինակությունը։ Իր խոսքում Հայոց Հովվապետը, անդրադառնալով ՀԲԸՄ հայրենաշեն և եկեղեցանվեր գործունեությանը, ի մասնավորի նշեց․ «Բոլոր ժամանակներում, հատկապես մեր ժողովրդի համար ծանր և փոթորկալի իրավիճակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, համաձայն Միության հիմնադիրների տեսիլքի, իր կարելիություններն ի սպաս է դրել ազգիս կարիքավոր զավակների հոգածության ու խնամքի համար։ Միությունը հայության ու հայրենյաց կյանքի անհրաժեշտություններից ելնելով հետագային առանձնակիորեն հետամուտ է եղել գիտական, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների զարգացմանը, Սփյուռք-Հայաստան կապերի սերտացմանը և մեր ժողովրդի ինքնության պահպանմանը»։ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մեծ ներդրում է բերել հայրենիքի առաջընթացին, թե՛ խորհրդային տարիներին և թե՛ անկախ պետականության վերահաստատումից հետո, ինչպես նաև գովարժան ծրագրեր իրականացրել հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շենացման ու զորացման։ «Վերջին շրջանի աղետալի իրադարձությունների պայմաններում Միությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայորդիներին։ Գնահատանքով ենք արձանագրում, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում նախաձեռնություններ ևս իրականացվում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցության, նրա անդամների սիրահոժար հանձնառությունների շնորհիվ»,-նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Միության սատարումով Հայաստանում գործող Հայորդյաց տներում հազարավոր երեխաներ բացահայտում են իրենց ունակություններն ու շնորհները, կրթվում և դաստիարակվում ազգասեր ու հայրենանվեր ոգով։ Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին․ «Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը, որոնք խոչընդոտ են հանդիսանում ի նպաստ հայրենիքի համազգային ներուժի համախմբման, Հայաստան-սփյուռք հարաբերությունների բնականոն զարգացման, առկա լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և ազգային ինքնության պահպանման համար, առաջնահերթություններ, որ մշտապես եղել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեության առանցքում»։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պիտի շարունակի ջանքեր գործադրել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ՝ օգտակար ծառայություններ մատուցելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին ու հայրենիքին։ Վերջում Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Միության Հոգաբարձուների խորհրդի և կենտրոնական վարչության անդամներին, համաժողովի մասնակիցներին ու ներկաներին՝ մաղթելով Բարձրյալի զորակցությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն իր պատվական առաքելության և օրհնյալ ծառայության ճանապարհին։
14:08 - 15 հոկտեմբերի, 2024
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը. Գարեգին Երկրորդ |tert.am|

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը. Գարեգին Երկրորդ |tert.am|

tert.am: Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից. այս մասին Մայր Տաճարի վերաօծման արարողությանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:«Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տրակացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»,- ընդգծել է Վեհափառը:Նա հավելել է, որ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական սիրով, ժողովրդի զորեղ միաբանությամբ  է ամուր մեր հայրենիքը:«Հայրապետական մեր պատգամն է ձեզ՝ հավատավոր հայ ժողովուրդ, պաշտպանենք մեր երկիրն ու սրբությունները, հույսով ու լավատեսությամբ լցվենք մեր կյանքի վերելքին ու առաջընթացին՝ այն խարսխելով արդարության, ճշմարտության, ազնվության վրա, ամենուր մեզանում զորացնենք ազգանվիրումի, եղբայրսիրության, համերաշխության ոգին, մերժենք մեզանից անտարբերությունը, անհանդուրժողականությունը ու քինախնդրությունը, զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից, համախումբ հոգ տանենք մեր հայրենիքին՝ գիտակցելով, որ մեր ինքնիշխան երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի իրագործման»,- ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:
14:19 - 29 սեպտեմբերի, 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում սպասավորող եպիսկոպոսների ժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։   Ողջունելով ժողովականներին` Նորին Սրբությունը ուրախությամբ ընդգծել է, որ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքները ամփոփման փուլում են։  Այնուհետև զեկույցով է հանդես եկել Մյուռոնօրհնության, Մայր Տաճարի վերաօծման և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ ներկայացնելով հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքները։ Տեղեկացվել է, որ սրբազան արարողություններին մասնակցելու են Հայաստանից ու Սփյուռքից բարձրաստիճան եկեղեցականներ, ազգային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող հայորդիներ, Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների պատվիրակներ, պետական, դիվանագիտական, հասարակական, գիտակրթական, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, այլև ուխտավորներ և հյուրեր: Արարողությունների իրազեկման համար պատրաստվել ու հրապարակվել են հոլովակներ, հանրապետության տարբեր շրջաններում տեղադրվել են իրազեկող պաստառներ, հրատարակվել են ճանաչողական գրքեր, հանրամատչելի գրքույկներ և թերթոններ։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ներով Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության առթիվ լուսաբանող հեռուստահաղորդումների կազմակերպման համար։   Անդրադարձ է կատարվել սրբազան արարողություններին հավատացյալ հայորդիների հասանելիությունն ապահովելու նպատակով ձեռնարկված տեխնիկական աշխատանքներին, որի շրջանակներում հասարակական կարգի պահպանության մարմինների հետ կանոնակարգվելու են երթևեկության ու անվտանգության հետ կապված խնդիրները։ Զեկույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարականներ են տրվել թեմակալ առաջնորդներին առավել ջանքեր գործադրել սրբազան արարողություններին ուխտավորների մասնակցությունը դյուրացնելու համար։   Մասնակից եկեղեցականները իրենց ուրախությունն ու գոհունակությունն են արտահայտել սպասվող հոգենորոգ իրադարձությունների առթիվ։ Ժողովը եզրափակվել է աղոթքով: 
15:27 - 12 սեպտեմբերի, 2024
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։ «Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։ Վերջիններիս պատշաճ և արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարևորեց միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առիթով։ Իր հերթին տիար Միգել Մորատինոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ոլորտները՝ պատրաստակամություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակներում շարունակել նպաստել բարձրաձայնված հիմնախնդիրների կարգավորմանը։ Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների և միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։ Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարևորվեց նաև իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների  առաքելության կազմակերպումը, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:15 - 11 սեպտեմբերի, 2024
Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ 2026 թվականից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չի դասավանդվի

Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ 2026 թվականից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չի դասավանդվի

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներին՝ առաջնորդությամբ ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի։   Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:   Հանդիպմանը Հայր Սուրբը շնորհակալություն հայտնել է Վեհափառ Հայրապետին Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանդեպ ցուցաբերած մշտամնա հոգածության և ուշադրության համար՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցնող տարիների ընթացքում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները նվիրումով են իրականացրել իրենց աշխատանքը և նպաստել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի արդյունավետ դասավանդմանը։ Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին տարիների նվիրյալ ու ջանադիր ծառայության համար՝ վերստին անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման կարևորությանը և մատաղ սերնդին ազգային-հոգևոր արժեհամակարգով կրթելու հրամայականին։ Նորին Սրբությունը ցավով արձանագրել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թ.-ից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատել է թեմերում պատանի հայորդիների քրիստոնեական դաստիարակության զորացումը, որին իրենց տարիների հարուստ փորձառությամբ կարևոր ծառայություն կարող են մատուցել ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները։
19:48 - 11 հուլիսի, 2024
Գարեգին Բ-ն շարունակել է կոչեր հնչեցնել Փաշինյանի հրաժարականի մասին․ Պետքարտուղարության զեկույցը

Գարեգին Բ-ն շարունակել է կոչեր հնչեցնել Փաշինյանի հրաժարականի մասին․ Պետքարտուղարության զեկույցը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Միջազգային կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը, որում, անդրադարձ կա նաև Հայաստանին։ Նշվում է, որ 2023թ․ ընթացքում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնյաները շարունակել են մասնակցություն ունենալ քաղաքացիական դիսկուրսի մեջ առանց սահմանափակումների։ «Ըստ մեդիա հրապարակումների՝ Կառավարության և ՀԱԵ-ի հարաբերությունները շարունակել են լինել «կոնֆրոնտացիոն» և երկու կողմերի հրապարակային հռետորաբանությունն էլ եղել է բացասական»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ Առաքելական եկեղեցու պաշտոնյաները հայտարարություններ են արել՝ արտահայտելով ՀԱԵ դժգոհությունը ԼՂ հակամարտության մասով ՀՀ կառավարության գործողությունների, ինչպես նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացը դպրոցական ծրագրից հանելու վերաբերյալ։ «Կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակել է պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասվում է զեկույցում ու հավելելով նշվում Փաշինյանի հայտարարությունը՝ եկեղեցու՝ կուսակցություն հիմնելու մասին։ Զեկույցում անդրադարձ կա նաև հրեական սինագոգների վրա հարձակումներին, ինչպես նաև Հայաստանում կրոնական կազմակերպությունների ու դրանց անդամների հանդեպ վերաբերմունքին։
10:43 - 27 հունիսի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած յոթ նորաօծ հոգևորականների հետ՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնոհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հայցելով Հայոց Հովվապետի հայրական օրհնությունը՝ Մեսրոպ Սրբազանը ներկայացրեց նորաօծ քահանա հայրերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելությունն արդյունավորվում է նվիրյալ հոգևորականների շնորհիվ և պատգամեց նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվեր և անձնազոհ կերպով։ Վեհափառ Հայրապետը նաև հորդորեց նորաօծ հոգևորականներին չընկճվել դժվարությունների և փորձությունների առջև, անմնացորդ նվիրվել իրենց ծառայությանը, կրթել և դաստիարակել հայորդիներին, նրանց մեջ սերմանել հավատքն առ Աստված, սերն առ հայրենին և Սուրբ Եկեղեցին։ Հանդիպման ընթացքում նորընծա քահանա հայրերը ևս իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին Նորին Սրբությանը` խոստանալով արդարացնել Հայոց Հայրապետի հույսերը և անսակարկ ծառայել Երկնավոր Տիրոջն ու հայ ժողովրդին:
09:38 - 17 հունիսի, 2024
Դատապարտելի է, որ իշխանությունը լծվել է  հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը. Մայր Աթոռ

Դատապարտելի է, որ իշխանությունը լծվել է հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը. Մայր Աթոռ

Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների։ Այս մասին հայտարարություն է տարածել Գերագույն հոգևոր խորհուրդը։ «Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։ Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձևավորման՝ հանգեցնելով նաև Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների և մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից և կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով: Իսկ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որ դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով և բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։ Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։ Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը: Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։ Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։ Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը։ Թող Ամենողորմ Տերը համերաշխ ու միասնական պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և հայրենի մեր երկիրը խաղաղ ու անվտանգ ընթացքով առաջնորդի դեպի լուսավոր նոր հանգրվաններ»,- նշվում է հայտարարության մեջ։
13:19 - 13 հունիսի, 2024
Այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները ունեն անհամաչափ արտաքին աջակցություն․ Սերժ Սարգսյանը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին

Այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները ունեն անհամաչափ արտաքին աջակցություն․ Սերժ Սարգսյանը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դատարանի բակում անդրադարձավ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու միջադեպին։  «Այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները վստահ են, որ իրենք ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում»։  Հարցին՝ արտաքին ուժեր ասելով ում նկատի ունի, ասաց․ «Ակնհայտ է, որ առաջին հերթին նկատի ունեմ արևմուտքին, կոլեկտիվ արևմուտքին։ Տրադիցիոն երբեք մեր դաշնակիցները կամ ոչ արևմտյան երկրները որևէ հայտարարություն մեր ներքին կյանքին գրեթե բացառում էին։ Իհարկե, եղել են տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ, բայց ոչ ուղիղ։ Մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք և Եվրոպայի խորհրդի երկրներն են պարտավոր զբաղվել այդ գործով»։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին  Գարեգին Բ-ի և մյուս հոգևորականներիի այցը Սարադարապատի հուշահամալիր, որտեղ նախատեսված էր ՀՀ բարձրագույն ղեկավարության այցը։ Ավելի ուշ Մայր Աթոռից հաղորդագրություն տարածեցին՝ հայտնելով, որ չնայած արգելքներին Վեհափառ Հայրապետը կարողացել է մոտենալ հուշահամալիրին։  Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով միջադեպին ասաց․ «Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով»։ 
16:33 - 31 մայիսի, 2024
Ոստիկանությունը փորձել է ճշտել, թե Վեհափառ հայրապետը եկե՞լ է իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած սադրող գործողությունները շարունակելու․ Նիկոլ Փաշինյան

Ոստիկանությունը փորձել է ճշտել, թե Վեհափառ հայրապետը եկե՞լ է իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած սադրող գործողությունները շարունակելու․ Նիկոլ Փաշինյան

Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով Կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպին։  «Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր: Երբ [Ոստիկանությունից] ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։ Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու մեջ չէ։ Խոսքը այն մասին է, թե նպատակը պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտելն է, թե ոչ։ Էլի եմ ասում՝ նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել էր խոչընդոտելուն միդտված կամ առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց»,- ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին  Գարեգին Բ-ի և մյուս հոգևորականներիի այցը Սարադարապատի հուշահամալիր, որտեղ նախատեսված էր ՀՀ բարձրագույն ղեկավարության այցը։ Ավելի ուշ Մայր Աթոռից հաղորդագրություն տարածեցին՝ հայտնելով, որ չնայած արգելքներին Վեհափառ Հայրապետը կարողացել է մոտենալ հուշահամալիրին։ 
11:19 - 29 մայիսի, 2024